Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործությունը բացահայտվել է «մասնավո՞ր կերպով»

Մարտ 11,2009 00:00

ԱԱԾ պետի հրաժարականի մասին լուրերն այնքան էլ հիմնազուրկ չեն

Երեկ առավոտից համառ լուրեր էին շրջանառվում մե՛կ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի եւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի, մե՛կ էլ ՀՀ կառավարության, ընդ որում՝ ամբողջ կազմով, հրաժարական տալու մասին: «Առավոտի» աղբյուրները, սակայն, անհեթեթ էին համարում բոլոր այս լուրերը, բացառությամբ մեկի՝ ԱԱԾ պետի ներկայացրած հրաժարականի:

Մեր աղբյուրների մատուցմամբ, նա, իսկապես, երեկ հրաժարական ներկայացրել է, բայց դա որեւէ առնչություն չունի ո՛չ նրա թոշակի անցնելու, ո՛չ էլ ֆինանսական ճգնաժամի հետ: Մեր տեղեկություններով, ԱԱԾ պետին հրաժարական տալուն «դրդել» է ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը, եւ դա պայմանավորված է նույն Արմեն Ավետիսյանի տան վրա 2008թ. հոկտեմբերի 26-ին կատարված ավազակային հարձակում կատարած հանցավոր խմբի բացահայտմամբ: Հիշեցնենք, որ մարտի 9-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե այդ հանցագործությունը ծառայության կողմից բացահայտվել է մարտի 7-ին «իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում», որ այդ գործի շրջանակներում կալանավորվել է 10 անձ, այդ թվում՝ ավազակային հարձակման անմիջական մասնակիցներն ու օժանդակողները, ձերբակալվել են հանցավոր խմբի ղեկավարն ու պատվիրատուն, որը ֆինանսավորել եւ ուղղորդել է նրանց գործողությունները:

Սակայն, «Առավոտի» տեղեկություններով, իրականում հիշյալ հանցավոր խմբի բացահայտումը հնարավոր է եղել հենց Ա. Ավետիսյանի ջանքերի շնորհիվ, որը իր տան վրա կատարված հարձակումից հետո, չսպասելով իրավապահներին, սեփական ուժերով հետաքննություն է արել ու, ի վերջո, ընկել հանցագործների հետքի վրա: Ընդ որում, նախկին պաշտոնյայի մասնավոր հետաքննության մեջ ներգրավված են եղել հենց ԱԱԾ առանձին աշխատակիցներ, բայց ոչ թե ի պաշտոնե, այլ՝ «ծանոթ-ընկերոջ», այլ կերպ ասած՝ ներքին կարգով, որպես աջակցություն երբեմնի գործընկերոջը: Հիշեցնենք, որ Ա. Ավետիսյանը մինչեւ «մաքսայինում» աշխատանքի անցնելը մի տեւական ժամանակ զբաղեցնում էր ԱԱԾ 4-րդ՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի պաշտոնը: Ասել է թե՝ ծառայության կադրերի կողմից ներքին հետաքննության արդյունքը «պաշտոնական բացահայտման» է վերածվել միայն այն ժամանակ, երբ Ա. Ավետիսյանը, կոպիտ ասած՝ բռնել է հանցագործների պոչը: Արդյունքում ստացվել է, որ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը այդ գործով լավ չի զբաղվել: Իհարկե, մեր աղբյուրների ասելով, երեկ, ուշ երեկոյան, ԱԱԾ պետի ներկայացրած հրաժարականը դեռ ընդունված ու մակագրված չէր:

Ի հավելումն նշենք, որ մամուլում արդեն հրապարակված տեղեկությունները, թե հանցավոր խմբում, որը հասցրել էր ավելի վաղ՝ 2007թ. նոյեմբերի 29-ին կողոպտել «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառը, իսկ 2009թ. հունվարի 28-ին ավազակային հարձակում գործել գրավատան տնօրենի նկատմամբ, ներգրավված են եղել ՀՀ ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, հաստատում են նաեւ մեր աղբյուրները: Մեր տեղեկություններով, հանցավոր խմբում են եղել, մասնավորապես, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետ Արմեն Նիկողոսյանն ու ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ՝ «6-րդ» վարչության նախկին շարքային ոստիկան Բագրատ Սողոմոնյանը: Ի դեպ, այս վերջինը երկու տարի առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով համակարգից հեռացվել էր բռնաբարություն կատարելու համար: Նա քրեական պատասխանատվությունից խույս էր տվել միայն «6»-ի նախկին պետ Աշոտ Գիզիրյանի ջանքերի շնորհիվ: Ինչ վերաբերում է Ա. Նիկողոսյանին, ապա, «Առավոտի» տեղեկություններով, նրա տան խուզարկության արդյունքում ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են «մաքսայինի» նախկին պետին պատկանող իրեր՝ հանցագործության իրեղեն ապացույցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել