Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԿԱՐԵՎՈՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՆ Է»

Մարտ 12,2009 00:00

\"\"Երեկ «Սահ» ատամնաբուժարանում բուժում է ստացել «Մարտի 1-ի» գործով քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանը եւ այդ ընթացքում պատասխանել «Առավոտի» հարցերին:

– Մարտի 1-ի հանրահավաքում առաջին նախագահի ելույթը չի՞ հիասթափեցրել ձեզ:

– Բացարձակ: Ինքս, գուցե, փոքր-ինչ այլ կերպ վարվեի, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները բավականին փորձառու եւ իմաստուն քաղաքական գործչի մոտեցումներ են: Նա շատ ավելի հեռուն է տեսնում, բնական է, մենք նույնիսկ մեր փորձով չենք կարողանում այդքան հեռուն տեսնել: Բայց քանի գնում է՝ մենք համոզվում ենք նրա քայլերի, գնահատականների եւ ընտրած ճանապարհի ճշմարտացիության մեջ: Միգուցե, ես ավելի էմոցիոնալ գտնվեի եւ պերմանենտ հանրահավաքների շրջան սկսեի, բայց այդ դեպքում այսօր ակնհայտ է, որ դիմադրությունը շատ ավելի մեծ կլիներ հանցագործ ոհմակի՝ ներկայիս իշխանավորների կողմից: Այս ամենը հաշվի առնելով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի հանդարտ ճանապարհ ընտրեց: Միգուցե դրա ամենակարեւոր բաղկացուցիչը հետեւյալն է՝ առաջին նախագահը ցանկանում է այս իրավիճակում քաղաքացիական հասարակության ստեղծմանն ուղղված քայլերը շատ ավելի հաստատակամ լինեն: Այդ առումով ես շատ բարձր եմ գնահատում նրա մոտեցումները, որովհետեւ եթե մենք իրականում քաղաքացիական հասարակություն չստեղծենք՝ երկրի ապագայի, երկրի զարգացման մասին խոսելն անիմաստ կլինի: Ընդամենը կփոխվի իշխանությունը: Միգուցե, նոր եկող իշխանությունը մի փոքր ավելի հաշվենկատ, խոհեմ կլինի, բայց, գլոբալ առումով, դրանից երկիրը շատ չի օգտվի: Մեր գլխավոր խնդիրը քաղաքացիական հասարակություն ստեղծելն է: Քաղաքացիական հասարակությունն է պետության զարգացման շարժիչը լինելու եւ հաստատուն ապագայի ճանապարհ ընտրելու:

– Ժամանակին ընդդիմությունը՝ ի դեմս «Արդարություն» դաշինքի, գնաց «սահմանադրական ճանապարհով», եւ, եթե մեղմ ասենք, փոշիացավ նույնիսկ եղած ռեսուրսը: Այժմ էլ չկա՞ նման մտավախություն: Բացի այդ, այս պարագայում նաեւ կարծես ի չիք են դառնում քաղբանտարկյալների՝ վաղաժամկետ ազատ արձակվելու հույսերը:

– Ինքս քաղբանտարկյալ եմ, եւ ես իմ դերակատարումը՝ քաղաքացիական հասարակություն ստեղծելու ճանապարհին, զգում եմ: Մեր անազատության մեջ՝ զնդաններում գտնվելն այդ ճանապարհին համարում եմ շատ կարեւոր, քանի որ հասարակությունը պետք է մտածի ընտրել այնպիսի ճանապարհ, որ ապագայում նման բաներ չլինեն: Ամենածանր բանը հանիրավի դատապարտվելն է, ազատությունից զրկվելը՝ հասարակությունն էլ սկսել է դա շատ լավ գիտակցել: Սա է ճանապարհը: Իսկ ինչ վերաբերում է 2003 թվականի համեմատություններին՝ մենք փորձ ենք ձեռք բերել, համապատասխան վերլուծություններ են արվել: Ողբերգական իրադարձություններից մեկ տարի անց՝ մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքը ցույց տվեց, որ ոչ թե փոշիացման ճանապարհով ենք գնում, այլ իրականում ընտրված է հզորանալու, համախմբվելու ճանապարհ: Մարտի 1-ի հանրահավաքը նորից գալիս է ապացուցելու, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդարտ, բայց ճշմարիտ ճանապարհ է ընտրել:

– Համարում եք, որ այս ճանապարհով հնարավո՞ր է իշխանափոխության հասնել:

– Չեմ կարծում, որ տարիներ կտեւի, բայց չեմ էլ կարծում, որ սարերի ետեւում է: Փտախտը շատ արագ է տարածվում այդ անիմաստ քաղաքական կոալիցիայի՝ իշխանության կազմում: Ընդհանրապես, ես այս կառավարությունն անիմաստ եմ համարում, քանի որ նրա ասածներից ոչինչ իրականություն չդարձավ: Դիլիջանը ֆինանսներ՝ Նյու Վասյուկի էին սարքում, Ջերմուկը՝ առողջարանային, Գյումրին՝ չգիտեմ ինչ, խոսում էին Իրան-Հայաստան-Եվրոպա երկաթգծի մասին, որի պահանջարկը չկա եւ, ընդհանրապես, շատ թանկ է: Բայց երբ 2004 թվականին ռեալ հնարավորություն կար Իրանից դեպի Եվրոպա գազամուղը Հայաստանով անցկացնել… Նոր աշխարհում կոմունիկացիաներն են դառնում անվտանգության դոկտրինի հիմնաքարերը, մինչդեռ Հայաստանը որեւէ միջազգային կոմունիկացիա չունի, ինչի համար նաեւ աշխարհը շահագրգռված կլինի այստեղ խաղաղության գոտի ստեղծելու: Երբ այն ժամանակ հնարավորություն կար՝ իրենք ռուսական կայսրության հրահանգով հրաժարվեցին դրանից: Այսօր այդ կարգի որեւէ ծրագիր կառավարությունն ընդհանրապես ի վիճակի չէ իրականացնելու: Հետեւաբար անիմաստ է կառավարության գոյությունը, եւ փտախտն էլ աստիճանաբար ներսից իր գործը կանի: Երբ հիվանդ աղջկան սկսում են ներկել՝ գեղեցիկ ցույց տալու համար, դրանից նա չի առողջանում: Այդ վիճակին էլ այսօրվա կառավարությունն է: Ու քանի որ իրենց իմունիտետը զրոյի է մոտենում՝ նրանք դիմակայելու ռեսուրս չեն ունենալու: Մոտակա ժամանակաշրջանում նրանք արդեն տեղի կտան: Մենք չենք շտապում, քանի որ մեր գործողությունները պայմանավորելու ենք նաեւ միջազգային զարգացումներով:

– Ի՞նչ կմաղթեք ժողովրդին եւ ձեր քաղբանտարկյալ ընկերներին:

– Մաղթում եմ, ցանկանում եմ, որ ժողովուրդը եւ իմ ընկերները մտածեն ապագայի մասին, օրով չապրեն, օրով միայն կալանավորն է ապրում: Քաղբանտարկյալն օրով չի ապրում, այլ ժողովրդի եւ պետության ապագայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել