Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՀԵՐԻ «ԿՈՄԵՐՑԻՈՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ»

Մարտ 11,2009 00:00

\"\"Որոշ բուհեր, առանց հիմնավոր պատճառաբանության, օրենքին հակառակ, թաքցնում են իրենց հաստիքացուցակները:

Այսօր շատ է խոսվում գիտության ասպարեզում «ծերացման»՝ երիտասարդ կադրերի թվի աստիճանական նվազման մասին: Այս մտահոգությունը հիմնականում փոխկապակցվում է գիտական հաստատություններում եւ բուհերում գիտությամբ զբաղվողների չափազանց ցածր աշխատավարձերի հետ: Իսկ դրա հիմնական բացատրությունը, որ տալիս են պաշտոնյաները՝ «ֆինանսական միջոցների սղությունն» է:

Ավելի հասկանալի եւ փաստացի դարձնելու համար վերոնշյալ դժգոհությունը՝ «Առավոտը» մի շարք հայաստանյան բուհերի խնդրեց ներկայացնել իրենց հաստիքացուցակները, պարզելու համար, թե համապատասխան կոչում, գիտական աստիճան ունենալու դեպքում կամ պարզապես բուհում դասավանդելու համար որքա՞ն է վճարվում մասնագետը:

Նկատենք, որ այս հարցում բաց գտնվեցին մեր դիմած բուհերից միայն Երեւանի պետական համալսարանն (ԵՊՀ) ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) եւ տրամադրեցին իրենց հաստիքացուցակները: Հղում կատարելով 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին՝ նշենք, որ եթե ՀՀ Սահմանադությամբ եւ (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր գործունեությանն առնչվող տասներեք խումբ տեղեկություններ եւ դրանց փոփոխությունները:

Օրենքով սահմանված տեղեկությունների խմբում է նաեւ հաստիքացուցակը: Երբ, օրինակ, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի օգնական Սաթենիկ Ալավերդյանին հիշեցրինք օրենքի մասին, նա ասաց, որ, միեւնույն է, բուհի ղեկավարությունը որոշել է չտրամադրել այդ ինֆորմացիան՝ այն համարելով կոմերցիոն գաղտնիք: Ինչպե՞ս կարող է կոմերցիոն գաղտնիք լինել պետակա՛ն հիմնարկի որեւէ ֆինանսական գործունեություն՝ անհասկանալի է: Չէ՞ որ դրա համար վճարում ենք մենք՝ հարկատուներս: Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մամուլի քարտուղար Սիլվա Ասրյանի փոխանցմամբ՝ իրենց բուհում եւս հրաժարվում են նշված ինֆորմացիան տրամադրել՝ առանց պատճառաբանության:

Իսկ Երեւանի պետական բժշկական համալսարանը այլ քաղաքականություն վարեց: Բուհի գլխավոր հաշվապահ տիկին Պարսեղյանն «Առավոտի» ամեն զանգի ժամանակ ասում էր, թե տվյալ օրը ռեկտորի հետ կճշտի՝ ինֆորմացիան տրամադրե՞լ, թե՝ ոչ: Մինչեւ այսօր դեռ ճշտում է:

Ինչեւէ, համեմատենք ԵՊՀ եւ ՀՊՃՀ աշխատավարձային տվյալները: Մեզ հետ զրույցի ընթացքում ԵՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանն ասաց, որ ներկայացված աշխատավարձի չափերը հունվարի 1-ից, կախված կոչումներից, 15-20%-ով բարձրացել են: Օրինակ՝ ամբիոնի վարիչը՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսորը ԵՊՀ-ում ստանում էր 140 հազար դրամ, բարձրացումից հետո՝ մոտ 160 հազար դրամ: ՀՊՃՀ-ում՝ գիտությունների դոկտոր, պրոֆեսորն ավելի բարձր է վարձատրվում՝ 181 հազար 200 դրամ: ԵՊՀ-ում ամբիոնի վարիչը՝ գիտությունների թեկնածու, պրոֆեսորը բարձրացումներից հետո վարձատրվում է 140 հազար դրամից ավելի, իսկ ՀՊՃՀ-ում՝ 161 հազար դրամ: ԵՊՀ-ում գիտությունների դոկտորը, որը զբաղեցնոմ է ամբիոնի վարիչի պաշտոն, վարձատրվում է 130 000 դրամից ավելի, նույն պաշտոնը զբաղեցնող գիտությունների թեկնածուն՝ 120 հազարից դրամից ավելի: Եթե ՀՊՃՀ-ում դոցենտը, որը չունի գիտական աստիճան, վարձատրվում է 137 100 դրամ, ապա ԵՊՀ-ում ավելի ցածր՝ մոտ 115 000 դրամ: Դոցենտը, որը գիտությունների դոկտոր է, ԵՊՀ-ում վարձատրվում է 120 000 դրամից ավելի, իսկ ՀՊՃՀ-ում՝ 147 400: Դոցենտը, որը թեկնածու է, ԵՊՀ-ում ստանում է մոտ 120 հազար դրամ աշխատավարձ, իսկ ՀՊՃՀ-ում՝ 128 800: Գիտության թեկնածուի աստիճան ունեցող դասախոսը ԵՊՀ-ում վարձատրվում է 90 հազարից մի փոքր ավելի, իսկ ՀՊՃՀ-ում՝ 103 500 դրամ: Նկատենք, որ բուհերի շարքում համեմատաբար ցածր աշխատավարձի չափով աչքի են ընկնում Երեւանի պետական ճարտարապետության եւ շինարարության, Մանկավարժական համալսարանները, իսկ աշխատավարձի համեմատաբար բարձր չափով՝ Տնտեսագիտական համալսարանը: Թերեւս աշխատավարձային այսպիսի ոչ բավարար պայմանների պատճառով է, որ ներկայումս պետական բուհերի շատ դասախոսներ ձգտում են դասավանդել նաեւ ոչ պետական՝ մասնավոր համալսարաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել