Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՉՊԻՏԻ ԵՆԹԱՐԿՎԵՆ

Մարտ 11,2009 00:00

Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարվելիք փոփոխությունները ուղարկվել է Վենետիկ՝ փորձագիտական եզրակացության նպատակով: Սակայն այդ փոփոխությունների որոշ թերություններ արդեն իսկ ակնհայտ են:

Դավիթ Հարությունյանի, Ավետ Ադոնցի եւ մյուսների հեղինակած օրինագծի նախագծի փաթեթը Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին քննարկումների փուլում է: 225 հոդվածի 3-րդ մասի եւ 300 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նախատեսված արարքները, որոնք «զուգորդվել են սպանությամբ», ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ճանաչել է ուժը կորցրած: Օրինագծի փաթեթում «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունները» նախատեսված է տեղափոխել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մաս, իսկ 225 հոդվածը լրացնել 5-րդ մասով եւ քրեական հետապնդում նախատեսել անկարգությունների այն մասնակիցների նկատմամբ, ովքեր որեւէ արարք չեն կատարել, սակայն անհապաղ չեն հեռացել անկարգությունների տարածքից:

Ինչպես հայտնի է, Քրեական օրենսգրքի բոլոր, այդ թվում՝ անձի կյանքին եւ առողջությանն ուղղված հանցագործությունները դասակարգված են տեսակային եւ անմիջական օբյեկտների սկզբունքով: 104 հոդվածով (դիտավորյալ սպանություն) նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը համարվում է մարդու կյանքը, իսկ զանգվածային անկարգությունների հանցագործության անմիջական օբյեկտը հասարակության անվտանգությունն է, այսինքն՝ հասարակական հարաբերությունների այն խումբը, որոնք ապահովում են մարդու կյանքի եւ գործունեության անվտանգությունը: Ըստ որում, մարդու կյանքն ու առողջությունը այստեղ լրացուցիչ օբյեկտներ են:

Հետեւաբար, «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունները» որպես դիտավորյալ սպանության տեսակ, 104 հոդվածի երկրորդ մասում ընդգրկելը հակասում է օրենսգրքում հանցագործությունները ըստ անմիջական օբյեկտների գիտականորեն մշակված դասակարգման սկզբունքին:

Երկրորդ, զանգվածային անկարգությունները կարող են ուղեկցվել նաեւ բռնաբարությամբ, անձի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառմամբ, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցությամբ կամ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում սպանություններով: Համահեղինակների թելադրած սկզբունքով ղեկավարվելու դեպքում, ուրեմն, օրենսգրքի թվարկված հանցագործությունների հոդվածներում պետք է նույնպես ավելացնել «զանգվածային անկարգություններով զուգորդված բռնաբարություն», «զանգվածային անկարգություններով զուգորդված անհրաժեշտ պաշտպանություն» եւ այդպես շարունակ: Նման պարագայում Քրեական օրենսգիրքը «փչացվում» է:

Երրորդ, արդեն նշել եմ, որ զանգվածային անկարգությունների մասնակիցները 225 հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում թվարկված արարքներն անմիջական կատարողներն են եւ կատարողներին աջակցողները, իսկ եթե մասնակցողը կատարում է այլ հանցագործություններ (դիտավորյալ սպանություն, բռնաբարություն եւ այլն), այդ արարքները որակվում են ինքնուրույն՝ քննարկվող հանցագործության հետ համակցված: Օրինակ, զանգվածային անկարգություններ՝ 225 հոդված եւ դիտավորյալ սպանություն՝ 104 հոդվածի երկրորդ մաս եւ այլն: Ճիշտը այն է, որ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունները մեկընդմիշտ հանել Քրեական օրենսգրքից, որովհետեւ հակասում է ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքին: ՀՀ քրեական օրենսգիրքն որոշ փոփոխություններով արտագրվել է ՌԴ քրեական օրենսգրքից, մինչդեռ նրանց նոր օրենսգրքում այդ բառակապակցությունը հանվել է (ՌԴ քրեական օրենսգրքի 1/212 հոդված):

Սկզբունքը վերաբերում է նաեւ պատկան մարմիններին, որոնք պարտավոր են անհապաղ փոխել «7-ի գործով» մեղադրյալների խափանման միջոցը, նրանց ազատել կալանքից, իսկ մեղադրանքը կարճել հանցակազմի բացակայության հիմքով: Ապացույցներ չկան, որ սպանությունները կամ այլ բռնարարքները կատարել են անձամբ նրանք կամ աջակցել են կատարողներին:

Այժմ դիտարկենք 225 հոդվածը 5-րդ մասով համադրելը: Հայտնի է, որ հանցավոր համագործակցության (կառույց, կազմակերպություն) բոլոր մասնակիցները ենթակա են քրեական պատասխանատվության, որովհետեւ այդ կառույցը ստեղծվում է նախապես հանցավոր համաձայնությամբ, հանցավոր արարքներ կատարելու համար: Եթե մարդիկ օգտվում են Սահմանադրությամբ ընձեռված իրավունքներից եւ սոցիալական, տնտեսական, քաղաքական ու այլ դրդապատճառներով խաղաղ ցույցեր եւ երթեր են կազմակերպում, անհրաժեշտ է նրանց տարբերել հանցավոր կառույցի անդամների կարգավիճակից: Իսկ եթե հանգամանքների բերում առանձին դեպքերում (ոստիկանների հետ բախում, սադրանք, պրովոկացիա) խաղաղ ցույցը կամ երթը վերաճում է զանգվածային անկարգությունների եւ ուղեկցվում բռնարարքներով, քրեական հետապնդումը եւ պետական հարկադրանքի միջոցները բոլոր ցուցարարների վրա չեն տարածվում:

Ովքեր ծրագրել, հրահրել, ղեկավարել են բռնարարքներով ուղեկցված անկարգությունները, կոչվում են կազմակերպիչներ: Ովքեր անմիջական (անձամբ) կատարել են օրենքի նկարագրական մասում թվարկված արարքները կամ այլ հանցագործություններ, կամ աջակցել կատարողներին, կոչվում են անկարգություններին մասնակցողներ: Օրենքը այս երկու կատեգորիայի համար նախատեսել է քրեական հետապնդում եւ պատիժ:

Հասարակության մնացած մասը (ցույցեր, երթեր կատարողներ) զանգվածային անկարգությունների մասնակցողներ կամ մասնակիցներ չեն: Նրանք անկարգությունների ականատեսներն են: Եթե պետությունը քրեական հարկադրանք նախատեսի ականատեսների նկատմամբ, ապա այդ պետությունը կճանաչվի բռնապետություն:

«Անհապաղ հեռացել եմ» պատճառաբանությունը որպես հանցագործությունից տարանջատվելու միջոց՝ անհեթեթ է: Այդ դեպքում, մասնավորապես, կփլուզվի քաղաքացիների քաղաքացիական պարտականությունների բարեխիղճ կատարելու ինստիտուտը (կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ եւ անհետաձգելի օգնություն ցույց չտալը եւ այլն): Բացատրեմ օրինակով. զանգվածային անկարգություններին մասնակցողը հրկիզել է տեղանքում գտնվող մանկապարտեզը կամ հիվանդանոցը: Այս իրավիճակում ականատեսները (ցուցարարները, երթի մասնակիցները) պե՞տք է կանխեն հրկիզումը, փրկեն երեխային եւ անօգնական հիվանդներին, թե՞ պարտավոր են անհապաղ հեռանալ (ճողոպրել) տարածքից: Կարծում եմ, անտրամաբանական այս լրացումը նպատակ է հետապնդում ճնշել բազմամարդ ցույցերը եւ երթերը, անթաքույց սահմանափակել մարդկանց սահմանադրական ազատությունները: Իհարկե, դա հեշտացնում է նաեւ մեկ կամ երկու ոստիկանի ցուցմունքով անմեղ մարդկանց կալանելու եւ դատապարտելու պրակտիկայի ամրապնդումը:

Իմ կարծիքով, 225 հոդվածը պետք է ունենար 3 մաս: Առաջին մասի դիսպոզիցիան փոփոխելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ հանցավոր արարքների բնույթը հստակ է շարադրված: Օրենքի երկրորդ մասը նպատակահարմար է շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված զանգվածային անկարգություններին մասնակցելը»: Գործող օրենքում երկրորդ մասը շարադրված է հետեւյալ կերպ. «Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները անմիջականորեն կատարելը»: Ձեւակերպումը թերի է: Ենթադրենք հանցավորը կատարել է հոդվածի առաջին մասում չթվարկված արարք, օրինակ՝ բռնաբարություն, ինչպե՞ս պետք է լուծվի նրա իրավական գնահատումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել