Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՐԲՈՍՆԱԾ ԹԵՅ ԵՆ ՎԱՃԱՌԵԼ

Մարտ 12,2009 00:00

«Alokozay» ֆիրմային պատկանող ժամկետանց եւ իր մեջ թունավոր նյութեր կրող թեյը վաճառվել է, մինչդեռ «Առավոտը» շուրջ

մեկ տարի առաջ է ահազանգել դրա մասին:

Նախօրեին գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը հայտարարեց, որ ոչնչացրել է «Alokozay» ֆիրմային պատկանող 16 տոննա ժամկետանց թեյ: Տեսչության իրավական ապահովման եւ տեղեկատվության բաժնի պետ Սուսաննա Մինասյանը խոստովանել էր, որ այս թեյերը նրանք հայտնաբերել են դեռեւս անցած տարվա մայիսին, սակայն այսքան ժամանակ դրա օգտահանելու ելքեր չեն գտել, ուստի ստիպված են եղել դրանք ոչնչացնել: Բաժնի պետի խոսքերով, թեյերի լաբորատոր հետազոտության ընթացքում պարզվել է, որ տվյալ բնահումքի մեջ մեծ քանակությամբ բորբոսասնկեր են հայտնաբերվել, ինչը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար:

Նշենք, որ «Առավոտը» այս թեյերի ժամկետանց լինելու մասին ահազանգել է դեռեւս անցած տարվա մարտին (22.03.08, «Ժամկետանց թեյն ակցիայով են վաճառում»):

Մասնավորապես նշել էինք, որ հանրապետության մի շարք խանութներում «Alokozay-Tea»-ը վաճառվում էր ակցիայով, այսինքն՝ իր իրական արժեքից խիստ ցածր գնով: Թեյի 100 հատանոց տուփը վաճառվում էր ընդամենը 350 դրամով: Թեյի ժամկետանց լինելը կեղծվում էր տուփին նշված իրական ժամկետի վրա կարմիր պիտակ փակցնելով, որի վրա նոր՝ «թարմ» ժամկետ էր նշված, ըստ որի՝ թեյը օգտագործման համար պիտանի էր մինչեւ 2009 թվականի դեկտեմբեր ամիսը: Մինչդեռ գործարանային ժամկետը լրացել էր նոր նշված ժամկետից 2 տարի առաջ: Ժամկետանց ապրանքները հիմնականում վաճառվում էին քաղաքի ծայրամասային խանութներում եւ գյուղական համայնքներում: Նկատենք, որ այն ժամանակ, երբ մեր թերթը նման խնդիր էր բարձրացրել թեյի ներկրմամբ զբաղվող «Հարդ Լայթս» ընկերությանը՝ որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Ընկերության պատասխանատուները մեզ հետ զրույցում հայտարարել էին, որ իրենք ոչ մի կապ չունեն խանութներում վաճառվող ժամկետանց թեյերի հետ եւ մեղքը բարդեցին «օպտավիկների» վրա, որոնք իբր ընկերությունից շատ շուտ էին թեյերը գնել: Սակայն նշենք, որ տեսչությունը մեծ քանակությամբ ժամկետանց թեյերը հայտնաբերել էր հենց ընկերության պահեստում: Սա մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ «Հարդ Լայթսից»: Ընկերության մարկետինգի եւ գովազդի գծով ղեկավար Լիլի Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ինչ վաճառել՝ վաճառել էինք: Մնացածը մեր պահեստում էր դրված, որն էլ օրերս ոչնչացրին: Մենք ունենք այլ լաբորատոր հետազոտություն, որտեղ նշված է, որ մեր թեյերում բորբոսասնկեր չկան: Իսկ տեսչության ներկայացրած փաստաթղթում ասվում է, որ կան»: Մեր հարցին, թե տեսչության լաբորատոր ստուգումները ձեզ հավատ չե՞ն ներշնչում, նա պատասխանեց. «Չգիտեմ, բայց շատ էլ հնարավոր է»: Մեր այն հարցին, թե իրենց ընկերությունը ապրանքի անորակ եւ ժամկետանց լինելու պատճառով որեւէ տույժի կամ տուգանքի ենթարկվե՞լ է, Լ. Ստեփանյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ մի տույժ- տուգանքներ չկան: Մենք չէինք կարող ժամկետանց ապրանք ներմուծել: Երբ արդեն ժամկետներն անցել են, մենք դրանք չենք առաքել: Հիմա էլ պահեստում թեյ չունենք»:

Հակառակ դրան՝ Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը «Առավոտին» ասաց, որ «Հարդ Լայթսին» իրենք ենթարկել են տուգանքի՝ 100 հազար դրամի չափով, ինչպես նաեւ ստիպել են ժամկետանց թեյերը ոչնչացնել իրենց միջոցների հաշվին: Նրա ներկայացմամբ, իրենք անցած տարի ժամկետանց թեյերը հայտնաբերել են հենց ընկերության պահեստում, որից հետո ուղարկել են լաբորատոր փորձաքննության, ինչից էլ պարզվել է, որ «Alokozay-Tea»-ը պիտանի չէ օգտագործման համար. «Ամբողջ խմբաքանակը՝ 5 ապրանքատեսակ, ոչնչացվել է»: Մեր այն դիտարկմանը, որ ներկրող ընկերությունն արդարանում է նրանով, որ մաքսակետում իրենց չէին թողնի ժամկետանց ապրանք ներկրել, պարոն Բաղիյանը պատասխանեց. «Մատակարարը պետք է հաշվի առներ ապրանքի ժամկետները՝ նոր ներկրեր: Եթե ապրանքը դեռ պահեստում ժամկետանց է, ապա մեղավորն իրենք են»: Այն հարցին, թե ի՞նչ վնասներ կարող են հասցնել տվյալ թեյում հատնաբերված բորբոսասնկերը, տեսչության պետն ասաց. «Տհաճ երեւույթներ, փորլուծություն, թունավորում: Եթե այն լաբորատորիայի կողմից անօգտագործելի է համարվել, ապա պետք է ոչնչացվի»: Իսկ թե հատկապես ինչ բորբոսասնկեր են հայտնաբերվել, պարոն Բաղիյանը չմանրամասնեց, ասաց միայն, որ այնպիսիք էին, որոնք վնասակար են մարդկանց առողջության համար:

Որոշ մասնագետներ էլ մեզ հետ զրույցում ասացին, որ, հավանաբար, ընկերության պահեստի պայմանները բավարար չեն եղել, ուստի խոնավության հետեւանքով էլ առաջացել են այդ բորբոսասնկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել