Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՀԻՄԱ ԱՎԵԼԻ՛ ՆԵՐԿԱ ԵՄ»

Մարտ 12,2009 00:00

\"\"Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը

– Պարոն Մանուկյան, Ձեր հրաժարականից հետո սկսեցին շրջանառվել լուրեր, իբր Հայաստանում չեք. երբեւէ բացակայե՞լ եք հանրապետությունից:

– Ինչպես նախկինում, աշխատանքային գործունեությունից ելնելով՝ սեմինարներ, միջազգային կոնֆերանսներ, ԱՊՀ տնտեսական դատարանի պլենումի նիստեր եւ այլն, այնպես էլ հիմա, ավելի շատ գիտական եւ հասարակական գործունեության ուղղությամբ՝ ես հաճախակի եմ բացակայում Հայաստանից: Այլ բնույթի բացակայություն չի եղել եւ չի էլ կարող լինել: Ընդհակառակը, ես հիմա ավելի ներկա եմ. իմ ներկայության տոկոսը բավականին բարձրացել է որդուս՝ Ալեքսանդրի, վերջերս լույս աշխարհ գալով (ժպտում է):

– Վերջերս լուծարվեցին 2008 թվականից գործող մասնագիտացված քրեական եւ քաղաքացիական դատարանները: Տեղի ունեցան դատավորների տեղափոխություններ, նշանակվեցին նորերը, սակայն Ձեզ չտեսանք որեւէ դատարանի դատավորի պաշտոնում: Հրաժարվե՞լ եք իրավաբանական մասնագիտական գործունեությունից, ի՞նչ մտադրություններ ունեք այդ կապակցությամբ:

– Բնականաբար, ինձ այդտեղ չէիք էլ կարող տեսնել: Հունական իմաստնությունը վկայում է. նույն գետը երկրորդ անգամ չի կարելի մտնել: Բացի այդ, կյանքում գործունեության շատ ավելի հետաքրքիր ոլորտներ կան:

Ինչ վերաբերում է մասնագիտական գործունեությանը, ապա, ընդհակառակը, ես ավելի լուրջ եմ սկսել զբաղվել դրանով: Շուտով պաշտպանելու եմ գիտական թեզս, ինչը պիտի անեի առնվազն տասը տարի առաջ, եթե չլիներ անցած տարիների ծանրաբեռնված աշխատանքը: Նախապատրաստում եմ մի քանի գիտական հոդվածներ, որոնք հիմնականում նվիրված կլինեն դատական իշխանության հիմնախնդիրներին եւ դրանց՝ իմ պատկերացմամբ իդեալական կառուցակարգային մոդելին: Ներկայումս փորձում եմ ակտիվացնել «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության գործունեությունը, որը 1997 թվականից հետո «սառեցվել» էր իմ՝ պետական ծառայության անցնելուց հետո:

– Վերադարձ չե՞ք նախատեսում:

– Ինչո՞ւ եք կարծում, որ ես որեւէ տեղ հեռացել եմ:

– Հայտնի է, որ մասնագիտացված դատարաններ ստեղծելու ճանապարհին դժվարություններ եք ունեցել. նրանք, ովքեր կիսել են Ձեր մոտեցումները, այդ դատարանների լուծարումից հետո պնդում են հակառակը: Հետեւո՞ւմ եք այս գործընթացին, ճի՞շտ էր, արդյոք, դա:

– Այն ռեֆորմը, որը մեր երկիրն իրականացրեց 2007 թվականին, չի կարելի անվանել Հովհաննես Մանուկյանի ռեֆորմ, թեեւ գաղափարների մեծ մասի տակ այսօր էլ պատրաստ եմ ստորագրել: Դրանք նույնչափ Հովհաննես Մանուկյանի ռեֆորմներն էին, որքան Դավիթ Հարությունյանինը, Գեւորգ Դանիելյանինը, դատախազության, կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներինը:

Ես փորձում եմ Ձեզ հիշեցնել նախագահ Քոչարյանի ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի մասին, որի որոշումներով են ձեւավորվել բարեփոխումների հիմնական ուղղությունները: Այնպես որ, մասնագիտացված դատարանների ստեղծման հարցն ինձ համար ամենասկզբունքային հարցերից չէր: Առավել հիմնարար եւ կարեւոր ինստիտուտներ են եղել ինձ համար դատական նախադեպի ինստիտուտը, վերաքննության դերի վերաիմաստավորումը եւ այլն: Ավելին ասեմ, որ արդարադատության որակի տեսանկյունից որեւէ էական տարբերություն չկա՝ գոյություն կունենա՞ն այդ մասնագիտացված դատարանները, թե կլինեն առաջին ատյանի մասնագիտացված դատավորներ: Այ, մեկ այլ հարց ես համարում եմ սկզբունքային եւ եթե իմ կամքը լիներ, ես դա չէի փոխի: Խոսքս վճռաբեկ դատարանի թվակազմի եւ նրա կողմից քննվող գործերի ծավալի մասին է: Այսօր մենք ունեցանք վճռաբեկ դատարան, որը, ըստ էության, վերաքննության դատարան է դարձել:

– Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները նախկին գործընկերների հետ:

– Հարաբերություններս այն անձանց հետ, ովքեր եղել են իմ գաղափարակիցները կամ ում հետ ունեցել եմ ընկերական հարաբերություններ, որեւէ փոփոխություն չեն կրել եւ չեն էլ կարող կրել. նախկինի պես ջերմ են: Իսկ մնացած գործընկերների հետ հարաբերությունները հարգալից են, էթիկայի շրջանակներում: Հիշո՞ւմ եք, դատավորի էթիկայի կանոնները պարտադիր են նաեւ պաշտոնաթող դատավորների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել