Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ

Մարտ 12,2009 00:00

\"\"Մայրաքաղաքամերձ մարզերը չեն շտապում մասնակցել Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին

Փետրվարի սկզբին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ թաղային համայնքների ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն էր կայացել՝ մինչեւ փետրվարի վերջ նախարարություն ներկայացնել «Արի տուն» ծրագրին հարմար ընտանիքների ցուցակը: Հիշեցնենք, որ «Արի տուն» ծրագրով նախատեսվում է այս տարվա մայիս-հոկտեմբեր հատվածում հայկական ընտանիքներում երկու շաբաթով հյուրընկալել սփյուռքահայ 14-25 տարեկան պատանիների եւ աղջիկների: Ենթադրվում է, որ այս ծրագրով Հայաստան կգա մոտ 550-600 սփյուռքահայ: Գալը՝ իրենց միջոցներով: Մնալը, սնվելը՝ հյուրընկալ ընտանիքի, մշակութային միջոցառումները, ժամանցի կազմակերպումը, վերադարձը՝ Հայաստանի Հանրապետության եւ համայնքային իշխանությունների: Այս լայն ընդգրկվածությունն է հիմքը, որ «Արի տունը» համահայկական ծրագիր է համարվում:

Այս թեմայով զրուցեցինք ՀՀ Սփյուռքի նախարարության «Համահայկական ծրագրեր» վարչության պետ Ժենյա Ազիզյանի հետ: Նա տեղեկացրեց, որ փետրվարի վերջի՝ մարտի սկզբի դրությամբ հյուրընկալ ընտանիքների ցուցակ նախարարությանը տրամադրել է միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքը՝ «Այս պահին ամենաշատը՝ 88 հայտ, ամբողջական փաթեթ ներկայացրել է միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքը»: Այլ համայնքներ միայն ցանկություն հայտնած ընտանիքների ցուցակ են ներկայացրել: Ժենյա Ազիզյանը տեղյակ էր, որ Ավան համայնքում այս պահին եւս մեկ անգամ ճշտում-ստուգում են հավակնորդ ընտանիքների ներկայացրած տվյալները: Ըստ ծրագրի՝ սփյուռքահայ երիտասարդները կարող են բնակվել նաեւ մերձերեւանյան չորս մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Կոտայք: Մարզերը դեռ որեւէ ցուցակ չեն ներկայացրել, բայց պատրաստ են ծրագրին մասնակցել: Սփյուռքի նախարարությունը նրանց եւս մեկ վերջնաժամկետ է տվել՝ մինչեւ մարտի վերջ, եւ վստահ է, որ այս ձգձգումը չի ուշացնի «Արի տուն» ծրագրի իրականացումը:

Հենց ընտրվեն ընտանիքները, կսկսվի հյուրերի ընտրությունը: Սփյուռքահայ պատանիների եւ աղջիկների ընտրությանը կմասնակցեն ինչպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, այնպես էլ դրսի հայկական կրթական, հոգեւոր, մշակութային կազմակերպությունները: Նախատեսվում է սփյուռքահային ընդունել մոտավորապես իր տարիքի եւ բացառապես իր սեռի երեխա ունեցող ընտանիքներում: Ժենյա Ազիզյանը հայտարարեց, որ ընտանիքի եւ նրա պոտենցիալ հյուրի ընտրության ժամանակ հաշվի է առնվելու ամեն ինչ. հյուրը սիրո՞ւմ է ընտանի կենդանիներ՝ շուն, կատու, հյուրը ունի՞ ինչ-որ ալերգիաներ, թե՝ ոչ եւ այսպես շարունակ: Այս պահի դրությամբ սփյուռքահայ բազմաթիվ պատանիներ եւ աղջիկներ արդեն պատրաստակամություն են հայտնել մասնակցել այս ծրագրին՝ գալ տուն:

Վերջում Ժենյա Ազիզյանին հարցրինք. եթե լինի անցանկալին, այսքան մանրակրկիտ ընտրությունից հետո, այնուամենայնիվ, հյուրին դուր չգա հյուրընկյալ ընտանիքը, ի՞նչ է լինելու: «Մենք ունենք ընտանիքների մեծ բանակ եւ, վերջապես, մեր նախարարության աշխատակիցների ընտանիքները միշտ պատրաստ են հյուրընկալել սփյուռքահայերին»,- հայտարարեց Ժենյա Ազիզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել