Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵԶՐԱԿԱՑՐԵՑ

Մարտ 12,2009 00:00

\"\"Կիրառել նորը՝ եթե բարենպաստ է մեղադրյալի համար. այսպիսի խորհուրդ են տվել Վենետիկի փորձագետները

Խորհրդարանում ստեղծված աշխատանքային խումբը Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ուղարկել էր Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովին՝ փորձագիտական գնահատական ստանալու համար: Փորձագետներ Ջեյմս Հեմիլթոնը (Իռլանդիա) եւ Գիդո Նեպի Մոդոնան (Իտալիա) մարտի սկզբին Ազգային ժողով են ուղարկել իրենց եզրակացությունը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելով այդ եզրակացությունը՝ նշել է, որ փոփոխված հոդվածներում հաշվի են առնված բոլոր առաջարկները, այդ թվում՝ Վենետիկի փորձագետների, ԱԺ պատգամավորների, արդարադատության նախարարի եւ գլխավոր դատախազի, ինչպես նաեւ՝ խորհրդարանի աշխատակազմի: Ստացված առաջարկների եւ դիտողությունների համադրմամբ՝ հեղինակային խումբը հանգել է հետեւյալ ձեւակերպմանը. «Զանգվածային անկարգությունները բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված խմբային գործողություններն են, որոնց արդյունքում այդ վայրում վտանգվում է հասարակական անվտանգությունը: Նկարագրված գործողությունները կատարելու համար նախագծով նախատեսվել է 3-8 տարի ժամկետով ազատազրկում, զանգվածային անկարգության կազմակերպչի համար՝ 4-10 տարի ժամկետով ազատազրկում: Զանգվածային անկարգություն կատարելուն դրդելը կամ օժանդակելը, ըստ քննարկվող նախագծի, կլինի քրեորեն պատժելի արարք. այս դեպքերի համար սահմանվել է տուգանք, կալանք կամ ազատազրկում: Լրամշակված նախագծում վերականգնվել է այն նորմը, որը պատասխանատվություն էր սահմանում անկարգությանը մասնակցած, բայց բռնարարքներ չկատարած անձի համար: Իշխանությունը զավթելուն եւ տարածքային ամբողջականությանը վերաբերող հոդվածում քրեական պատասխանատվության ենթակա են համարվել միայն այն կոչերը, որոնք ուղղված կլինեն սահմանադրական կարգի բռնի տապալմանը: Հանրապետության նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, Սահմանադրական դատարանին պարտադրելու մասին 301.1 հոդվածում նախատեսվել են տարբերակված պատժատեսակներ՝ առավել ծանր հետեւանքներ ունեցող հանցագործությունների համար նախատեսելով առավել խիստ պատիժ»: Վենետիկի փորձագետները մի շարք հարցեր են առաջ քաշել, որոնք, աշխատանքային խմբի հավաստմամբ, կլուծվեն մինչ օրենքի ամբողջական ընդունումը:

Պարոն Հարությունյանը «վենետիկցիներին» էր ներկայացրել հավանական տարբերակները: Օրինակ՝ դատախազը կամ դատարանը գործով մեղադրանքը կհամապատասխանեցնի նոր դիսպոզիցիային եւ կշարունակի դատական քննությունը: Կամ՝ դատախազը կհրաժարվի մեղադրանքից միայն այն դեպքում, եթե Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի սահմանումը փոփոխվել է, եւ այս դեպքում մեղադրյալների նկատմամբ կկայացվի արդարացման դատավճիռ: Կամ՝ մեղադրանքը կշարունակվի նախկին դիսպոզիցիայի հիման վրա: Դավիթ Հարությունյանի հաջորդ հարցն այն էր, թե ինչպես պիտի վարվել այն անձանց հետո, ովքեր մինչ 225 հոդվածի փոփոխության ուժի մեջ մտնելն արդեն դատապարտված են նույն հանցագործությունների համար: Ի դեպ, փորձագետները՝ ի պատասխան առաջին հարցի, ասել են, որ տվյալ «գործը կփակվեր միայն այն դեպքում, եթե նոր օրենքի ընդունումով ուժը կորցրած ճանաչվեր նախկին օրենքը, այս իմաստով, նախկին օրենքում միայն փոփոխություններ կատարելը բավարար չէ գործը փակելու համար»: Իսկ երկրորդ հարցին պատասխանելով՝ փորձագետները նկատել են, որ եթե 225 հոդվածի նոր տարբերակով հոդվածի նախկին դրույթն ուժը կորցրած է ճանաչվում, ապա Հայաստանի եւ Իտալիայի նման երկրներում վերացվում են նույնիսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական եզրակացությունները: Դավիթ Հարությունյանի հաջորդ հարցին պատասխանելով՝ փորձագետներն ասել են, որ «հաշվի առնելով հետադարձության կարգով արարքների քրեականացման արգելքը՝ նոր օրենքը կկիրառվի միայն այն դեպքում, երբ այն ավելի բարենպաստ է մեղադրյալի համար, իսկ եթե նորը ավելի բարենպաստ չէ, կշարունակի կիրառելի մնալ նախկին օրենքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել