Լրահոս
Օրվա լրահոսը

70 տարեկանի սիրտը 20 տարեկան է ուզում

Մարտ 12,2009 00:00

Ամուսնական գործակալություն դիմած պապիկները պնդում են, որ իրենց հարսնացուն լինի շատ երիտասարդ:

«Ամենից հետաքրքիրն այն է, որ գալիս են 70-ն անց պապիկներ եւ ցանկանում, որ իրենց հարսնացուն պարտադիր լինի շատ երիտասարդ՝ տարիքը չգերազանցի 20-ը: Եվ այդպիսի մի ամուսնություն մեզ մոտ գրանցվել է: Ճիշտ է, հարսնացուն ոչ թե 20, այլ 35 տարեկան էր, բայց փոխարենը փեսացուն 77 տարեկան, Գերմանիայում բնակվող հայ էր: Նրանք մեզ մոտ ծանոթացան, մեկ շաբաթում ամուսնացան եւ մեկնեցին Գերմանիա: Հիմա էլ շատ երջանիկ են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Տերյան» մշակութային կենտրոնի ամուսնական գործակալության տնօրեն Լիլիթ Մելիքյանը: Ըստ նրա, ողջունելի է, երբ իրենց դիմում են նաեւ տարեց մարդիկ, ովքեր ուզում են գեղեցկացնել իրենց ծերությունը եւ նույնիսկ այդ տարիքում շարունակում են փնտրել իրենց կեսին: Լ. Մելիքյանի ներկայացմամբ, գործունեության 8 տարիների ընթացքում գործակալության օգնությամբ ընտանիք է կազմել 400 զույգ: Այստեղ տարեկան 100-180 մարդ է գրանցվում՝ իր կողակցին գտնելու հույսով: Ընդ որում, դիմում են 18-ից մինչեւ 80 տարեկան անձինք: Գործակալության միջոցով ամուսին գտնելու համար շատ բան հարկավոր չէ՝ անձնագրի պատճեն, լուսանկար, գումարած 1000 դրամ, եւ բախտը կարող է ժպտալ ձեզ, ինչպես ժպտացել է Սարո եւ Անահիտ Էսկանդարյաններին:

Ի տարբերություն գործակալության միջնորդությամբ ամուսնացած մյուս զույգերի՝ Էսկանդարյաններն առանց բարդույթների մեզ պատմեցին, թե ինչպես են ծանոթացել:

«Յոթ ամիս առաջ էր, երբ Թեհրանից առաջին անգամ եկա Հայաստան: Այստեղ ոչ մի ծանոթ-բարեկամ չունեի, բայց հաստատ որոշել էի, որ իմ ապագա կինը պետք է հայաստանցի լինի: Եվ քանի որ ոչ ոք չունեի, որ ինձ մի լավ աղջկա հետ ծանոթացներ, զանգեցի տեղեկատու, իմանալու, թե Հայաստանում որեւէ ամուսնական գործակալություն կա՞: Նրանք ինձ տվեցին «Տերյան» մշակութային կենտրոնի ամուսնական գործակալության հասցեն, եւ դա ինձ համար ճակատագրական եղավ»,- պատմում է 30-ամյա Սարո Էսկանդարյանը:

Նրա տիկնոջ՝ 27-ամյա Անահիտի պատմելով էլ. «Գուցե դա հիմա անիրական թվա, բայց ընդամենը 3 հանդիպումից հետո մենք որոշեցինք ամուսնանալ: Եթե ուրիշ մեկից լսեի այսպիսի բան, հաստատ խենթություն կհամարեի: Բայց արի ու տես, որ լինելու բանը լինում է»:

Սարոյի խոսքերով՝ իր ապագա կնոջը տեսել է ոչ թե նկարներով, այլ՝ գործակալությունից դուրս գալիս. «Երբ դուռը բացեցի, որ ներս մտնեմ, այդ նույն պահին սեւ աչքերով գեղեցիկ մի աղջիկ դուրս եկավ այնտեղից: Մի ակնթարթ, միայն մի ակնթարթ մեր հայացքները հանդիպեցին: Երբ ներս մտա, նույնիսկ առանց բարեւելու, միանգամից հարցրի աշխատող աղջիկներին, թե ո՞վ է նա»:

«Երբ գործակալությունից ինձ զանգեցին եւ ասացին, որ այսպիսի մի տղա կա Թեհրանից, ուզում է ինձ հետ ծանոթանալ, միանգամից մտածեցի՝ միայն թե ոչ դա: Ես՝ Պարսկաստանո՞ւմ, դա լինելու բան չէ: Բայց ընկերուհիս համոզեց, ասաց, թե քեզանից ինչ է գնում, մի անգամ հանդիպեք, հետո նոր կորոշես: Ես երբեք չեմ երազել ամուսնանալ սփյուռքահայի հետ եւ ապրել հայրենիքից հեռու»,- ասաց Անահիտը:

Ամուսինների պատմելով՝ ամուսնությունից հետո միայն 2 ամիս ապրեցին Թեհրանում, հետո ընդմիշտ վերադարձել են Հայաստան: Նրանք երկուսն էլ շատ ուրախ են, որ իրենց ապագա երեխաները ծնվելու ու մեծանալու են հայրենիքում:

Գործակալության տնօրեն Լիլիթ Մելիքյանի խոսքերով, իրենք միշտ հետաքրքրվում են իրենց ամուսնացրած զույգերի ճակատագրով: Սակայն նրանց մեծ մասը հետագայում խուսափում է խոստովանել, որ հենց ամուսնական գործակալության օգնությամբ են գտել իրենց երջանկությունը:

Դրանում համոզվեցինք նաեւ մենք, երբ գործակալության միջոցով ամուսնացած զույգերին խնդրեցինք պատմել իրենց պատմությունը՝ նրանք հրաժարվում էին խոսել այդ մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել