Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻՆ

Մարտ 11,2009 00:00

Գուանտանամա բանտի մի խումբ կալանավորներ օրերս իրենց վրա վերցրին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Վաշինգտոնի եւ Նյու Յորքի վրա հարձակումները: Այդ բովանդակությամբ բաց ուղերձով նրանք դիմել են դատարանին եւ քննությանը: «Մեր դեմ առաջ քաշված մեղադրանքները մենք որպես այդպիսին չենք դիտարկում: Դրանք մեզ համար պատվի նշան են, որը մենք տանում ենք հպարտությամբ»,- ասված է այդ ուղերձում: Փաստաթուղթը ստորագրածների թվում է Խալիդ Շեյխ Մուհամադը, որը սեպտեմբերի 11-ի գործի գլխավոր կասկածյալներից մեկն է: Դեռեւս անցած տարվա սեպտեմբերին Շեյխ Մուհամադը եւ նրա զինակիցները հայտարարեցին, որ չեն պատրաստվում ժամանակ ծախսել դատարանում տարբեր միջնորդությունների համար, քանի որ դատաքննության որեւէ կողմի, այդ թվում՝ փաստաբաններին, չեն հավատում: «Ձեզ բոլորիդ վճարում է ամերիկյան կառավարությունը»,- պնդում է Շեյխ Մուհամադը, որը ձերբակալվել է 2004 թվականին եւ ԿՀՎ գաղտնի բանտերից մեկում անց է կացրել 4 տարի: Մուհամադը ազգությամբ բելուջ է, ծնվել է Քուվեյթում, իսկ այնուհետեւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ Ռամզի Յուսեֆը նրա զարմիկն է, որի հետ միասին նրանք պլանավորել են 12 ինքնաթիռների պայթյունը Խաղաղ օվկիանոսի օդում: Այժմ Մուհամադն այդ փաստը չի թաքցնում եւ հայտարարում է, որ պատրաստ է գնալ «մարտիրոսության»: Իրավաբանների կարծիքով, մեղադրյալներն այժմ տեսականորեն կարող են միջնորդել, որպեսզի իրենց մահապատիժը փոխարինվի ցմահ ազատազրկմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել