Լրահոս
Օրվա լրահոսը

Խրախճանք՝ ժանտախտի պահին

Մարտ 11,2009 00:00

\"\"Տիֆից եւ խոլերայից մահացածների գերեզմանոցի անտառը վերածվում է զվարճանքի եւ հանգստի գոտու:

Քչերին է հայտնի, որ Էջմիածնի հարավ-արեւմտյան մասում տարածված Ներսիսյան անտառի տակ գերեզմանոց կա: Այստեղ են թաղված 1915 թ. Եղեռնից մազապուրծ եւ Էջմիածնում մահացած գաղթականները, որոնք թուրքի յաթաղանից փախել եւ Մայր աթոռի հովանու տակ ապաստան գտնելու հույսով պատսպարվել էին հոգեւոր կենտրոնում:

Քաղաքի տարեց բնակիչներից Ստեփան Կանայանը, ով այս թեմայով սեփական ուսումնասիրությունն ունի, ասում է, որ գաղթականները զոհ են գնացել սովին եւ համաճարակին. վարակված են եղել տիֆով ու խոլերայով: Էջմիածնի այդ հատվածում հիմա համաճարակից մահացած ննջեցյալների աճյուններն են: Բայց, որպեսզի տարածքը համընդհանուր գերեզմանատան չվերածվեր, հիշյալ հատվածում ծառեր են տնկել՝ անտառ հիմնել: Շերամի որդ ստանալու նպատակով, սկզբում թթենու անտառ են տնկել, հետո՝ կամաց-կամաց դրանց զգալի մասը հատել են՝ փոխարինելով դեկորատիվ ծառերով:

Ստեփան Կանայանի փոխանցմամբ՝ անտառը բավականին մեծ է եղել՝ Էջմիածնից սկսել ու ավարտվել է նախկին Խաթունարխ գյուղի մոտ, բայց այսօր զբաղեցնում է ընդամենը 8,5 հա տարածք, որի մի մասն էլ վերածվել է զվարճանքի եւ հանգստի գոտու: Կենսաբանական գիտությունների թեկնածու Ա.Պողոսյանին մտահոգում է այն փաստը, որ խոլերայի հարուցիչը 100 եւ ավելի տարվա կենսունակություն ունի եւ բարենպաստ պայմանների առկայությամբ կարող է ակտիվանալ: «Անբարենպաստ պայմաններում դրանք ցիստավորվում են, պատվում թաղանթով ու այդպես մնում տասնյակ տարիներ: Սակայն հենց դրանց ակտիվացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն՝ ապահովվի համապատասխան խոնավություն, լույս, ցիստան կպատռվի եւ կենդանին կշարունակի զարգանալ»,- պարզաբանում է մեր զրուցակիցը:

Հարուցչի՝ գործող օջախների բռնկման համար բարենպաստ պայմաններ Ներսիսյան անտառում կարծես ստեղծվել են. լողավազանը, ստորգետնյա ջրատար համակարգը, որ սպասարկում է հանգստի կենտրոնը, կարող են հողի տակ լուրջ վնասվել ու «նիրհի» մեջ գտնվող հարուցչին ակտիվացնել: Մանավանդ որ, իրազեկների ասելով՝ դիակները թաղվել են առանց դագաղների եւ 1-1,5 մետր խորության մեջ:

Հանգստի գոտու կառուցմանը մասնակցած շինարարներից մեկը պատմում է, թե ինչպես էր էքսկավատորով հողը փորելիս՝ հողի մակերեսային շերտի մեջ էքսկավատորի թաթը մի թեթեւ խփելով՝ մարդկային ոսկորները դուրս հանում:

Մասնագետները չեն ժխտում վտանգի հավանականությունը, բայց չեն էլ պատկերացնում այն զսպելու մեխանիզմները: Եվ մինչ նրանք փորձում են մեռելների հետ թաղած հարցը հողի երես հանել, Ներսիսյան անտառում մեծերը կյանքն ակտիվացնում են նաեւ երեխաների միջոցով: Տարիներ առաջ, երբ քաղաքի միակ զբոսայգին Մայր աթոռը «մաքրեց» կարուսելներից, որպես երեխաներին հասցրած վնասի փոխհատուցում՝ առանց էլեկտրականության աշխատող մի քանի կարուսել տեղադրեց անտառում, կրկին ուշադրության չարժանացնելով այն հանգամանքը, որ այդտեղ թաղված են համաճարակից մահացածներ: Բարեբախտաբար, քիչ ծնողներ են իրենց երեխաների հանգիստն այդ վայրում կազմակերպում. պատճառը ոչ թե զգուշավորությունն է (այս պատմությանը նույնիսկ ծանոթ էլ չեն), այլ՝ ժամանցի վայրը քաղաքի ծայրամասում է:

Մասնագետների կարծիքով՝ խոլերայից ու վարակիչ այլ հիվանդություններից մահացածների հուղարկավորված վայրը հանգստի եւ զվարճանքի գոտի դարձնելը բավականին մեծ ռիսկ է առաջ բերել: Կենսաբանական գիտությունների թեկնածու Պողոսյանը գտնում է, որ ճիշտը այդ վայրում հուշահամալիր կանգնեցնելն է, որովհետեւ՝ «ե՛ւ գործող օջախների բռնկման հավանականությունը կնվազի, եւ՛ չի պղծվի հազարավոր ննջեցյալների հիշատակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել