Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ, ԻՄ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ՝ ՕՐԵՆՔ»

Մարտ 11,2009 00:00

\"\"Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան զեկույցում նշել է, թե անկախացումից ի վեր՝ Հայաստանում գործում է այս սկզբունքը:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 17 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը ՀՀ նախագահին եւ իշխանության այլ մարմիններին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու ազատությունների խախտումների մասին զեկույց. «Իսկ ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում դա ներկայացնում է ԱԺ նիստում»: Սակայն մեր խորհրդարանը ժամանակ չի գտել լսելու ՄԻՊ-ի անգամ 2007 թվականի տարեկան զեկույցը, թեեւ այն քառօրյա նիստերի օրակարգում է: Թերեւս այդ պատճառով Արմեն Հարությունյանը երեկ 2008-ի իր տարեկան զեկույցը ներկայացնելու համար ընտրեց 17 հոդվածով նախատեսված մեկ այլ հնարավորություն. «Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաեւ ԶԼՄ-ներին եւ համապատասխան հասարակական կազմակերպություններին»:

275 էջ կազմող 2008-ի տարեկան զեկույցի համար Արմեն Հարությունյանը բնաբան է ընտրել Միրզա Հալիբի հետեւյալ խոսքերը. «Մինչ կվատնես սեփական ուժերդ մեկ ուրիշի բարեհաճությունը շահելու վրա, բաց չթողնես հնարավորությունը վերագտնելու ինքդ քեզ»:

«Չոր» թվերին զուգահեռ, ըստ որոնց՝ 2008-ին առավել շատ բողոքներ ստացվել են ոստիկանության, դատարանների եւ Երեւանի քաղաքապետարանի դեմ՝ զեկույցում բավական շատ է ուղղակի արտառոց խախտումների մասին տեղեկատվությունը: Օրինակ, մեջբերված է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոյեմբերի 21-ին հայտնել էր, թե ոստիկաններն արգելում են խաղաղ երթ անցկացնել, որը պետք է մեկնարկեր ԱԳՆ շենքի մոտից. «Ոստիկանության աշխատակիցները երթի արգելումը պատճառաբանել են նրանով, որ միջոցառմանը մասնակցում են 100-ից ավելի քաղաքացիներ, իսկ այդ դեպքում գործող օրենսդրությունը պահանջում է իրազեկում Երեւանի քաղաքապետարան, ինչը կազմակերպիչների կողմից չի կատարվել: Մինչդեռ Պաշտպանի աշխատակիցներն արձանագրել են, որ միջոցառմանը մասնակից են եղել մոտ 50 քաղաքացիներ»: Կամ հիշատակված է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ բռնությունը. ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը հարվածելով վայր էր գցել լրագրողին, մեկ ուրիշ ոստիկան էլ արցունքաբեր գազ էր փչել լրագրողի աչքերին: Այս դեպքը նկարահանված է, սակայն ըստ Արմեն Հարությունյանի՝ «Որեւէ մեկը պատասխանատվության մինչ օրս չի ենթարկվել»:

Օրենքի տարբերակված կիրառման մի պակաս հայտնի փաստ մեջբերենք զեկույցից, որն ակնհայտորեն վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրը լինելու պատճառով դիվանագիտական ծառայությունից հեռացված Ռազմիկ Խումարյանի կնոջ ոդիսականին: Զեկույցում նշված են նրա ու նրա կնոջ անվան միայն սկզբնատառերը: Ըստ այդմ՝ ԱԺ աշխատակազմի Տարածքային քաղաքականության վերլուծության վարչության գլխավոր մասնագետ նրա կինը՝ Ա. Շ.-ն, ամուսնու դիվանագիտական երկարատեւ գործուղման պատճառով, սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից՝ հետագայում համարժեք աշխատանքի վերականգնվելու պայմանով՝ համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի: Հայաստան վերադառնալուց հետո՝ 2008-ի հունիսին, գրավոր դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ աշխատանքի վերականգնելու խնդրանքով: Սակայն նրան հորդորել են սպասել՝ հրաժարվելով գրավոր պատասխանել դիմումին: Ա. Շ.-ն գտնում է, որ «նման պահվածքը հիմք է տալիս կարծելու, որ իր դիմումը չի բավարարվելու ինչն ըստ դիմումատուի, կապված է իր ամուսնու՝ Ռ. Խ.-ի անձի հետ, որը ուներ այլ քաղաքական հայացքներ»:

Հատուկ քննչական ծառայության դեմ բողոքները հիմնականում վերաբերել են ծեծի եւ սպառնալիքների միջոցով ցուցմունքներ կորզելուն: Ըստ զեկույցի՝ «Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ ՀՔԾ դեմ ուղղված բոլոր դիմում-բողոքների վերաբերյալ Պաշտպանի կատարած հարցումներին տրվում են ոչ թե պարզաբանումներ, այլ բավարարվում են միայն կարճ պատասխանով՝ քաղաքացու կողմից ներկայացված փաստերը իրականությանը չեն համապատասխանում, ինչը ոչ համոզիչ է եւ մտահոգիչ»:

Զեկույցի մաս է կազմում նաեւ «մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի չափորոշիչների համատեքստում» Պաշտպանի աշխատակազմում կատարված բավական ուշագրավ ուսումնասիրությունը:

Սակայն առավել կարեւոր են զեկույցի ամփոփման մեջ Հայաստանում մարդու իրավունքների առումով նշված համակարգային խնդիրները. «Դրանք վերաբերում են մեր երկրի անկախացումից սկսած՝ ամբողջ ժամանակաշրջանին: Մեր երկրում պետական շինարարությունն ի սկզբանե ընթացել է սխալներով: Իհարկե, դա չի ազատում այսօրվա իշխանություններին պատասխանատվությունից»: Արմեն Հարությունյանը նշում է, որ քաղաքական համակարգի առկա ավտորիտարիզմը «վերաբերում է ինչպես իշխանություն, այնպես էլ ընդդիմություն ներկայացնող քաղաքական կուսակցությունների մեծամասնությանը: Այսօր հասարակությունը, ըստ էության, ժողովրդավարական կուսակցությունների, այլ ոչ թե ժողովրդավարական կարգախոսների իսկապես մեծ պահանջարկ է զգում: Ժողովրդավարացմանն ավելի պատրաստ է հայաստանյան հասարակությունը, քան քաղաքական համակարգը: Նմանատիպ իրավիճակը ազդում է երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա»:

Զեկույցում հրատապ է համարվում, որ հստակ տարանջատվեն բիզնեսն ու իշխանությունը. «Այլապես, եթե հասարակական պրակտիկան գնա այլ ճանապարհով ու նույն անձը միաժամանակ լինի ե՛ւ քաղաքական գործիչ, ե՛ւ պաշտոնատար անձ, ե՛ւ գործարար, ապա դատապարտված կլինենք ունենալ ֆեոդալիզմին բնորոշ հասարակական հարաբերություններ՝ քողարկված 21-րդ դարի ինստիտուցիոնալ եւ իրավական համակարգերով, որտեղ մարդու իրավունքները կկրեն միայն ձեւական բնույթ»:

Արմեն Հարությունյանը նաեւ նշել է. «Ներկայիս իշխանությանը նախորդ խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջանից ժառանգություն են մնացել ռեպրեսիվ մեխանիզմը եւ դրանով պայմանավորված՝ հասարակական հարաբերությունների դեֆորմացիան, որից օր առաջ պետք է ազատվել: Այսօր այդ ռեպրեսիվ համակարգի հիմնասյուներն են հատկապես դատախազությունը եւ ՀՔԾ-ն»: Ըստ զեկույցի՝ ռեպրեսիվ համակարգի գոյության հետեւանքով հասարակությունում չի նվազում վախի մթնոլորտը:

Զեկույցն ավարտվում է այսպես. «Խորհրդային Միությունից եւ 18 տարվա հետխորհրդային ժամանակահատվածից մեզ, որպես ժառանգություն, մնացել է մի համակարգ, որը գործում է ոչ թե հանուն մարդու, այլ մարդու հաշվին: Գոյություն չունի որեւէ հասարակություն առանց հակասությունների: Սակայն այդ հակասությունների կրողները մրցակիցներ են, այլ ոչ թե թշնամիներ, ովքեր փորձում են միմյանց ոչնչացնել: Այժմ ժամանակն է օբյեկտիվ նայելու ինքներս մեզ, եւ մեր սխալների ու հիմնախնդիրների համար չմեղադրել ում ասես՝ միայն ոչ մեզ: Ե՛վ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը պարտավոր են վերադարձնել հասարակությանը սերը, հանդուրժողականությունը, առանց որի հնարավոր չէ հարգել միմյանց իրավունքները»:

Հ. Գ. Պատասխանելով «ՀԺ»-ի հարցին, թե ինչու զեկույցում չի անդրադարձել ռեպրեսիվ համակարգի զոհերի կարգավիճակի խնդրին՝ Արմեն Հարությունյանն ասաց, թե քաղբանտարկյալ բնորոշումը չի օգտագործել եւ չի օգտագործելու, անգամ եթե այն կիրառվի ԵԽԽՎ-ի կողմից, քանի որ ինքը դրանով կդառնա քաղաքական բանավեճի կողմ. «Իմ մանդատը միջնորդ լինելն է, իսկ դուք ուզում եք, որ քաղաքական գնահատական տամ հարցերին: Ես իրավական վիճակն եմ ներկայացնում եւ մնացածը թողնում եմ ձեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել