Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոկատի հրամանատարից՝ մուրացկան

Մարտ 11,2009 00:00

\"\"Ազատամարտիկ Ալբերտ Վարդանյանը փող է մուրում, որ ապրի

«40 տարեկան եմ, 40 էլ դարդ ու ցավ ունեմ: Կյանքս չեմ խնայել, կռվել եմ Արցախում, դարձել 2-րդ կարգի հաշմանդամ: Ոտքս՝ հեչ, ստամոքսս է վիրավորվել, հիմա արհեստական է դրած»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց ազատամարտիկ Ալբերտ Վարդանյանը: Ջոկատի հրամանատար ու ավագ լեյտենանտ Վարդանյանն այսօր մայրաքաղաքի գետնանցումներում փող է մուրում՝ ապրելու միջոց չունի: Արցախյան պատերազմի ժամանակ նա վիրավորվել է աջ ոտքից, այսօր էլ հենակի օգնությամբ է տեղաշարժվում: Առողջական խնդիրներ ունենալու պատճառով Ա. Վարդանյանը աշխատել չի կարողանում: Որպես 2-րդ կարգի հաշմանդամ՝ Ա. Վարդանյանն ամսական 58 հազար դրամ թոշակ է ստանում, որից 40 հազարը բնակարանի վարձ է տալիս: Մնացած 18 հազար դրամով ազատամարտիկը ոչ միայն սննդի հարցերը չի կարողանում հոգալ, այլեւ կոմունալ վարձերը մուծել դժվարանում է. «Դե ասեք, ոնց ապրեմ, շատ եմ ամաչում, որ զինվորականի շորերով ու ավագ լեյտենանտի կոչումով փող եմ խնդրում, բայց ի՞նչ անեմ»:

Ալբերտի խոսքերով, 2 տարի առաջ կինն ավտովթարից մահացել է, իսկ 2 տարեկան դուստրը ողնաշարի կոտրվածք է ստացել: «Աղջիկս պառկած է Ծերեթելիի մանկական հիվանդանոցում, ողնաշարը պետք է վիրահատեն, բժիշկներն ուզում են Մոսկվա ուղարկեն, բայց փող չունեմ, որ էրեխուս կյանքը փրկեմ»,- ասում է նա: Ա. Վարդանյանը մուրացկանություն անելով օրական 1000-2000 դրամ է հավաքում: Այս օրերին նրա «վաստակած» գումարը ծախսվում է հիվանդ աղջկա խնամքի համար: Ըստ Ա. Վարդանյանի, ինքը հայրենիքի համար լավ որդի է, սակայն սեփական ծնողի համար՝ «անպիտան». «Մայրս ծերանոցում է, փող չունեմ, որ պահեմ: Ծերանոցում նա ավելի ապահով է»:

Մենք զրուցեցինք նաեւ Ալբերտի հարեւանների հետ: Նրանց խոսքերով. «Կիսասոված վիճակում են համարյա միշտ լինում: Մենք երբեմն նրանց ինչով կարողանում ենք՝ օգնում ենք»:

«Շատ եմ նվաստանում, երբ տեսնում եմ, որ ինձ հետ խրամատներում կռվածները հերոսներ են, իսկ ես՝ միայն մուրացիկ հաշմանդամ: 3 տարի կռվել եմ, կիսամարդ եմ դարձել: Կոչումների ու շքանշանների փոխարեն մուրացկանի պաշտոն եմ ստացել»,- մեզ հետ զրույցում նեղսրտեց ազատամարտիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել