Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՄՈՌԱՑՎԱԾ ԱՆԿՅՈՒՆԸ՝ ԲԵՐՔԱԲԵՐ

Մարտ 11,2009 00:00

Սահմանամերձ բնակավայրում թանգարան ունենալը պաշտոնյաներին չի հետաքրքրում

Ջողազի անթեղված գանձերը

\"\"Ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր՝ Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է:

Որքա՜ն քիչ գիտենք բռաչափ Հայաստան երկրիս անկյունների եւ դրանց հինավուրց գանձերի մասին: Շուրջ 500 բնակիչ ունեցող Բերքաբերը մարզկենտրոն Իջեւանից ընդամենը 27 կմ է հեռու: Իջեւանի շրջանի սահմանամերձ այս բնակավայրը մինչ 1978 թվականը՝ Ջողազ է կոչվել: Այդ թվականին սկսվել եւ 1980-ին ավարտվել է Ջողազի ջրամբարի շինարարությունը: Հայ-ադրբեջանական բարեկամության խորհրդանիշն էր սույն կառույցը, որի ջրերով ոռոգվում էին Հայաստանի՝ Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Ադրբեջանի՝ Ղազախի շրջանի հողերը: Բերքաբերի ազգագրական թանգարանում պահպանվում են լուսանկարներ, որտեղ պատկերված է արհեստական ջրամբարի տակ հայտնված հայկական տարածքը, այդ թվում՝ Խելի կամրջի մնացորդները, որով ժամանակին անցել է Գրիբոյեդովը: Փոքրիկ Բերքաբերը ազգամիջյան հակամարտության տարիներին 3 զոհ է տվել: 45 միլիոն խմ տարողությամբ ջրամբարը, որ գյուղին առատ բերք էր խոստանում, այժմ գյուղացիների համար սոսկ գեղեցկություն է, գործնական նշանակություն չունի, քանզի գյուղի հողերը հիմնականում մնացել են ջրամբարից այն կողմ, սահմանից անդին, ադրբեջանցիների հսկողության ներքո:

Չկայացած թանգարանն ու եկեղեցին

\"\"1966 թվականին բերքաբերցի բանաստեղծ Նորայր Արզումանյանը (Խաչքարեցի) ստեղծեց գյուղի ազգագրական թանգարանը: Հիմնադրի վկայությամբ, թանգարանում շուրջ 7500 ցուցանմուշ կա: Սակայն թանգարանը ոչ խորհրդային ժամանակներում եւ ոչ էլ հիմա հաստիքային աշխատող չունի եւ այսօր անմխիթար վիճակում է: Նախկին խորհտնտեսության երկու սենյակները շատ տխուր տպավորություն են թողնում, պատերին խոր ճեղքեր կան, տախտակե հատակը խարխլված է, ցուցանմուշներին փոշու հաստ շերտ է նստած: 90-ական թվականներին ադրբեջանցիները հրետակոծել են նաեւ թանգարանը, ինչի մասին վկայում է հակառակորդի արձակած արկից ճեղքված պատմական փաստաթղթերի սնդուկը: Ուշ բրոնզեդարյան շրջանի կավե ամաններից մինչ նորօրյա արհեստագործական գործիքներ է ամփոփում երկրագիտական այս թանգարանը: 9 տարի առաջ, երբ նորոգել են գյուղի դպրոցը, Նորայր Արզումանյանը շինարարներին խնդրել է թիթեղապատել նաեւ թանգարանի տանիքը: Հիմա թանգարանի տանիքը շարքից դուրս է գալիս, ցուցանմուշները փրկելու համար վերանորոգումը պարզապես անհրաժեշտություն է:

Թանգարանը եկել- տեսել են մշակույթի նախկին նախարարներ Ռոլանդ Շառոյանը, Թամարա Պողոսյանը: Վերջինս մշակութային ժառանգության պահպանության գործում ավանդի համար Նորայր Արզումանյանին պատվոգրով է պարգեւատրել: «Հ1»-ն էլ է անդրադարձել այս թանգարանին, սակայն դրանից ոչինչ չի փոխվել:

Այստեղ՝ Հայաստանի սահմանի եզրին, նաեւ եկեղեցու գոյությունը շատ է կարեւոր: Գյուղի նախկին եկեղեցու տեղում Նորայր Արզումանյանը ձեռնամուխ է եղել հոգեւոր նոր օջախի կառուցմանը: Նրան այս հարցում սատարում էին հայտնի պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը: 1991 թվականին պետբյուջեի ֆինանսավորմամբ սկսվել եւ հաջորդ տարի ընդհատվել է գյուղի եկեղեցու շինարարությունը: «Եկեղեցու շինարարության համար բազում գործուղումների եմ մեկնել, երբեւէ մի կոպեկ չեմ ստացել»,- վերհիշում է Նորայր Արզումանյանը:

Հսկա կարասի պատմությունը

\"\"Բերքաբերի ազգագրական թանգարանի մուտքի մոտ հսկա, մեկ տոննանոց գինու կարաս կա: Տավուշի առաջին, այժմ հանգուցյալ, մարզպետը թանգարանի հիմնադրին խնդրել է կարասը նվիրել իրեն, որպեսզի ինքն էլ իր հերթին նվիրի երկրիս առաջին ղեկավարին: Շատերն են համոզել Նորայրին, այդ թվում՝ մարզի այսօրվա ղեկավարները, որպեսզի հսկա պուլիկը նվիրաբերի մարզպետի «սուրբ գործին»: Սակայն Արզումանյանն անդրդվելի է մնացել: Մյուս կողմից էլ 43 տարի առանց կարգավիճակի մնացած թանգարանի նմուշները ժամանակի ընթացքում, վաղ թե ուշ, կփչանան, եթե դրանց համար համապատասխան պայմաններ չստեղծվեն:

«Շիրազասեր» Արզումանյանը

73-ամյա Նորայր Արզումանյանը լի է երիտասարդական եռանդով եւ ստեղծագործական ավյունով: Նա 4 գրքի հեղինակ է, տպագրության է պատրաստում երկու նոր գիրք՝ «Կյանքիս չխամրող լույսերը» 800 էջանոց ինքնակենսագրական վեպը եւ «Ձայն մեծաց» ժողովածուն: Հայոց շատ մեծերի ձայնն է լսել Նորայր Արզումանյանը: Հատկապես մտերիմ է եղել Հովհաննես Շիրազի հետ, ով 50-ից ավելի նամակներ է հղել նրան: Այժմ Գյումրիի Շիրազի թանգարանը նրանից խնդրում է այդ ձեռագրերը: Նորայրը մտադիր է պոետի այդ նամակները հանձնել Գյումրիի թանգարանին:

Վերջաբանի փոխարեն

Կյանքը Բերքաբերում կարծես կանգ է առել: Գեղեցիկ բնությունն ու մարդկանց ծանր ապրելակերպը մռայլ հակադրություն են կազմում: Հազարավոր տարիներ մեր նախնիները ապրել-մաքառել են այս հողի վրա: Միգուցե գյուղի վերածնունդը հարկ է սկսել նրանց թողած հոգեւոր ժառանգությունի՞ց՝ թանգարանից եւ եկեղեցուց: Հայաստանը տուրիզմի երկիր ենք հռչակել, ի՞նչ ենք ցույց տալու արտասահմանցուն: Միայն Գառնին եւ Գեղա՞րդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել