Վստահիր, մուծվիր, շահիր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է նախադեպը չունեցող ծրագիր: «ԱրցախՀԷԿ» ընկերությունը Արցախի բոլոր քաղաքացիներին առաջարկում է դառնալ կառուցվող ՀԷԿ-երի բաժնետեր՝ այսօր ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը: «Ես ինքս մասնակցելու եմ «ԱրցախՀԷԿ»-ի բաժնետոմսերի բաժանորդագրությանը, մասնակցելու եւ իրենց հնարավորությունների չափով բաժնետերեր են դառնալու մեր կոլեկտիվի գրեթե բոլոր անդամները»,- ասաց «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ գործադիր տնօրեն Վահրամ Բեգլարյանը:
Երկու աշխատանքային օրվա ընթացքում «ԱրցախՀԷԿ»-ի գրեթե երեքուկես միլիոն բաժնետոմսերի բաժնետերեր դառնալու հայտ է ներկայացրել մոտ երկու հարյուր հոգի: Դա քի՞չ է, թե՞ շատ: Արդյո՞ք շարքային քաղաքացին կշահի՝ դառնալով ԱրցախՀԷԿ»-ի բաժնետեր, թե՞ ներդնելով իր վերջին գումարները, միայն կնպաստի նոր ՀԷԿ-երի կառուցմանը, որը, ինչ խոսք, նույնպես բարի գործ է սեփական երկրի համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պարզ կդառնան մի քանի տարի հետո: Իսկ այսօր ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալում՝ բաժնետոմսեր վաճառում, այն էլ ոչ թե արտասահմանցիներին (ուզողներ շատ կան), այլ սեփական ժողովրդին, որպեսզի ժողովուրդն էլ շահի, երբ նման հնարավորություն ստեղծվի:
Վ. Բեգլարյանի խոսքով, այս ոլորտում ռիսկերը նվազագույն են, քանի որ էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեցտարի աճում է, արտադրանքի պահանջը անսպառ է, հումքն էլ ՝բավարար: Ճիշտ է, այսօր ընկերությունն ունի ընդամենը մեկ ՀԷԿ, բաց բաժնետոմսերի վաճառքից գոյացած գումարներով կկառուցվեն եւս երկուսը եւ այդ ժամանակ է, որ շահույթ կունենան այսօր բաժնետոմսեր գնողները: Մեկ բաժնետոմսի գինն էլ մատչելի է՝ 1000 դրամ: Իսկ բաժանորդագրվել կարող է յուրաքանչյուր քաղաքացի: Գործընթացն ավելի հեշտացնելու համար Ստեփանակերտում բացվել են սպասարկման կետեր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ներկայանալ անձնագրով, ծանոթանալ բաժանորդագրման ընթացակարգին, լրացնել հայտը եւ դառնալ բաժնետեր: Հետագայում յուրաքանչյուր բաժնետիրոջ կներկայացվի հաշվետվություն՝ կատարվող աշխատանքների եւ ֆինանսական միջոցների ընթացքի մասին:
ԱՐՓԻ ՎԱՆՅԱՆ
Դեպի մեկուսացո՞ւմ
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտորատի առաջարկով, երեկ հանդիպեց բուհի սփյուռքահայ ուսանողներին: Ներկա էին մոտ 50 ուսանող եւ մի քանի դասախոս:
Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ ուսանողությունը կարող է Հայաստան-Սփյուռք կապերը զարգացնող եւ ամրացնող կամուրջ դառնալ, որ իր ղեկավարած կառույցը աշխատում է «Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայի տունն է» սկզբունքով, որ նախարարությունն ամեն ինչ անելու է սփյուռքահայ մասնագետների կարողություններն ու հմտությունները օգտագործելու համար, որ հարկ է մտածել ոչ թե երեւակայական, այլ իրական հայրենիքի մասին: Հրանուշ Հակոբյանը ասաց նաեւ, որ Հայաստան-Սփյուռք նախկին համաժողովների նման համաժողովներ չեն լինելու, երբ «քննարկում ենք ամեն ինչ եւ արդյունքում չունենք ոչինչ»: Լինելու են մասնագետների հավաքներ. առաջինը, ինչպես հայտնի է, հայ ճարտարապետների համաժողովն է՝ այս տարվա ապրիլի 20-25-ին:
Ուսանողները, սակայն, նախարարին հարցախեղդ չարեցին: Հրանուշ Հակոբյանն իր հարցին ի պատասխան տեղեկացավ, որ սփյուռքահայ ուսանողները տեղացիների հետ շփումներում, լինի դա ուսանող, թե դասախոս, խնդիրներ չունեն: Չնայած սրան, այս բուհի ղեկավարությունը առաջարկում է ստեղծել Հայաստանի բոլոր բուհերում սովորող սփյուռքահայ ուսանողների ուսանողական ավան-համալիր՝ գիշերակացով, գրադարանով, մարզասրահով: Այսօր սփյուռքահայ ուսանողները ապրում են սովորական ուսանողական հանրակացարաններում՝ Հայաստանի մարզերի բնակիչ ուսանողների հետ, կամ բնակարաններ են վարձակալում: Եվ, ի դեպ, քիչ չեն տեղացի-սփյուռքահայ ամուսնական զույգերը: Նման մի ընտանիքի հայր՝ սփյուռքահայ ուսանող, հավաքին ներկա էր: Թե սփյուռքահայ ուսանողներին «մեկուսացնելը» որքանո՞վ է նպաստելու Հայաստան-Սփյուռք կապերին՝ չասվեց: Իսկ «չխոսկան» ուսանողների պահվածքից պարզ չէր՝ նրանք ողջունո՞ւմ են այդ գաղափարը, թե՞ ոչ:
Ա. Զ.
Ներկայացվել է 646 խնդիր
Սյունիքի մարզպետի նախորդ տարվա գործունեությունն ու մարզի սոցիալ-տնտեսական վիճակն ամփոփ ներկայացվեց մարտի 10-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կայացած Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստում: Մարզխորհրդի նիստում ներկայացվեց մարզի մի շարք տարածաշրջաններում արդեն սկսված գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը:
«ՀՀ մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգի» համաձայն՝ Սյունիքի 2009-2012թթ. զարգացման ծրագրի կազմման ընթացքի մասին խոսելով՝ նշվեց, որ 646 զարգացման ծրագրեր ու հիմնախնդիրներ են ներկայացվել մարզի համայնքներից: Իսկ դրանց իրականացման համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ կլինի 28.9 միլիարդ դրամ:
Մարզխորհրդի նիստի ամփոփման ժամանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նկատեց, որ նախորդ տարի թերություններ ու բացթողումներ են եղել եւ շեշտեց, որ 2008 թ. մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը ցածր էր: Սուրիկ Խաչատրյանը ներկայացրել է այս տարվա անելիքները՝ համատիրություններ, քաղաքային համայնքների գլխավոր հատակագծեր, աղբից ազատվելու համար շաբաթօրյակների կազմակերպում, գերեզմանոցների բարեկարգում:
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ