Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵ՞Տ

Մարտ 11,2009 00:00

\"\"Գյումրիում այս մասին պտտվող խոսակցությունները գնալով ավելի թեժանում են

Արդեն քանի ամիս է, Գյումրիում շրջանառվում են լուրեր այն մասին, որ շուտով Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի փոխարեն նրա աթոռը կզբաղեցնի հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, եւ որ այս հարցում խիստ շահագրգիռ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ տեղեկությունների, այս լուրերը սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ինագուրացիայից հետո՝ Ղուկասյանը գյումրեցի ծանրամարտիկին շնորհեց Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում՝ խոստանալով նրան աջակցել հարազատ քաղաքում տուն կառուցելու հարցում: Վերջերս Յուրի Վարդանյանի՝ մարզպետ դառնալու մասին խոսակցություններն ավելի են թեժացել. ցանկացած կուսակցության գրասենյակում, անգամ Շիրակի մարզպետարանում սա դարձել է բուռն քննարկման թեմա: Եվ քանի որ Շիրակի մարզպետն այս պահին ոչ աշխատանքային այցով Եվրոպայում է, ուստիեւ խոսում են, թե վերադառնալուն պես, նրան պաշտոնանկ կանեն կամ կտեղափոխեն Պետեկամուտների կոմիտե:

Որպես պաշտոնանկ անելու պատճառ՝ մասնավորապես փաստարկվում է այն, որ կառավարությունն այնքան էլ հիացած չէ Լիդա Նանյանի աշխատանքով, եւ որ վերջինիս գործունեությունը գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդից՝ դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանից: Այսինքն՝ թե նախորդի, եւ թե ներկայի օրոք սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր՝ ռեկորդային ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում: Բացի այդ, Շիրակի մարզը «ռեկորդակիր» է նաեւ նախորդ տարիներից կուտակված աշխատավարձերի պարտքերի առումով: Նաեւ շոշափվում է այն հանգամանքը, որ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված մարզպետը յոլա չի գնում այդ նույն կուսակցության հետ կոալիցիա կազմած դաշնակցականների հետ. ամեն քայլափոխի խնդիրներ է ստեղծում նրանց համար: Մասնավորապես, դպրոցի դաշնակցական տնօրեններին ազատում է պաշտոնից՝ իր այդ քայլով վատ վիճակի մեջ գցելով կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանին: Մի խոսքով, քննադատվում է մարզպետի կադրային քաղաքականությունը. որոշ ռեստորանատերերի՝ դպրոցի տնօրենի պատասխանատու պաշտոնը վստահելը եւ այլն:

Մենք փորձեցինք ճշտել, թե որքանո՞վ է հավանական նման փոփոխությունը. մի՞թե հայտնի ծանրամարտիկին ԱՄՆ-ից հայրենիք են հրավիրել Շիրակի մարզպետի պաշտոնը հանձնելու համար կամ արդյո՞ք նրան ինչ-որ պաշտոն հետաքրքրում է: Ի դեպ, մարզպետարանից մեզ վստահեցնում են, թե դա դաշնակցականների տարածած լուրերն են: Այս հարցի շուրջ նախ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Գյումրիի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Վարդեւան Գրիգորյանից: Մեր այն հարցին, թե կուսակցության օրակարգում նման հարց քննարկվե՞լ է, վերջինս պատասխանեց, որ Յուրի Վարդանյանը Գյումրիի կուսակցության խորհուրդ դիմում չի ներկայացրել կուսակցության անդամ դառնալու համար, հետեւաբար նման քննարկում չէր կարող լինել: «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, ըստ կուսակցության կանոնադրության՝ կուսակցության անդամ դառնալու համար պետք է դիմում ներկայացնեն ըստ գրացման վայրի, միգուցե Յուրի Վարդանյանը գրանցում ունի Երեւանում եւ դիմում է ներկայացրել այնտեղ, ես հստակ չգիտեմ, բայց որ Գյումրիի խորհրդում հաշվառման չի կանգնել, դա փաստ է»,- ասաց Վարդեւան Գրիգորյանը:

Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել անձամբ մարզիկից: Նա մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում փոխանցեց հետեւյալը. «Էն օրվանից, երբ ինձ Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտում պրոֆեսորի կոչում շնորհեցին, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ճի՞շտ են, արդյոք, այն խոսակցությունները, որ ես մշտական բնակության եմ տեղափոխվելու Հայաստան: Երբ ես պատասխանեցի՝ այո, հունվարից կամ փետրվարից կտեղափոխվեմ, ժողովուրդը սկսեց լուրեր տարածել, որ ինձ Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնն են առաջարկելու, այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի փոխարեն, մի մարդու, որի հետ ես մտերիմ եմ: Դրանից մի ամիս անց Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց իր պաշտոնում, լավ է, ժողովուրդը այս խոսակցություններին վերջ դրեց: Հետո սկսեցին խոսել, որ ինձ սպորտի նախարար են տալու, անգամ թերթերը սկսեցին գրել այս մասին, ես Լոս Անջելեսում էի, ինձ ֆաքսով ուղարկում էին այդ նյութերը, մի պաշտոն, որի մասին ընդհանրապես չի խոսվել, երեւի ժողովուրդը ինչ-որ հաշվարկներ է անում կամ միգուցե դա իր ցանկությունն է, հիմա էլ Շիրակի մարզպետի պաշտոնի համար են խոսում: Էդ ամեն ինչը առաջիկայում կլուծվի՝ ժողովուրդն էլ կհանգստանա, իսկ որոշում կայացնողը նախագահն է»:

Յուրի Վարդանյանի մտերիմներց մեկն էլ, որը խնդրեց իր անուն-ազգանունը չհրապարակել, մեզ խորհուրդ տվեց. «Համբերություն չունե՞ք, մի շաբաթ համբերեք, էլի, կտեսնեք ինչ կլինի: Ճիշտ է՝ Գյումրիում ամբողջ օրը էդ մասին են խոսում, բայց մենք էլ չգիտենք իրեն ինչ պաշտոն են առաջարկելու, ինքն էլ չգիտի, բայց որ իրեն հաստատ պաշտոն կտան, դա փաստ է, մենք չենք որոշողը, հանրապետության նախագահն է որոշողը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել