Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԻՇՏԸ ՊԵՏՔ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՍՎԻ»

Մարտ 11,2009 00:00

Հովհաննես Հովհաննիսյանը, Վահան Շիրխանյանը եւ Արմեն Աշոտյանը ընդդեմ Վարդան Օսկանյանի

«2008-ի մարտի 1-ին Վարդան Օսկանյանը ՀՀ արտաքին գործերի նախարարն էր, իսկ մինչեւ մարտի 1-ը Հայաստանում ընտրական գործընթաց էր: Երբ որ ՀՀ ընտրական օրենսգրքի, Սահմանադրության մասսայական խախտումներ էին տեղի ունենում, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամ Վարդան Օսկանյանը մի օր կես բառ ասա՞ց այդ մասին՝ եթերով, մամուլում: Իհարկե՝ ոչ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Առիթը՝ անդրադարձն էր նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի օրերս արտահայտած մտքերի: Հիշեցնենք, որ վերջինս, մասնավորաբար, ասել էր, որ ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն երկրում քաղաքական դաշտի ակտիվացման ուղղությամբ, իսկ դրա համար կարեւոր նախապայմաններ էր համարել՝ «բացել» մամուլն ամբողջությամբ, հատկապես՝ էլեկտրոնային մամուլը, բանտարկյալներին ազատ արձակել, մարդկանց տեսակետ հայտնելու առավել մեծ ազատություններ տալ»: Նախկին արտգործնախարարը նաեւ հայտարարել էր, որ ինքը պատրաստ է ստորագրել ՀՀ առաջին նախագահի՝ այս տարվա մարտի 1-ի հանրահավաքում արած հայտարարության տակ: Պրն Շիրխանյանը, սակայն, չի կարծում, որ ընդդիմությունը պետք է սեփականացված լինի մեկ ուժի կողմից: Ավելին՝ «յուրաքանչյուր մարդ իր համոզմունքով կարող է լինել ընդդիմադիր կամ իշխանամետ: Վարդան Օսկանյանն էլ, որպես քաղաքական գործիչ, իրավունք ունի ընդդիմություն դառնալու, բայց նրան դեպի ընդդիմություն տանող ճանապարհը հետեւյալն է՝ նա պետք է հրապարակավ ընդունի, որ այն ժամանակ չի կարողացել իր համոզմունքները հայտնել, որովհետեւ հլու-հնազանդ, կամակատարորեն ծառայում էր Ռոբերտ Քոչարյանին»:

Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով էլ՝ եթե Վարդան Օսկանյանը քաջություն ունենար եւ այն ամենն, ինչ ասում է այժմ, ասեր 2008 թվականի մարտի 2-ին՝ «շատ լավ կլիներ եւ շատ մեծ օգուտ կտար երկրին: Այս մղձավանջը, որում մենք մեկ տարի արդեն ապրում ենք՝ չէր լինի: Ամեն ինչ այլ կերպ կընթանար: Ճիշտը պետք է ժամանակին ասվի: Շատ դժվար է նախկին սխալները հետո «փակել»: Թե չէ՝ նա մարտի 1-ից մեկ տարի անց փորձում է ազնիվ լինել եւ հասարակության առջեւ ազնիվ դեմքով հանդես գալ»: Մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ, երբ պարոն Օսկանյանը ՀՀ արտաքին գործերի նախարարն էր՝ «փորձում էր ամեն գնով արդարացում գտնել մարտի 1-ի դեպքերի համար: Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում ասած խոսքերի տակ հիմա պատրաստ է ստորագրել, եւ ընդդիմությանը միջազգային կառույցներին ներկայացնում էր որպես ամբոխի, որոնք ռեւանշ են վերցնում, փորձում են իշխանությունը գրավել: Հասկանալի է, մարդիկ երբ իշխանության մեջ են լինում, փորձում են իրենց ողջ էությամբ ծառայել իշխանությանը, դա, հավանաբար, ընդունելի է մեր երկրի տիպի երկրների համար, բայց նույն Վարդան Օսկանյանը պիտի գոնե իր աշխատակիցներին չհեռացներ աշխատանքից՝ նրա համար, որ ընդամենը հավաքվեցին եւ հարցում արեցին՝ կա՞ Հայաստանում իրավունք՝ նորմալ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու: Սա է վատը»: Խոսք ուղղելով ներկայումս իշխանությունների համար «կուրծք ծեծողներին եւ նրանց անտրամաբանական քայլերն արդարացնողներին»՝ պարոն Հովհաննիսյանն ասում է. «Սա թող ձեզ դաս լինի. կանցնի շատ քիչ ժամանակ, եւ դուք էլ ավելի կոշտ որակումներով հանդես կգաք: Մինչեւ այս ճղճիմ իրականությունից մենք չազատվենք, մենք, իսկապես, նորմալ երկիր չենք դառնա»:

Իսկ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը Վարդան Օսկանյանի հայտարարությանն այսպես է արձագանքում. «Պարոն Օսկանյանն իրականում այնքան հեռու է եղել հայ իրականությունից թե ԱԳ նախարար աշխատած 10 տարիների ընթացքում, եւ առավել եւս հիմա, որ իր կարծիքով՝ նման հայտարարություններով փորձում է արժանանալ հասարակության համակրանքին եւ վստահությանը։ Հայ հասարակությունն իրականում չի հանդուրժում այն ֆենոմենը, երբ մարդու մտածելակերպը փոփոխվում է ըստ իր աշխատանքային աթոռի։ Նման կտրուկ փոփոխությունը վկայում է, որ մտածելակերպը պայմանավորված է ոչ թե գաղափարաբանությամբ, այլ աթոռի հարմարավետությամբ։ Առհասարակ, կարծում եմ, պարոն Օսկանյանն այնքան երկար ժամանակ ինքնուրույն կարծիք չի հայտնել, որ այժմ դժվարանում է ճիշտ ձեւակերպել սեփական մտքերը»։ Աշոտյանը նկատի ունի այն, որ արտաքին քաղաքականության պատասխանատուն հանրապետության նախագահն է, իսկ Օսկանյանը երկար տարիներ փաթեթավորել է ոչ իր մտքերը, եւ հիմա՝ «երբ ինքնուրույն կարծիք հայտնելու հնարավորություն ունի, դեռեւս չի կարողանում օգտվել դրանից եւ երբեմն հայտնում է զավեշտական կարծիքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել