Մարտի 8-ի նախօրեին արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակվեց աշխարհի բոլոր ժամանակների եւ ժողովուրդների 50 ամենասեքսուալ մարզուհիների ցուցակը, որի կազմմանը, ենթադրելի է, պետք է որ մասնակցած լինեն «գործից հասկացող» մարդիկ:
Ճաշակին, ինչպես ասում են, ընկեր չկա: Ծանոթանալով այդ ցուցակին եւ տեսնելով գեղեցկուհիների դասավորության հերթականությունը, որոշ դեպքերում համաձայն չես լինում: Բայց մի բան հաստատ է. 1-ին հորիզոնականում տեղ է գտել իսկապես արժանավորը: Խոսքը ծագումով լատվիացի, սակայն Սակրամենտոյում ծնված Նատալի Գուլբիսի մասին է (նկարում), որը համեմատաբար վերջերս է մտել գոլֆի LPGA Tour-ի առաջին տասնյակ: Երկրորդ հորիզոնականում նախկին ԳԴՀ-ի ներկայացուցիչ, գեղասահորդուհի Կատարինա Վիտն է՝ օլիմպիական կրկնակի, աշխարհի քառակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոնուհին: Իսկ ամենասեքսուալների եռյակը եզրափակում է ռուսաստանցի թենիսիստուհի Աննա Կուռնիկովան, որի պատկերն արդեն 10 տարուց ավելի չի իջնում ինտերնետային կայքերից եւ որը 2002 թվականին ճանաչվել էր տարվա՝ աշխարհում ամենասեքսուալ կինը:
Իսկ «Associated Press» գործակալությունը տեղեկացնում է, որ աշխարհի ամենագեր մարզիկներից մեկը՝ մեր ժամանակների լավագույն սումոիստ, մոնղոլ Ասասերյուն, վերջերս սկսել է իրեն փորձել նման կառուցվածքի տեր մարզիկների համար անսովոր ոլորտում: Նա ցանկանում է ֆոտոմոդել դառնալ: 29-ամյա սումոիստը Ճապոնիայում դպրոցական համազգեստով ելել է պոդիում եւ այլ մոդելների հետ միասին պարել:
Ճիշտ է, վերջում նա լրագրողներին խոստովանել է, որ հուզմունքի այնպիսի զգացում է ունեցել, որը նման չէ այն զգացումներին, ինչ սովորաբար լինում է մրցման դուրս գալուց առաջ:
Արժե նշել նաեւ, որ Ճապոնիայի շատ ԶԼՄ-ներ քննադատել են Ասասերյուին՝ այդ միջոցառմանը մասնակցելու համար: Ու բացի դա, հանուն պոդիում ելնելու, մարզիկը, որ նախապատրաստվում է մարտի 15-ին մեկնարկող «Spring Grand Sumo Tournament» հեղինակավոր մրցաշարին, հարկադրված է եղել մի կարեւոր մարզում բաց թողնել: