Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 11,2009 00:00

ԳԹԿ-Ն ՀԱՎԵԼՈՒՄ Է

\"\"Երեկ փոքրիկ ինֆորմացիա էինք տպագրել այն մասին, որ ԳԹԿ-ն արդեն հրապարակել է բնագիտական առարկաներից թեստերի նոր ժողովածուներ: Մեր ընթերցողները խնդրեցին տեղադրել այդ ժողովածուների լուսանկարները, որպեսզի շուկայում առկա բազմաթիվ խնդրագրքերից ընտրեն ԳԹԿ-ի երաշխավորածը: ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանը տեղեկացրեց, որ արդեն իսկ գրախանութներում կան քիմիայի՝ երկու, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի թեստերի ժողովածուները, դրանց բոլորի վրա նշված է՝ «Կրթության եւ գիտության նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոն»: Նա տեղեկացրեց նաեւ, որ ցանկության դեպքում կարող են թեստերի ժողովածուների համար դիմել ԳԹԿ-ին նույնպես:

ՓՈՂ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ

«Առավոտը» երեկ Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի որոշ ծնողների կողմից դժգոհություն ստացավ, թե դպրոցում աշակերտներից 1000-ական դրամ է հավաքվում՝ ներկայումս ԳԹԿ-ի կողմից կազմված թեստերով ընթացիկ գնահատումներ իրականացնելու համար:

Խնդիրն այն է, որ ԳԹԿ-ն թեստերը տեղադրում է ինտերնետում, եւ դպրոցները գնահատում կազմակերպելու համար դրանք պիտի վերցնեն այստեղից եւ պատճենահանեն: Հենց այդ գործընթացի համար էլ, ծնողների խոսքով, գումար է հավաքվում: «Առավոտը» այս դժգոհությունը փոխանցեց դպրոցի տնօրեն Կարապետ Հովհաննիսյանին: Նա պատասխանեց. «Գրավոր տարբերակն ունի 12 էջ: Մենք նախ որոշեցինք գումար հավաքել պատճենահանման համար, բայց հետո որոշեցինք պատճենահանումը թողնել ծնողներին: Այժմ պատճենահանման մի մասը մենք ենք անում, մյուս մասը՝ ծնողները, որպեսզի հասցնենք: Հենց դրա համար էլ նրանք հավաքում են 500-ական դրամ: Չենք հասցնում, այդ գործընթացը տեւում է լավագույն դեպքում ժամը 10-ից մինչեւ 12-ը»:

Տ. Հ.

ՄԵՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴՐՍԻ ՈՒԺԵՐՈՎ

«Ֆինանսական ճգնաժամի պայ մաններում շատ կարեւոր դերակատարում պետք է ունենա գիտությունը: Պետք է հասնենք նրան, որ մեր արտադրողները տեխնոլոգիաները ոչ թե գնեն արտասահմանից, այլ պատվիրեն մեր գիտական հիմնարկներում»,- ըստ panorama.am-ի, երեկ կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ Ս. Հարությունյանը նշել է, որ 1992 թվականից իրականացվել է մոտ $200 միլիոնի միջազգային դրամաշնորհային ծրագրեր, եւ այժմ հայ գիտնականների գիտական մի շարք արդյունքներ օգտագործվում են դրսում: «Գիտական արդյունքները երկրների համար կիրառելի են լինում, բանն այն է, որ արտասահմանում մեր գիտական արդյունքը ներդրվում է տնտեսության մեջ, մեզ մոտ՝ ոչ: Պատճառն այն է, որ մեր տնտեսությունը պատրաստ չէ մեր գիտական արդյունքները ներդնել»,- ասել է նա:

Ս. Հարությունյանը տեղեկացրել է, որ այս տարի Ռուսաստանի, Բելառուսի, Ֆրանսիայի հետ ունեն պայմանագրեր, որի շրջանակներում համաֆինանսավորման տարբերակով իրականացվելու են գիտական մի շարք ծրագրեր: Ապրիլին նախատեսվում է համագործակցության պայմանագիր ստորագրել Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ, որը ներկայումս առավելություն է տալիս ինովացիոն բնույթի ծրագրերին: «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը մեզ հետաքրքրող ծրագրերի ֆինանսավորման մոտ 85-90%-ը կվերցնի իր վրա, իսկ մնացածը կվճարվի ՀՀ պետբյուջեից»,- ասել է Գիտպետկոմի նախագահը եւ նշել, որ Հայաստանը շահած դրամաշնորհների ծավալով ավելի առաջ է, քան Ուկրաինան: Նրա խոսքով, այսօրվա գիտության բյուջեի մոտ 30%-ի չափով՝ Հայաստանը գրանտային ծրագրեր է ստանում արտասահմանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել