Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ, ՈՐԸ ՀԱՐՑԻՆ ԼՈՒԾՈՒՄ ԿՏԱ

Մարտ 11,2009 00:00

Իրեն նախկին ԽՍՀՄ-ի «անտեր» քաղաքացի համարող, նախկին ավագ ենթասպա Մելիքսեթ Սերյոժայի Գաբոյանի բողոքը:

«ՀՀ նախագահի, արտաքին գործերի նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության եւ ՀՀ իշխանության ներկայացուցիչները, հասցեատերերից թաքցնելով իմ դիմում-բողոքները, չեն ցանկանում բացահայտել ճշմարտությունը եւ պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց: Դրա վառ վկայությունն է ՀՀ նախագահին հասցեագրված վերջին՝ 8-րդ դիմում-բողոքս (15.12.08թ.): Օրեր առաջ՝ փետրվարի 10-ին, նախագահականի նամակների բաժնի պատասխանատու տիկին Ա. Ասատրյանը չցանկացավ հստակ պատասխանել, փոխարենը առաջարկեց ինձ. «Գնացեք ՀՀ ոստիկանություն, որպես անկոչ հյուր, այնտեղից էլ պահանջեք ձեր պատասխանը»,- ասաց երեկ «Առավոտին» դիմած, ՀՀ-ում ոչ մի տեղ հաշվառում չունեցող Մելիքսեթ Գաբոյանը: «Հարգարժան տիկին Ա. Ասատրյանը եւ մյուսները, չգիտես ինչու, մոռանում են իրենց պատասխանատվության, անաչառ հետեւողականության մասին: Եթե նախկին ԽՍՀՄ քաղաքացին չունի ՀՀ քաղաքացու անձնագիր եւ այդ մասին բարձրաձայնում է, ապա ինչո՞ւ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու՝ այն օրենքների սահմանված կարգով, որով իրենք հաշվառված են»,- հարցնում է գյումրեցի Մ. Գաբոյանը: Նա հիշեցրեց, որ 2005թ. խնդրել է ՀՀ նախագահից, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից եւ ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչությունից, փաստերի հիման վրա իրեն ճանաչել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ, որպեսզի առանց ՀՀ օգնության, նա կարողանա պաշտպանել ՌԴ-ում իր ոտնահարված իրավունքները եւ վերադարձնի մինչ օրս չստացած զինվորական ծառայության ընթացքում՝ 1997-ից մինչեւ 2004թ., խոշոր չափերի հասնող աշխատավարձը: «Զորացրելուց հետո՝ 13.08. 04թ.-ից, ՌԴ ՍԶ-երի զ/մ 2012 հրամանատարությունը միտումնավոր չի խփել զինգրքույկումս զորացրման հրամանի կնիքը, նույնիսկ դուրս չի գրել իմ անձնական զենքը, ապօրինի ինձ զրկել է աշխատանքից եւ ազատ տեղաշարժի իրավունքից, կրկին ինձ պատճառել բարոյական եւ ֆինանսական վնասներ»,- նշում է իրավազուրկ Մ. Գաբոյանը, որով ոչ մի իրավապաշտպան չի զբաղվում, ոչ մի փաստաբան ձեռք չի մեկնում, քանի որ անվճարունակ է եւ մեջքին էլ կուսակցական պատ չունի: «Որպես պատանդ, զրկվել եմ ընտրություններին մասնակցելուց, սոցիալական քարտ ունենալուց, աշխատանքից, ազատ տեղաշարժի իրավունքից: 2008 թ. հոկտեմբերին, «Առավոտի» հրապարակման շնորհիվ, ստացել եմ անսպասելի պատասխան ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության պետի նորանշանակ տեղակալի կողմից, ըստ որի՝ ինձ առանց զինհաշվառման կանգնեցնելու, կարող եմ ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր, այն դեպքում, որը չի արվել՝ միտումնավոր, տարիներ շարունակ (2005թ., 2006թ., 2007թ. մինչեւ 2008թ. հոկտեմբերը): Սակայն էլի չեն հաշվառում: Կրկին պահանջում եմ՝ ինձ, ընտանիքիս եւ երեք անմեղ երեխաներիս արտաքսել ՀՀ-ից, պատանդի կարգավիճակով այլեւս հնարավոր չէ ապրել մի երկրում, որտեղ տարիներ շարունակ չի գործում ՀՀ օրենքը, որպես անկախ հանրապետություն: Եթե այս բաց նամակն էլ իր դրական լուծումը չստանա, մեղավորները չենթարկվեն պատասխանատվության ՀՀ օրենքի սահմանված կարգով, ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչությունը ինձ չճանաչի ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ, ստիպված եմ որպես ՀՀ-ում հաշվառում չունեցող անձ, դիմել այլ պետության հյուպատոսարաններին, որպեսզի ընտանիքիս տան քաղապաստան: Ունենալով բոլոր հիմքերը եւ ապացույցները, ես՝ որպես նախկին ԽՍՀՄ-ի ազնիվ քաղաքացի, պատրաստ եմ պատասխան տալ ՀՀ օրենքի սահմանված կարգով»,- ասում է «Առավոտի» զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել