Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ դպրոց

Մարտ 11,2009 00:00

Կապանը նորից կիրակնօրյա դպրոց ունի: Շատ վաղուց նման դպրոց Կապանում եղել է: Իսկ այսօր Կապանում կիրակնօրյա դպրոց բացելու նախաձեռնությունը քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցունն է: Դպրոց բացելու ճանապարհին բազմաթիվ դժվարություններ են եղել, շատ խոչընդոտներ են հաղթահարվել, եւ այսօր դպրոցն իրողություն է: Ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի, ժամը 15-17-ի հատվածում դպրոցի սաները կհաճախեն դասերի եւ, բացի հոգեւոր սննդից, կսովորեն նաեւ ասեղնագործություն, ձեռագործություն, նկարչություն, կուսումնասիրեն կրոնի պատմություն: «Կիրակնօրյա դպրոց բացելու նպատակը միայն հոգեւոր դասեր տալը չէ: Այսօր երեխաները Հայ առաքելական եկեղեցու տոներից եւ դրանց հետ կապված ավանդույթներից գաղափար չունեն, չգիտեն, թե որ տոնին ինչպիսի միջոցառումներ պետք է կազմակերպեն: Մենք կփորձենք մեր երեխաներին ծանոթացնել Հայ առաքելական եկեղեցու տոներին, դրանց վերաբերող ավանդույթներին, անհրաժեշտ գիտելիքներ կտանք եկեղեցու դերի եւ նշանակության մասին»,- ասում է Կապանի եւ Քաջարանի հոգեւոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանը:

Կապանի դպրոցում կսովորի 9-13 տարեկան 15-20 աշակերտ, իսկ հետագայում աշակերտների քանակը կավելանա մինչեւ 60: Դպրոցի ապագան կախված է հովանավոր գտնելուց: Կրթօջախը խնդիր ունի, բարերարների օժանդակության կարիք ունի: «Դպրոցի ծախսերը մենք ընդամենը երկու ամիս կարող ենք հոգալ: Երկու ամիս անց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին գումար չի ունենա: Հույս ունենք, որ բարերարները խնդրի նկատմամբ անտարբեր չեն լինի: Ուղղակի ամոթ կլինի, որ այդքան չարչարանքներով ու դժվարություններով ստեղծված դպրոցի գործունեությունը կանգ առնի ու ոչ ոք ձեռք չմեկնի: Չէ՞ որ բոլորի երեխաների համար է այս դպրոցը: Դպրոցի բացմանը նյութապես օժանդակել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն եւ Վորլդ Վիժըն-Հայաստան կազմակերպության Կապանի տարածքային ծրագիրը»,- ասում է Գալուստ վարդապետ Դարբինյանը եւ նկատում, որ այսօր հասարակության մեջ քիչ չեն ֆինանսապես ապահովված մարդիկ, որ այսպիսի ձեռնարկներին չեն աջակցում, բայց առիթով եւ անառիթ ճոխ սեղաններ գցելու համար գումարներ չեն խնայում:

Գալուստ վարդապետը ցավով նշում է, որ շատ երկրներում է եղել, բայց եկեղեցու հանդեպ նման անտարբեր վերաբերմունք ոչ մի տեղ չի տեսել: Խոստովանում է, որ շատ պաշտոնյաներ են խոստացել օգնել նման ձեռնարկներին, բայց միշտ էլ խոստումներից այն կողմ չեն անցել: «Կապանի նման քաղաքը պետք է անպայման կիրակնօրյա դպրոց ունենա: Դպրոցի աղջիկներից փոքրիկ երգչախումբ կստեղծենք եկեղեցու համար: Մեր սաների հետ կայցելենք հայկական եկեղեցիներ»,- իր առաջիկա ծրագրերն է ներկայացնում Կապանի եւ Քաջարանի հոգեւոր հովիվը:

Կիրակնօրյա դպրոցի մեկ ամսվա ծախսը 140 հազար դրամ է: Կրթօջախը առայժմ շատ կարիքներ ունի, շատ բան դեռ պակաս է, բայց բավարարվում են եղածով: Միաժամանակ հույս ունեն, որ բարերարների արձագանքը չի ուշանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել