Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել են վերաքննիչ դատարան

Մարտ 12,2009 00:00

\"\"ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Գրիգորյանը երեկ դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Նա, ինչպես տեղեկացրել ենք, իրականացնում էր 15 տարվա ազատազրկման դատապարտված Զավեն Մկրտչյանի պաշտպանությունը:

Եղբայրներ Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները, Հրաչ Սահակյանը եւ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը մեղադրվել եւ դատապարտվել էին ազատազրկման՝ Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով: Այն տեղի էր ունեցել 2005 թ. օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը: Ըստ վերաքննիչ բողոք բերած փաստաբանի, Երեւանի քրեական դատարանը (լուծարումից առաջ վերջին դատավճիռն է եղել- Ռ. Մ.) Մկրտչյանի վերաբերյալ օբյեկտիվ չի եղել: «Գործով անհերքելի ապացույցներ էին ձեռք բերվել, որոնցով անվիճելիորեն հերքված են Զ. Մկրտչյանի կողմից գիշերը՝ ժ.1-2-ն ընկած ժամանակամիջոցում Մ. Մաքոյանին սպանելու եւ խուլիգանություն կատարելու մեղադրանքները»,- իր բողոքում նշել էր փաստաբան Ռ. Գրիգորյանը:

Նախաքննության մարմինը մեղադրանք էր առաջադրել, որ Զավենը առանձին դաժանությամբ ծեծի է ենթարկել Մաքոյանին, ձեռքին եղած դանակով 7 անգամ հարվածել Մաքոյանի կրծքավանդակին, սպանել է նրան:

Փաստաբան Ռ. Գրիգորյանի պնդմամբ, մեղադրական դատավճիռ է կայացվել մեղադրական եզրակացության բառացի մեջբերմամբ: «Զ. Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա իր առաջին եւ հետագա ցուցմունքներում մշտապես պնդել է, որ Մաքոյանին չի ճանաչել, դեպքի օրը նրան ընդհանրապես չի տեսել, չի հանդիպել, չի սպանել եւ որ գիշերը մինչեւ 2 անց 45-ը եղել է ընկերուհու տանը: Ավելին, ընկերուհու հետ գնացել է հացի փուռ, կրպակից գնումներ են կատարել ու վերադարձել է տուն»,- ասում է փաստաբանը: Ի դեպ, այդ ցուցմունքները ճշտվել են, հաստատվել:

Փաստաբանը իր բողոքում նշում է, որ սպանության ժամանակահատվածը (ժ.1-2-ի սահմանները) չի համապատասխանում գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին: Այն «հակասում է անգամ տարրական տրամաբանությանը», ասում է Ռ. Գրիգորյանը: Նա վկայակոչում է «ԱրմենՏելից» ստացված հեռախոսազանգերի պաշտոնական վերծանումները, որով հաստատվում է, որ նախաքննության կողմից մատնանշված սպանության ժամանակահատվածում Մաքոյանը ողջ է եղել, գտնվել է Չեխովի փողոցի 36 շենքի մոտ, անգամ հեռախոսով խոսել է: Դա նաեւ նույն այն ժամանակահատվածն էր, երբ Զ. Մկրտչյանը հանդիպել է իր ընկերուհու հետ՝ Արտաշիսյան 44/3 շենքի 3-րդ հարկում:

7 էջից բաղկացած վերաքննիչ բողոքով փաստաբան Ռ. Գրիգորյանը պահանջում է կայացնել արդարացման դատավճիռ, քանի որ հաստատված չեն խուլիգանության, սպանության մեղադրանքները: Ի դեպ, հիշեցնենք, որ ապացույցների հետ կապված՝ մեկ անգամ Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանը դատավճիռ չի կայացրել, գործն ուղարկել է նախաքննական մարմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել