Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը «India Today Conclave» հանդեսին տված հարցազրույցում կանխատեսել է, որ մարզաձեւում հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի տիրակալության ժամանակաշրջանը շուտով կանցնի: Նրա կարծիքով, Վիշին փայլուն խաղացող է, սակայն 40 տարեկանում շատ դժվար է մրցակցություն պահպանել: Կասպարովը նշել է նաեւ, որ կզարմանա, եթե Անանդն ի վիճակի լինի մնալ չեմպիոնի դերում: Նա կարող է պայքարել մրցակիցների, բայց ոչ թե՝ ժամանակի հետ: Կես դար առաջ պրոֆեսիոնալ շախմատիստի միջին տարիքը 35 տարեկան էր: Հիմա 14 տարեկանում գրոսմայստեր են դառնում: Դա հնարավոր է դարձել համակարգիչների եւ ծրագրային բարդ ապահովվածության պատճառով: Հիմա 13 տարեկանում ավելի շատ բան գիտեն, քան Ֆիշերը շախմատից հեռանալու ժամանակ: Ֆիզիկան ուսումնասիրող ուսանողները նույնպես ավելին գիտեն, քան Էյնշտեյնը եւ Նյուտոնը: Բայց նրանք դրանից ավելի խելացի՞ են դարձել: Հարցին, թե ինքը, Կարպովը եւ Անանդն ինչո՞վ են տարբերվում նոր սերնդի շախմատիստներից, Կասպարովը պատասխանել է, որ իրենք դիրքի զգացողություն ունեն: Անձամբ ինքը քայլերն ընտրելիս հենվում էր դիրքի գնահատման եւ ընկալման վրա: