Լրահոս
Օրվա լրահոսը

Նիստը կարճ տեւեց

Մարտ 11,2009 00:00

Դատավորը լսում է միայն դատախազներին

Երեկ «Յոթի» գործով դատական հերթական նիստի ժամանակ դատարան էր բերվել միայն քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը, բայց դրանից ո՛չ դատարանի շենքի ներսում, ո՛չ էլ դրսում՝ շենքին հարակից տարածքում, ոստիկանների եւ «կարմիրբերետավորների» թիվը չէր պակասել: Դատական նիստը տեւեց ընդամենը մի քանի րոպե այն պատճառով, որ Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ ինքը մարտի 11-ին որպես պաշտպան մասնակցելու է Ախալցխայում նախապես նշանակված մեկ այլ գործով դատավարությանը, ուստի խնդրել էր «Յոթի» գործով դատական նիստը հետաձգել, որովհետեւ ինքը հանրապետությունից բացակայելու է: Դատավորը կարծիք հայտնեց, որ պաշտպանը պետք է դատական նիստին չներկայանալու եւ այն հետաձգելու հարցը քննարկեր դատարանում եւ ոչ թե ինքնուրույն որոշում կայացներ, թե որ դատն է կարեւոր եւ որ դատից ինքը բացակայի: Մ. Մարտիրոսյանը փորձեց Ոսկերչյանից ճշտել նրա դիրքորոշումը՝ պաշտպանի բացակայությամբ դատական նիստը շարունակելու վերաբերյալ: Քաղբանտարկյալն առարկեց դատն առանց պաշտպանի շարունակելու դեմ: Իսկ պաշտպան Հովիկ Արսենյանն առարկեց դատավորի հայտարարությանը՝ հիշեցնելով, որ նախորդ օրը Ոսկանյանը դատարանին դիմել էր դատական նիստի օրը նշանակելիս հաշվի առնել այն, որ պաշտպանները այլ գործերով եւս դատական նիստերի են մասնակցում: Հ. Արսենյանը դատավորին հիշեցրեց, որ նախորդ օրը նա պաշտպան Ոսկանյանի այդ հայտարարությունն արհամարհել էր ու առանց այն մինչեւ վերջ լսելու եւ քննարկելու դատական նիստ էր նշանակել:

Իր հեղինակավոր կարծիքն այս առնչությամբ հայտնեց նաեւ մեղադրող Կորյուն Փիլոյանը: Նա հայտարարեց, որ դատավարության առաջին օրվանից պաշտպանների որդեգրած մարտավարությունը՝ անհիմն ձգձգել դատավարությունը, հուշում էր, որ այսօր պաշտպաններից ինչ-որ մեկը դատական նիստից բացակայելու է. «Մենք գտնում ենք, որ սրանով պաշտպանական կողմը խուսափում է գործում առկա ապացույցների հրապարակային քննարկումից»: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը մինչեւ վերջերս նույնն ասում էր մեղադրողների ու դատավորի վերաբերյալ:

Կողմերին լսելուց հետո Մ. Մարտիրոսյանը ամբաստանվողի «անհրաժեշտ պաշտպանությունը ապահովելու նպատակով» ընդմիջում հայտարարեց՝ Ոսկերչյանին հորդորելով ապահովել իր պաշտպանի ներկայությունը մարտի 11-ի նիստին կամ օգտվել այլ պաշտպանի ծառայությունից: Դատավորն իր հայտարարությունն արեց ու դուրս եկավ դահլիճից՝ այս անգամ առանց հաշվի առնելու Ոսկերչյանի հայտարարությունը, թե՝ ինքը հնարավորություն չունի ապահովելու պաշտպանի ներկայությունը եւ այլ պաշտպան ունենալու ցանկություն չունի:

Հիշեցնենք, սակայն, որ փետրվարի 27-ին մեկ այլ քաղբանտարկյալի՝ Վարդան Ջհանգիրյանի գործով դատական նիստի ընթացքում՝ չնայած այն բանին, որ գործով նախագահող դատավորի՝ նույն Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ բերման էին ենթարկել անկողնուն գամված ամբաստանվողին՝ նրա սեփական բազկաթոռով եւ ձեռնափայտերով, այդուհանդերձ, նիստը հետաձգվեց միայն այն պատճառով, որ, ինչպես դատավորն էր ասել՝ մեղադրող Կորյուն Փիլոյանը նիստին չէր ներկայացել, իբր, «աշխատանքային ծանրաբեռնվածության» պատճառով: Վ. Ջհանգիրյանի գործով, չգիտես ինչու, դատավոր Մ. Մարտիրոսյանը մեղադրող Փիլոյանի բացակայությունը «ինքնուրույն ընդունած որոշում» կամ անթույլատրելի չէր համարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել