Լրահոս
Օրվա լրահոսը

Երիցյանը դարձավ հանրապետական

Մարտ 12,2009 00:00

\"\"Նորաթուխ հանրապետական, Արաբկիրի թաղապետ Ալբերտ Երիցյանը կաշխատի հօգուտ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի:

Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերն է համալրել Արաբկիրի նորընտիր թաղապետ, նախկինում անկուսակցական Ալբերտ Երիցյանը: Պարոն Երիցյանի՝ հանրապետական դառնալը թերեւս իր հստակ պատճառներն ունի: Բանն այն է, որ անկուսակցական Երիցյանը թաղապետ ընտրվեց հենց հանրապետականների «դաբրոյով», իսկ մայիսին կայանալիք քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի՝ ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համար Արաբկիր համայնքում ձայներ ապահովելու գործը դրվել է Ա. Երիցյանի ուսերին: Եվ որպեսզի նա իր առաքելությունը սրտացավորեն կատարի, ՀՀԿ-ն որոշել է թաղապետին հանրապետական կարգել:

Մեր տեղեկություններով, հանրապետական դառնալուց ընդամենը մի քանի օր հետո հանրապետականների Արաբկիրի տարածքային գրասենյակում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որտեղ քվեարկությամբ ՀՀԿ-ի տարածքայինի նախագահ է ընտրվել Ա. Երիցյանը: Նշենք, որ այդ պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: Պարոն Շահինյանն այդ պաշտոնից հրաժարական տալը պատճառաբանել է աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հ. Շահինյանի նման պատճառաբանությունը խորհրդի անդամների մեջ մեծ զարմանք է առաջացրել, քանի որ ընդամենը երկու շաբաթ առաջ տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ նա մեծ ոգեւորությամբ իրենց հետագա անելիքներն ու ծրագրերն է ներկայացրել:

Նշենք, որ պարոն Երիցյանից բացի, խորհրդի նախագահի պաշտոնին հավակնել է նաեւ «Երեւան ջուր» ընկերության Արաբկիր-Զեյթուն տարածքային մասնաճյուղի տնօրեն Գագիկ Մխիթարյանի եղբայրը՝ Արայիկ Մխիթարյանը: Եվ չնայած այն հանգամանքին, որ Ա. Մխիթարյանը հանրապետական է դեռեւս 1999 թվականից, սակայն ՀՀԿ-ն նախապատվությունը տվել է թաղապետին: Թաղապետն էլ, ժամանակ չկորցնելով, անմիջապես անցել է գործի: Մեր տեղեկություններով, պարոն Երիցյանը թաղապետարանի ենթակայության տակ գտնվող մսուր-մանկապարտեզներից, մարզադպրոցներից պահանջել է ներկայացնել ցուցակ, թե այդ հիմնարկների աշխատակիցներից ով ինչ կուսակցական պատկանելություն ունի: Բացի այդ, թաղապետը իր վարած խորհրդի նիստի ժամանակ խոստացել է «իր մեծ բանակով եւ խորհրդի անդամների օգնությամբ» աշխատել հանրապետականների համար եւ հօգուտ Գագիկ Բեգլարյանի՝ 15-20 հազար ձայն ապահովել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել