Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտ 11,2009 00:00

ՍՊԱՆՎԱԾ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՎ

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարությանն է դիմել Կարինե Նաղդալյանը եւ հայտնել, որ ՀՀ հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության համար դատապարտված Արմեն Սարգսյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատական ակտը վիճարկելու նպատակով իրեն անհրաժեշտ է դատական ակտն ու դրա հիմքերը:

Երեկ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը հաստատեց «Առավոտի» այդ լուրը, ապա հայտնեց. «Կարինե Նաղդալյանին հանգամանորեն պարզաբանվել է, որ Արմեն Սարգսյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածին համապատասխան, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թ. սեպտեմբերի 10-ի որոշմամբ, պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատվել է: Պարզաբանվել է նաեւ, որ դատական ակտը եւ դրան կցված նյութերը հարկ է ստանալ դատարանից՝ օրենքով սահմանված կարգով: Կարինե Նաղդալյանին հիշյալ պարզաբանումները տրվել են նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ 2008 թ. դեկտեմբերի 26-ի եւ 2009 թ. փետրվարի 3-ի գրություններով»: Նշենք, որ 14 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Սարգսյանի վրա, ըստ սպանված լրագրողի քրոջ, չէր տարածվում վաղակետ ազատման հիշյալ հոդվածը:

«Առավոտի» տեղեկություններով, սպանված Տիգրան Նաղդալյանի կնոջ՝ Դիաննա Մնացականյանի դիմումն՝ իրեն կառավարության լրատվական ծառայությունից ազատելու խնդրանքով, կապ ունի արդարադատության նախարարության այս պատասխանի հետ:

Ռ. Մ.

ՇՐՋԻԿ ՄԵՔԵՆԱ՝ ԲԱՑԱՌԻԿ ՎԵՐՆԱՄԱՍՈՎ

\"\"Երեւանում շրջող այս սեփական մեքենայի վրա ամրացված խաչը տարբեր խոսակցությունների առիթ է դարձել: Ոմանք կատակում են, թե այն «շրջիկ» եկեղեցի է, ոմանք մտածում են, թե ինչ-որ բարեգործական առաքելություն են իրականացնում, ոմանք էլ ուղղակի զարմացած նայում են ու չգիտեն ինչ մտածեն: Հավանաբար, խաչի նկատմամբ հարգանքից ու պատկառանքից է մեքենայի տերն այդպես վարվել: Մնում է չզարմանալ, եթե հանկարծ քաղաքում տեսնենք մեքենաներ, որոնց վերնամասում լինեն, օրինակ, Օպերայի, Մատենադարանի, «հանգուցյալ» «կուկուռուզնիկի», Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Հայկի ու Տորք Անգեղի մանրակերտները: Ճաշակի եւ հնարավորությունների հարց է:

Ա. Հ.

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ՝ ԼՈԳԱՐԱՆՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Վանաձորի թիվ 8 շենքի 22-րդ բնակարանի բնակչուհի Նարինե Սուլյանը լոգարանում թունավորվել է շմոլ գազից:

ՔԱՄԻՆ՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎՐԱ

Երեկ ուժեղ քամու հետեւանքով հիմնովին վնասվել եւ կոտրվել են Կութ գյուղի միջնակարգ դպրոցի երկու հարկերի պատուհանների ապակիները: Դպրոցում իրականացվել է աշակերտների արագ տարհանում: Տուժածներ չկան: Գյուղապետարանի կողմից ստեղծվել է հանձնաժողով՝ վնասների չափը ճշտելու նպատակով: Իսկ Սյունիքի մարզից տեղեկություն էր ստացվել, որ ուժեղ քամու (արագությունը՝ 15-20 մ/վ) հետեւանքով վնասվել է Կապանի թիվ 13 դպրոցի տանիքը, կոտրվել պատուհանների ապակիները: Ստեղծվել է հանձնաժողով՝ վնասի չափերը ճշտելու նպատակով:

«ՔՅԱՎԱՌԱ ՍԱԽԱՐՈՎԻ» ԳԻՐՔԸ

\"\"Լույս է տեսել Գավառի բնակիչ Գեւորգ Մարդպետունու «Ինչ է կանացիությունը» գիրքը: Այն 100 օրինակից է եւ վաճառվում է շրջիկ գրավաճառների կողմից: Գրքում հեղինակն անդրադառնում է կանացիության-տղամարդկության խնդիրներին, մանվածապատ ներկայացնում «Հույսերի, ելեւէջների եւ պայքարի ժամանակաշրջանը»: Ինքնուս իրավապաշտպանի գրքում (նրան Գավառում «Քյավառա Սախարով» են ասում) առանձին բաժիններ կան. «Մարդասպանը», «Վերադարձ դեպի ողբերգություն»: Ինչու եմ շեշտում այս բաժինները, որովհետեւ այստեղ խոսվում է Գավառի հայտնի մականունավորների մասին, որոնց հեղինակը հրապարակավ մեղադրում է հանցագործությունների մեջ: Ի դեպ, այս հեղինակը տեղի ոստիկանության ուշադրության կենտրոնում է եւ հաճախ իր հրապարակագրությունների առիթով կանչվում է բաժին: Գրքում կա հայհոյանքների «գիտական», ծագումնաբանական մեկնաբանությունը:

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել