Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկ՝ շոու-բիզնեսում

Մարտ 11,2009 00:00

Երգիչներից շատերը ի վիճակի չեն «յոլա գնալ» առանց ֆոնոգրամայի

«Երգիչ-երգչուհիների մի մասը շոկ է ապրում»,- երեկ Ժուռնալիստների միությունում հայտարարեց ռեժիսոր, համերգների կազմակերպիչ-բեմադրող Լուսինե Մարտիրոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարի «ֆոնոգրամայամերժ» որոշումից հետո մարտի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ առաջին կենդանի համերգը, որին, ըստ կազմակերպիչ Լ. Մարտիրոսյանի, մի քանի արտիստներ հրաժարվեցին մասնակցել: Ինչպես ներկայացրեց համերգասրահի եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, համերգը հսկվել է. «Համերգին նախարարությունից ներկայացուցիչ կար: Երբ հայտարարվեց, որ համերգը պետք է կենդանի լինի, շատերը հրաժարվեցին մասնակցել: Մեծ թվով բացահայտումներ արեցինք մեզ համար՝ թե դրական, թե բացասական առումով»: Լ. Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, մարտի 8-յան համերգի միջադեպը որոշ երգիչների համար շոկային էր:

«Առավոտի» հարցին, թե քանի՞ տոկոս կորուստ կունենա հայկական շոու- բիզնեսը հայտնի որոշման պատճառով, ռեժիսորը պատասխանեց. «Քիչ… Նրանք, ովքեր չեն կարողանում երգել, գիտեն, որ ձայն չունեն եւ օրերից մի օր պետք է լքեն բեմը: Նրանք անձամբ առավոտյան կարթնանան եւ կհասկանան, որ այլեւս երգարվեստն իրենց տեղը չէ: Բայց կան շատերը, ովքեր միշտ կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն համերգների ժամանակ փաստել են, որ ցանկանում են երգել թե ֆոնոգրամայով, թե կենդանի հնչողությամբ»: Լ. Մարտիրոսյանը խոստովանեց, որ մարտի 8-ի համերգին միան Սասունցի Դավիթն է եղել ֆոնոգրամայով: Անդրադառնալով Նունե Եսայանի հեռուստահարցազրույցներից մեկի ժամանակ օրերս հնչեցրած այն կարծիքին, թե կենդանի կատարելու համար երգչին չի տրվում համապատասխան տեխնիկա, հնարավորություններ, դահլիճ՝ փորձերի համար, Ռ. Սիրունյանը ասաց. «Հրապարակավ հայտարարում եմ, որ նման բան գոյություն չունի, բացառվում է: Միշտ ամեն համերգի համար էլ մեկ օր առաջ համերգասրահը գտնվում է կատարողների տրամադրության տակ: Օրինակ, մարտի 8-ի ցերեկը, ժամը երկուսից, համերգասրահը տրամադրված էր երգիչներին՝ փորձերի համար: Գիտե՞ք քանի հոգի են փորձին մասնակցել, երկու՝ Էմմին եւ Էնջելը, բա ո՞ւր էին մյուսները»:

Երգչուհի Ն. Եսայանը իր խոսքում ընդգծել էր, որ երգչի կենդանի ելույթին խանգարում են այլ հանգամանքներ եւս, օրինակ՝ մեքենակայանատեղիի բացակայությունը, ետնաբեմի ցուրտը, հանդերձարանների «ծխած» օդը… Ռ. Սիրունյանը այս առիթով էլ քմծիծաղով ասաց. «Կներեք հազար անգամ, բայց եթե երգչի ամենակարեւոր խնդիրը մեքենան հարմարավետ կանգնեցնելն է, ես ողջունում եմ…»: Նրա համոզմամբ՝ դրանք անհեթեթ պատճառաբանություններ են. «Մեր համերգասրահի ետնաբեմը ջեռուցվում է, հանդերձարանների օդը մաքուր է, կան բոլոր պայմանները»:

Համերգների կազմակերպիչ Վահե Հարությունյանն էլ ավելացրեց. «Երգիչը կարող է, օրինակ, տնից զայրացած գալ, բայց դա չպետք է անդրադառնա հանդիսատեսի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել