Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը վիրավորվում է ընտրողաբար

Մարտ 12,2009 00:00

\"\"Դա հստակ դարձավ նաեւ «Յոթի» գործով դատական երեկվա նիստում

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվեց «Յոթի» գործով դատական նիստը, թեեւ դեռ նախորդ օրն էր պարզ, որ այդ դատական նիստն էլ է նախորդի նման հետաձգվելու: Հիշեցնենք, որ մարտի 10-ին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատարանին գրությամբ տեղեկացրել էր, որ ինքը մեկ այլ գործով մարտի 11-13-ը նշանակված դատավարության մասնակցելու նպատակով մեկնում է Ախալցխա, ուստի խնդրում է «Յոթի» գործով նիստը հետաձգել: Մարտի 10-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը փաստաբանի ներկայացրած գրությունը, ի գիտություն ընդունելով հանդերձ, նրա բացակայությունը համարել էր «ինքնուրույն» եւ ոչ պատշաճ կարգով ներկայացված բացատրություն ու դատը հետաձգել էր ընդամենը մեկ օրով, միաժամանակ նախազգուշացնելով, որ փաստաբանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել:

Երեկ դատավորը դատական հերթական նիստը սկսեց նրանով, որ ոտքի չկանգնելու՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար սանկցիա կիրառեց դատարան բերված միակ ամբաստանվող Գ. Ոսկերչյանի նկատմամբ՝ էլի սահմանափակվելով միայն նախազգուշացմամբ: Ամբաստանվողի նկատմամբ դատավոր Մարտիրոսյանի այս հետեւողական «ներողամտությունը» արդեն մի քանի նիստ է, ինչ հարուցում է դատարանի դահլիճում ներկաների զարմանքը. «Ուզում ա՝ վիրավորվում ա, չի ուզում՝ չի վիրավորվում»: Բանն այն է, որ ՀՀ Քր. դատ. օր.-ի 314 պրիմ հոդվածով, որը դատավորը հաճախ է վկայակոչում, նրան իրավունք է վերապահված ամբաստանվողին նույնիսկ երկրորդ նախազգուշացումն անելու պարագայում նրան պարզապես հեռացնել նիստերի դահլիճից: Բայց Մ. Մարտիրոսյանը, ի տարբերություն նախորդ անգամների, ձեռնպահ է մնում դա կիրառելուց:

Մեղադրող Կորյուն Փիլոյանը հայտարարեց, որ հակառակ պաշտպանի նախորդ օրը ներկայացրած պատճառաբանության, թե նա Հայաստանում չի լինելու, մեղադրող կողմը տեղեկություններ ունի, որ Ստ. Ոսկանյանը մարտի 10-ին հանրապետության տարածքում է եղել եւ երկրի սահմանը հատել է միայն մարտի 11-ին, ժամը 07:40-ին: «Գտնում եմ, որ նրա՝ նման վարքագիծը հարիր չէ գործող օրենսդրությանը եւ փաստաբանի վարքագծի կանոններին, ուստի միջնորդում եմ նրա նկատմամբ կիրառել անհրաժեշտ միջոցներ»,- հայտարարեց դատախազը:

Դատավորը կրկին անտեսեց Գ. Ոսկերչյանի՝ հայտարարություն անելու ցանկությունն ու անցավ խորհրդակցական սենյակ՝ Կ. Փիլոյանի միջնորդությունը քննարկելու եւ որոշում կայացնելու համար: 20 րոպե անց դատավոր Մարտիրոսյանը հրապարակեց իր որոշումը: Մ. Մարտիրոսյանը, համարելով, որ պաշտպանը առանց պատշաճ հիմքերի եւ դատարանի թույլտվության բացակայում է դատական նիստից, ինչը դատական նիստի բնականոն ընթացքի խոչընդոտ եւ անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ, որոշեց նրա նկատմամբ սանկցիա կիրառել՝ միջնորդելով Փաստաբանների պալատին պատասխանատվության ենթարկել Ոսկանյանին:

Դատական նիստը էլի հետաձգվեց մինչեւ այսօր, թեեւ դարձյալ պարզ է, որ այդ նիստին պաշտպանը էլի չի ներկայանալու: Դատավորը կարդաց իր որոշումը ու հեռացավ դահլիճից՝ էլի թույլ չտալով, որ Ոսկանյանի պաշտպանյալն ու պաշտպան Հովիկ Արսենյանը այդ որոշման վերաբերյալ հայտարարություն անեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել