Երեկ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հերքել իր հրաժարականի մասին լուրերը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել էր խորհրդարան, որտեղ խմբակցությունների ներկայացուցիչները նրան դիմավորել են «գրկաբաց»: Ըստ ամենայնի, այս «կոնսուլտացիան» կազմակերպված էր մեկ նպատակով՝ իշխանությունը ուզում էր ապացուցել, որ հրաժարականի խնդիր չկա, որ կառավարությունը աշխատում է եւ որեւէ մեկի մտքով չի անցնում նրանից հրաժարական պահանջել: Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիներին եւս ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էին տարածվում, որ վարչապետը հրաժարական է տալու, եւ նման մի հերթական հանդիպման ժամանակ երբ նրան հարցրի՝ ճի՞շտ է, որ հրաժարական է տալու, Անդրանիկ Մարգարյանը ուղղակի ասաց. «Չհոգնեցի՞ր իմ հրաժարականին սպասելով, վարչապետ նշանակվելուս առաջին օրից էդ հարցն ես տալիս, չի լինելու»: Այդպես նա պաշտոնավարեց 7 տարի:
Այսօրվա վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս երեկ հերքել է իր հրաժարականի մասին լուրերը, եւ պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է. «Մեր կոնսուլտացիաները կոալիցիա կազմող կուսակցությունների հետ ունեն մշտական եւ պարբերական բնույթ, եւ մենք մշտապես այս ավանդույթը պետք է պահպանենք, հաճախակի հանդիպենք եւ պարզաբանումներ տանք իրենց ընթացիկ իրավիճակի մասին, այս կամ այն ոլորտում մեր կողմից իրականացվող ծրագրերի մասին: Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ սա օգտակար միջոցառում է, եւ այսօրվա հանդիպումն էլ նվիրված էր ընթացիկ սոցիալ-տնտեսական իրավիճակին, առաջացած խնդիրներին, թե ինչպես ենք հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները»: Իր «հրաժարականի» մասին հարցին պատասխանելով՝ Տիգրան Սարգսյանն ասել է. «Արձագանքները եղել են (նախագահականը նախորդ օրն արդեն հերքեց տարածված լուրերը- Մ. Ե.), դուք տեղյակ եք այդ արձագանքներին»: Ի պատասխան հարցի՝ ինչո՞ւ հանդիպում չի եղել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության հետ, վարչապետն ասել է. «Իրենց հետ էլ կլինի, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում»: Բյուջեի վերանայմանը վերաբերող հարցը համարել է «վաղաժամ» եւ հավելել. «Կառավարությունը հայտարարել է, որ օրենսդրությունը կառավարությանը տալիս է որոշակի ճկունություն, ես դրա մասին հայտարարել եմ մարտի 5-ին: Մենք օրենսդրության այդ հնարավորությունից այսօր օգտվում ենք, իրականացնում ենք ծախսերի վերաբաշխում ըստ եռամսյակների, առաջին եռամսյակում մեր վարքագիծը լինելու է խիստ տնտեսման ռեժիմով աշխատելը, իրականացնել առաջնահերթ նշանակության ծախսեր, իսկ կապիտալ եւ ոչ առաջնային նշանակության ծախսերը հետաձգել վերջին եռամսյակ: Կախված նրանից՝ ինչպիսի տնտեսական աճի ցուցանիշներ կունենանք, ապագայում կկողմնորոշվենք»: