Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՍԱՀՄԱՆԸ»

Մարտ 11,2009 00:00

\"\"Հայ ռեժիսորի ֆիլմը հատեց հայկական սահմանները

Ֆրանսիայում գտնվող Ժորժ Պոմպիդուի անվան մշակույթի կենտրոնում մարտի 4-ին տեղի ունեցած ռեալիստական կինոյի փառատոնը բացվեց կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմով: Քանի որ այսպիսի բան, ինչպես ժողովուրդն է ասում, հազարից մեկ է տեղի ունենում, «Առավոտը» զրուցեց կինոռեժիսորի հետ: Նշենք, որ կինոփառատոնը ֆրանսիական ամենահին փառատոներից է, կազմակերպվում է արդեն 31-րդ անգամ:

Հ. Խաչատրյանի ֆիլմերից այս կինոփառատոնում առաջին անգամ չեն ներկայացվում, նրա երկու ֆիլմերը՝ «Կոնդը» եւ «Սպիտակ քաղաքը», կինոփառատոնում «հյուրընկալվել» են դեռ 20 տարի առաջ:

Ինչ վերաբերում է «Սահմանին», այն մինչ ֆրանսիական փառատոնում ներկայացվելը՝ ցուցադրվել է նաեւ Հոլանդիայի Ռոտերդամի փառատոնում: Չնայած բազում կինոփառատոներից հրավերներ կային, բայց կինոռեժիսորն ընտրեց ֆրանսիականը, քանի որ ֆրանսիական կինոասպարեզին «պարտք» էր. «Քանի որ փառատոնին շնորհակալ էի առաջին անգամվա լավ ընդունելության համար, եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարն ինձ արժանացրել էր արվեստի եւ գրականության շքանշանի, դրա համար էլ ընտրեցի այս փառատոնը: Բացման ֆիլմը տոնայնություն է տալիս ամբողջ փառատոնին, այն պիտի կրի փառատոնի ձեռագիրը եւ մատնանշի ուղղվածությունը: Իհարկե, մրցութային ծրագիր չէ, բայց բացման ֆիլմ լինելն արդեն իսկ մեծ պատիվ է, քանի որ կինոփառատոները սովորաբար բացվում են Քյարոստամիի, Փարաջանովի, Կուրոսավայի ֆիլմերով»: Նկատենք, որ ֆիլմի սցենարն առաջին հայացքից կարող է պարզ թվալ, բայց իրականում այն խորը հենք ունի: Սա հավաստեց նաեւ ռեժիսորը. «Ֆիլմը հայկական իրականության մասին է. ողջ աշխարհում ցանկանում են սահմանները վերացնել, իսկ Հայաստանի շուրջ նոր սահմաններ են դրվում: Հայաստանը շրջափակման մեջ է, եւ, ցավոք, ոչ մեկի պետքը չէ: Ուստի իմ ֆիլմում այս խնդիրը վեր եմ հանում գոմեշի միջոցով: Ֆիլմի հերոսները ԼՂ Շահումյանի շրջանից եկած փախստականներն են, որ բնակվում են սահմանի մոտ, մինչեւ ազատագրվի իրենց ծննդավայրը: Հայրենի հողի ձգտումը ցույց եմ տվել գոմեշի միջոցով, որն անընդհատ ուզում է անցնել սահմանը, հատկապես հղիության շրջանում: Ի վերջո, անցնում է սահմանը եւ վիրավորվում սահմանապահների կողմից…»:

Ֆիլմում դերասաններ չկան, հերոսներն իրական մարդիկ են, իսկ գործողությունները ծավալվում են Ղարաբաղում, Արագածոտնի մարզի եւ Արմավիրի սահմանային շրջաններում: Հետաքրքրվեցինք՝ այժմ կարելի՞ է ասել, որ հայ ժամանակակից կինոն հատել է զուտ Հայաստանի սահմանները եւ հասցրել հոգեհարազատ դառնալ Եվրոպային: Հ. Խաչատրյանը պատասխանեց. «Մեր երկրում քիչ ֆիլմեր են նկարահանվում, որ կարողանան եղանակ ստեղծել: Այնինչ՝ կինոն զենք է: Պարսկաստանը, երբ բլոկադայի մեջ էր, սկսեց հարյուրավոր ֆիլմեր նկարահանել, որ դուրս գա աշխարհ: Եվ դա արեց: Այժմ Թուրքիան նկարահանում է տարեկան 100 ֆիլմից ավելի, Եվրոպայում 1000-ից ավելի խաղարկային, 3000-ից ավելի փաստագրական ֆիլմ է ստեղծվում: Ուստի մեծ պատիվ է, որ այդ նույն Եվրոպան փառատոն է բացում հայկական ֆիլմով, որտեղ նկարահանվում է տարեկան 2 կամ 3 ֆիլմ»: Իսկ այն հարցին, թե ո՞րն է հայկական կինոյի այսօրվա ուղին, պարոն Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Հոլիվուդյան ֆիլմեր, բլոկբաստերներ եւ աստղային պատերազմներ մեզ նկարել պետք չէ: Պետք են հեղինակային ֆիլմեր, որոնք պատմում են հայկական խնդիրների մասին»: Քանի որ Հ. Խաչատրյանը նշեց, որ իր ֆիլմերը հիմնականում պատասխաններ չեն տալիս, հետաքրքրվեցինք՝ ո՞րն էր Եվրոպայի պատասխանը «Սահման» ֆիլմի կապակցությամբ. «Պատասխանը սարսափն էր եւ զարմանքը, թե ներկայացված սահմանների մեջ ինչպես են ապրում մարդիկ»: Քանի որ «Սահմանի» թեմատիկան մի քիչ հարում է քաղաքականությանը, հետաքրքրվեցինք՝ կինոռեժիսորը մտավախություն չունի՞, որ ֆիլմը կենթարկվի քաղաքական շահարկումների: Նա պատասխանեց. «Մշակույթը միշտ էլ քաղաքականության հետ կապ ունի: Մարդիկ գիտեին Հայաստանի խնդիրները, հատկապես Ֆրանսիայում տեղեկացված են հայկական իրականության մասին»: Քանի որ ֆիլմում «խոսվում» է սահմանների վերացման մասին, հարցրինք՝ հնարավո՞ր է ֆիլմը համարվի ՀՀ նախագահի վարած ֆուտբոլային դիվանագիտության շարունակություն: Կինոռեժիսորը պատասխանեց. «Ամեն մեկն իր գործն է անում, ես դիվանագիտության մասնագետ չեմ, չնայած ժամանակին զբաղվել եմ դրանով: Ինձ համար մշակույթն իր խնդիրներն ունի, որոնք ոչ միշտ են համահունչ քաղաքականության հետ: Բացի այդ, ֆիլմը զուտ ֆիզիկական սահմանների մասին չէ, այլ` հոգեւոր, բարոյական սահմանների»: Ինչպես տեղեկացրեց Հ. Խաչատրյանը՝ Ստամբուլի փառատոնից հրավեր ստացել են, բայց՝ մերժել: Իսկ «Սահմանը» կհյուրընկալվի նաեւ Կարլովի Վարիի, Մոսկվայի միջազգային եւ այլ փառատոներում:

Նշենք, որ Հ. Խաչատրյանի լավագույն ձեռնարկներին մշտապես աջակցում է «VivaCell»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել