Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղորայքի շուկան բարձիթողի վիճակում է

Մարտ 11,2009 00:00

Դեղերի բիզնեսով զբաղվող տնտեսվարողների հավաստմամբ, այս շուկայում գոյություն չունի կոնկրետ գին հասկացությունը:

Հայաստանում դոլարի արժեւորմանը զուգահեռ, ի թիվս շատ այլ ապրանքների, մինչեւ 15%-ով թանկացավ նաեւ դեղորայքը:

Դեղատների տնօրենները «Առավոտի» հետ զրույցում մեղքը բարդեցին մատակարարների վրա, պատճառաբանելով, որ նրանք ապրանքը բերում են նախկինից թանկ գնով:

«Տրի ֆարմ» դեղատան տնօրեն Խաչատուր Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց դեղատանն էլ որոշ դեղեր թանկացել են: Խ. Գասպարյանի խոսքերով՝ մատակարարները նոր ապրանքներն արդեն նոր գներով են բերում, բացառությամբ՝ տեղական արտադրության դեղորայքի. «Օրինակ, «Սերվյե» ֆիրմայի դեղերն արդեն 15-20% թանկ են բերում: Ետ ենք գնացել 90-ական թվականները, երբ կոնկրետ գին հասկացություն չկար: Այժմ այս շուկան բարձիթողի վիճակում է: Հիմա գների ամպլիտուդա է տեղի ունենում: Փոխարժեքի տատանումներից տուժեցին առեւտրականները»:

«Անիս» դեղատնից էլ վստահեցրին, որ մոտ 10-15%-ով թանկացել են ներմուծվող դեղերը: Ի տարբերություն մայրաքաղաքի մի շարք դեղատների, «Լավանդա» եւ «Տոնուս լես» դեղատներում ասացին, որ իրենց մոտ ոչ մի դեղ չի թանկացել: «Տոնուս լեսի» աշխատակցի ներկայացմամբ, իրենց դեղատանը վաճառվում է հիմնականում իրենց ներմուծած ապրանքը. «Աշխատել ենք նույնիսկ փոխարժեքի տատանումների օրերին, այն դեպքում, երբ շատ դեղատներ չէին գործում: Բացի այդ, դոլարի թանկացումից հետո ապրանքի նոր բաժին չենք ներմուծել եւ վաճառում ենք նախկինում ներմուծածը»: Մեր այն հարցին, թե առաջիկայում դեղորայքի թանկացում սպասվո՞ւմ է, «Տոնուս լեսից» պատասխանեցին. «Մենք ուզում ենք հասկանալ, թե դոլարը վերջնական ինչ գին կդառնա, որպեսզի որոշենք, թե հետագայում ինչպես ենք աշխատելու»:

Դեղորայքի բիզնեսով զբաղվող «Նատալի ֆարմ» ընկերության տնօրեն Ասատուր Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Հեռուստացույցով անընդհատ ասում են, որ տնտեսվարողները էժան դոլարով գնված հին ապրանք ունեն, հիմա դա են թանկ վաճառում, համամիտ եմ, հին ապրանք ունենք: Բայց չէ՞ որ ես բանկից վարկ եմ վերցրել, որ այդ ապրանքը ձեռք բերեմ: Եվ եթե այսօր դոլարը թանկացել է, ու ես իմ ապրանքը չթանկացնեմ՝ շատ կտուժեմ: Ասենք՝ բանկից վերցրել եմ $100 հազար վարկ եւ պետք է այդ գումարը փակեմ: Ապրանքը հին գներով վաճառելու դեպքում՝ ես կտուժեմ, քանի որ դոլարն արդեն թանկ եմ առնելու: Բացի այդ, բազմաթիվ պոլիկլինիկաներ ու պետական հիվանդանոցներ մեզ պարտք են՝ դեղը վերցրել են, գումարը չեն տվել: Նրանք մեր պարտքը վերադարձնելու են հին գներով: Փաստորեն, դեղի նոր բաժին բերելու համար ես էլի տուժում եմ: Այս դեպքում ո՞վ է փոխհատուցելու: Մատակարարին դարձնում են ժողովրդի թշնամին: Ասում են՝ գերշահույթ են ստանում, բայց նույնիսկ շահույթ չունենք, բիզնեսը «վարի» է գնում»:

Դեղերի ներկրմամբ զբաղվող «Ֆարմատեկ» ընկերության տնօրեն Վահան Առուշանյանն էլ տեղեկացրեց, որ երեկ ապրանքները բաց են թողել 15-16% թանկ գներով. «Այլ կերպ հնարավոր չէր: Մենք փոխարժեքի փոփոխումից արդեն $350 հազար տուժել ենք: Մեր դիստրիբյուտորներին մի քանի ամիս առաջ ապրանք ենք տվել եւ գումարը դեռ չենք ստացել, իսկ պայմանավորվածությունը եղել է դրամով: Այսինքն՝ այդ գումարը դրամով որ վերադարձնեն, մենք նոր ապրանք բերելու համար պետք է արդեն դոլարը թանկ գնենք»:

Դեղորայքի շուկայում արձանագրված գնաճի առնչությամբ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ հանձնաժողովը այդ շուկայում վարույթ է սկսել. «Եթե վարույթի ընթացքում պարզվի, որ ընկերությունները հակամրցակցային համաձայնության են եկել կամ դիրքի չարաշահում են թույլ տվել, ապա օրենքով նախատեսված կարգով կտուգանվեն՝ նախորդ տարվա հասույթի 2%-ի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը 300 միլիոն դրամով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել