Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՆ ՆԱԵՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ

Մարտ 12,2009 00:00

Պաշտոնանկ արված դեսպանորդի քաղաքական քայլի հետեւանքները շարունակում է կրել նրա կինը, որին զրկում են աշխատելու հնարավորությունից:

Այս պատմության սկիզբը սովորական է: 2005-ի հուլիսի 1-ից Ռազմիկ Խումարյանը, որ մինչ այդ ԱԳՆ ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատարն էր, նշանակվեց Ուկրաինայում եւ Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար: Եվ նրա կինը՝ Արուսյակ Շահբազյանը, որ Ազգային ժողովի աշխատակազմի Տարածքային քաղաքականության վերլուծության վարչության տեղական ինքնակառավարման բաժնի գլխավոր մասնագետն էր՝ գրեց աշխատանքից ազատվելու դիմում, որտեղ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանին նաեւ խնդրել էր իրեն թողնել կադրերի տրամադրության տակ եւ հնարավորություն տալ ամուսնու գործուղման ժամկետի ավարտից հետո վերականգնվել համարժեք պաշտոնում՝ համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 47 հոդվածի 1-ին կետի: Ըստ դրա՝ «Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի ամուսինն օտարերկրյա պետությունից վերադառնալուց հետո վերականգնվում է աշխատանքի պետական հիմնարկներում եւ զբաղեցնում է պաշտոն՝ մինչեւ օտարերկրյա պետություն մեկնելը ստացած աշխատավարձից ոչ պակաս աշխատավարձով, եթե օրենքով այլ բան սահմանված չէ»: Եվ ԱԺ աշխատակազմի ղեկավարի 2005 թ. հունիսի 29-ի թիվ 479 հրամանում (տես՝ նկարում) այդպես էլ գրվեց, թե Արուսյակ Շահբազյանն ազատվում է պաշտոնից «մինչեւ 3 տարի ժամկետով՝ հետագայում համարժեք աշխատանքի վերականգնելու պայմանով»:

Ըստ ամենայնի՝ այդպես էլ կլիներ, եթե 2008-ի փետրվարի 23-ին Ռազմիկ Խումարյանը փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանի եւ դեսպաններ Ռուբեն Շուգարյանի ու Լեւոն Խաչատրյանի հետ հանդես չգար հայտնի հայտարարությամբ, որտեղ իրենց մտահոգությունն էին հայտնում Հայաստանում ստեղծված իրավիճակով՝ համոզմունք արտահայտելով, որ «միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջեւ առկա մարտահրավերներին եւ էականորեն բարձրացնել Հայաստանի միջազգային վարկը, մեր աջակցությունն ենք հայտնում իր ազատության, արդար ընտրության իրավունքի պաշտպանության եւ Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին»: Ու նաեւ կոչ էին արել «զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»: Այս հայտարարությունից հետո նրանք պաշտոնանկ արվեցին եւ զրկվեցին դիվանագիտական աստիճաններից:

Հայաստան վերադառնալուց հետո Ռազմիկ Խումարյանի կինը 2008թ. հունիսին գրավոր դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ իրեն համարժեք աշխատանքի վերականգնելու խնդրանքով: Եվ դրանից հետո սկսվեց մի գործընթաց, ինչի կապակցությամբ Արուսյակ Շահբազյանը նոյեմբերի 7-ին բողոք հասցեագրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ հայցելով նրա միջամտությունն իր իրավունքները վերականգնելու հարցում: «Ի պատասխան իմ բազմաթիվ հարցումների՝ Հ. Քոթանյանը եւ ԱԺ կադրերի կառավարման վարչության պետ Վ. Խաչատրյանը հորդորում են սպասել՝ հրաժարվելով գրավոր պատասխանել իմ դիմումին,- բողոքել էր Արուսյակ Շահբազյանը:- Նման պահվածքն ինձ հիմք է տալիս կարծելու, որ ԱԺ ղեկավարությունը բնավ մտադիր չէ բավարարել դիմումս, ինչն, ըստ իս, կապված է ամուսնուս՝ Ռազմիկ Խումարյանի անձի հետ»: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ հիմք ուներ իր այդ համոզմունքը՝ իրեն այդ մասին ասվե՞լ է, որ պատճառն ամուսնու ընդդիմադիր կեցվածքն է՝ տիկին Արուսյակը պատասխանեց. «Ոչ, ինձ ոչ ոք ոչինչ չի ասել: Բայց այդպես եմ կարծում, քանի որ ուրիշ պատճառ չունեին ինձ մերժելու: Եվ բացի այդ՝ անձնապես ինձ չեն էլ մերժել: Ինձ ընդհանրապես գրավոր չեն պատասխանել, թեեւ պարտավոր էին դա անել մեկ ամսվա ընթացքում: Փորձում էին խաբել, թե նամակով մի դիմի՝ դրա կարիքը չկա, մենք քեզ կվերականգնենք, ուղղակի տեղ չկա, հենց լինի՝ քեզ կկանչենք: Նաեւ ասում էին, թե ԱԺ նախագահը աշխատակազմի հարցերով չի զբաղվում: Շատ ձգձգվեց, դրա համար դիմեցի ՄԻՊ-ին: ԱԺ-ից նրան պատասխանեցին եւ այդպես իմացա, որ ինձ մերժում են վերականգնել»:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը 2008-ի դեկտեմբերի 25-ին ՄԻՊ-ին հղված պատասխանում, անդրադառնալով օրենքի վերոհիշյալ հոդվածին, գրել էր. «Տվյալ դրույթից անմիջականորեն բխում է, որ պետական հիմնարկներում աշխատանքի վերականգնվում է օտարերկրյա պետությունից վերադարձած դիվանագետի ամուսինը, մինչդեռ Արուսյակ Շահբազյանի ամուսինը՝ Ուկրաինայում եւ Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ-լիազոր նախարար Ռազմիկ Խումարյանը ԱԳ նախարարի 2008թ. փետրվարի 25-ի թիվ 2/162-Ա հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից»: Ըստ նրա, երբ Արուսյակ Շահբազյանը դիմել էր աշխատանքի վերականգնվելու հարցով՝ նրա ամուսինն այլեւս դիվանագետ չէր:

Արմեն Հարությունյանը չի համաձայնել այս փաստարկին եւ փետրվարի 20-ին որոշել է մարդու իրավունքների խախտում տեսնել ԱԺ աշխատակազմի արդեն նախկին ղեկավարի գործողությունների մեջ: Ըստ ՄԻՊ-ի՝ Հայկ Քոթանյանի մեկնաբանությունը փոխել է օրենքի հոդվածի իմաստը, որն է՝ «աշխատանքի վերականգնվում է ոչ թե օտարերկրյա պետությունից վերադարձած դիվանագետի, այլ դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի ամուսինը»: Արմեն Հարությունյանն այս որոշման մեջ նաեւ առաջարկել է ԱԺ աշխատակազմի ներկա ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին՝ վերականգնել Արուսյակ Շահբազյանի իրավունքները:

Սակայն Գեղամ Ղարիբջանյանը երեկ «Առավոտին» հայտնեց. «Խնդիրը ծագել է «Դիվանագիտական ծառայության մասին» եւ «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքների տարբեր մեկնաբանությունից: Հակասություններ կան այդ օրենքների միջեւ: Մենք Մարդու իրավունքների պաշտպանի նամակին պատասխանում ենք՝ մեր պատասխանի մանրամասները կարող եք իրենից ստանալ»:

Ըստ այդմ՝ այժմ էլ ընդդիմադիրի կնոջն աշխատանքի չվերականգնելը պատճառաբանելու են օրենքների հակասություններով: Այս նոր դրդապատճառի վերաբերյալ Արուսյակ Շահբազյանն ասաց. «Նախ՝ եթե օրենքում հակասություն կար, թող սկզբում հրամանի մեջ չնշեին, որ ազատվում եմ աշխատանքից՝ հետագայում վերականգնելու պայմանով: Հետո՝ եթե նույնիսկ իրոք կա հակասություն՝ ինչո՞ւ է այն մեկնաբանվում ի վնաս քաղաքացու: Ես ուղղակի համոզված եմ, որ վարչակարգը ցանկացա՛ծ պատրվակով ինձ այդ կառույցում աշխատանք չէր տա: Ինձ թվում է, այս հարցը ո՛չ Քոթանյանն էր որոշել, ո՛չ էլ Ղարիբջանյանն է որոշում: Ինչպես մի ժամանակ էլ Վարդան Օսկանյանը չորոշեց՝ հրաման տա՞լ, թե՞ ոչ: Եթե իրեն մնար՝ դժվար թե դիվանագետներին ազատեր աշխատանքից»:

Ըստ Արուսյակ Շահբազյանի՝ այս ընթացքում ապարդյուն են եղել նաեւ այլ աշխատանքի անցնելու փորձերը, որոնք ավարտվել են, երբ տեղեկացել են, թե ով է նրա ամուսինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել