Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Մարտ 11,2009 00:00

Ըստ քահանայի՝ աղոթքն Աստծո հետ հաղորդակցվելու միջոց է

«Հայր մեր, որ երկնքում ես…». Տերունական աղոթքի այս խոսքերը, թերեւս, գիտեն բոլորը: Դժվար թե հայտնվի այնպիսի մեկը, որ չկարողանա արտաբերել դրանք: Սակայն շատերը կդժվարանան շարունակել աղոթքը եւ հնչեցնել այն մինչեւ վերջ: Այս առիթով «Առավոտը» հարցախույզ արեց երիտասարդների շրջանում, ինչի արդյունքում 18 հարցվողներից 7-ը պատասխանեց, որ մինչեւ վերջ գիտե Տերունական աղոթքն ու ամեն գիշեր քնելուց առաջ աղոթում է: Մյուսները խոստովանեցին, որ գիտեն, բայց ոչ լիարժեք, մի մասն էլ խուսափեց պատասխանել:

«Առավոտը» զրուցեց Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Դանիել քահանա Բաղումյանի հետ: Ըստ նրա՝ աղոթքը հոգեւոր զրույց է Աստծո հետ. «Տերն ասում է՝ ամեն ժամ աղոթք արա, որպեսզի փորձության մեջ չընկնես: Տերը մեզ միշտ պատգամում է աղոթել»: Տեր Դանիելը գտնում է, որ աղոթքը կապ է Աստծո հետ. «Հաղորդակցություն է, որով մենք կարողանում ենք խոսակցական կապի մեջ լինել մեր երկնավոր Հոր հետ: Աղոթքը խոսք է, որը գալիս է մեր մտքից, մեր հոգուց, այսինքն՝ սա հոգեւոր խոսք է: Եթե չկա այս կապը, մենք չենք կարող աղոթք անել: Սա Աստծո հետ հաղորդակցվելու, շփվելու, խոսելու, կիսվելու, շնորհակալություն հայտնելու, առ Աստված գովաբանություն հայտնելու, մեր կյանքի, մեր պետքերի համար խնդրելու միջոց է»: Տեր հայրը գտնում է, որ ամեն մարդ իր կյանքում պետք է աղոթի. «Տերն է մեզ այդպես պատգամում: Հակոբոս Առաքյալն ասում է՝ մարդու աղոթքին պետք է հաջորդի իր հավատքը եւ հավատքին՝ իր գործերը»: Տեր Դանիելի խոսքով՝ աղոթքը գործ է, որը մեր կյանքում ամեն ժամ պետք է լինի. «Աստված ասում է. առավոտյան արթնացար՝ աղոթիր, կեսօրին, երեկոյան, քնելուց առաջ աղոթիր…»: Անդրադառնալով եկեղեցի այցելելուն եւ հենց այնտեղ աղոթելուն՝ քահանա Բաղումյանը դժգոհեց. «Աստվածաշունչն ասում է. Հիսուս Քրիստոս, երբ աղոթում ես՝ մտիր քո սենյակ եւ առանձին աղոթիր: Մարդիկ այս միտքը սխալ են ընկալում: Հասկանում են՝ մտիր քո սենյակ եւ աղոթիր, նշանակում է՝ կարելի է եկեղեցի չգնալ, պատարագի չմասնակցել, ուղղակի մտնել տան որեւէ սենյակ եւ աղոթել: Ճի՛շտ է, խնդիր չկա, նաեւ պետք է մեր տանն էլ աղոթենք, բայց շատ կարեւոր է եկեղեցի այցելելը: Ես կուզենամ՝ հասկանանք եւ անդրադառնանք այս խնդրին, որ մտիր քո սենյակը խորհրդի իմաստը ո՞րն է. ասում է՝ մարդ արարածը պետք է սրտով դեպի վեր նայի, աչքերով՝ դեպի վար, իր ամբողջ մտքով պիտի սուզվի, խորասուզվի իր ներքին աշխարհը, իր հոգու մեջ: Այսինքն՝ առաքել աղոթքն առ Աստված, կտրվել ամբողջ աշխարհից: Ահա այս նույն խնդիրն էլ վերաբերում է նաեւ եկեղեցի այցելող մարդուն: Մտիր եկեղեցի՝ Աստծո տուն, հեռանալով, կտրվելով կյանքից, այդ մտքերից, որպեսզի կարողանաս Աստծո հետ կապ ստեղծել, հաղորդակցվել նրա հետ: Հայրերն ասում են, երբ մարդն իրապես աղոթում է, նա երկրի վրա չէ, նա կտրված է երկրից: Տերն ասում է՝ սիրիր ինձ հոգով, մտքով, սրտով եւ քո ամբողջ էությամբ, սա նշանակում է, որ հոգին, սիրտը, միտքը աղոթքի ժամանակ պետք է ներկա լինեն: Իսկ հայ իրականությունում աղոթում ենք առ Աստված, սրտով ուզում ենք աղոթել, բայց մտքով մտածում ենք, որ այսօր հաց չենք գնել, այսինչ ժամին պիտի գնանք այնինչ խնդրով զբաղվելու, այս անելու, այն անելու. սա աղոթել չէ: Մի անգամ գնացի Հովհաննես Օրհնեցու գերեզմանին, շատ դժվարությամբ մտա խուցը՝ փոքր եկեղեցին, որի դուռը շատ նեղլիկ էր, միանգամից աչքս գրավեց եկեղեցու հատակը, որը ոչ թե այսօրվա եկեղեցիների պես հարթ մարմար է, այլ ամբողջը ժայռ է եկեղեցու մեջ: Պատկերացրեք, մարդը տարիներ շարունակ ծնկի է եկել ժայռի վրա եւ աղոթել: Իսկ մեր եկեղեցի այցելողները մի քանի րոպե ծնկի գալով հարթ հատակին, անմիջապես դժգոհում են՝ թե ծունկը ցավում է: Որտեղ էլ լինենք՝ լեռան վրա, թե հարթ հատակին, շատ կարեւոր է, որ մեր միտքն առ Աստված լինի, այլ ոչ թե ծանրաբեռնված կենցաղային հոգսերով»: Տեր Դանիելը համոզված է. «Եթե գիտակցելով՝ հոգով, մտքով եւ սրտով աղոթենք, մեր աղոթքն անպայման կբարձրանա, կհասնի Աստծուն»:

Իսկ երիտասարդների՝ աղոթքի չիմացության մասին էլ ասաց. «Ավետարանն ասում է, առաքյալները մոտեցան եւ Հիսուս Քրիստոսին ասացին՝ Վարդապետ, խնդրում ենք մեզ աղոթել սովորեցրու: Բազմաթիվ աղոթքներ Երկնավոր Հայրը մեզ չսովորեցրեց, մի բան միայն սովորեցրեց՝ Հայր մեր, որ երկնքում ես, եւ աղոթեց ամբողջ Տերունական աղոթքը: Եվ պարզ է, որ աշխարհիկ մարդը բազմաթիվ աղոթքներ, ինչպես մենք՝ հոգեւորականներս, չպիտի իմանա, կարող է նաեւ իմանալ, բայց պարտավոր չէ: Իսկ եթե Տերունական աղոթքն էլ չգիտի, կարող է իր խոսքերով հաղորդակցվել Աստծո հետ, իր շարադրած մտքերով Աստծուց խնդրել օրհնություն, չէ՞ որ Աստված գիտե՝ դու ինչ ես խնդրում: Բայց եւ այնպես շատ կարեւոր է՝ գոնե Տերունական աղոթքն իմանալ»: Չիմացության պատճառներն էլ, ըստ տեր Դանիելի, նրանց ժամանակին չսովորեցնելն է. «Աղոթքը կաթի նման մի բան է մարդու կյանքում, մարդ երբ սկսում է կաթ ուտել, այդպես էլ պետք է աղոթքի իմացությունը լինի: Օրինակ, իմ երեխաները 5-6 տարեկան են, բայց «Հայր մեր» աղոթքը գիտեն: Ամեն առավոտ դպրոց գնալիս անպայման խաչակնքվում են, աղոթում»: Տեր Դանիելը երիտասարդությանը խորհուրդ տվեց՝ հաճախակի այցելել եկեղեցի, պարտադիր պայման չհամարել մոմ վառելը, եկեղեցում իրենց ճիշտ պահել իմանալ՝ չխոսել եւ ամենակարեւորը՝ աղոթել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել