Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՀԱԿԱԴՐՎԵՆ»

Մարտ 11,2009 00:00

\"\"Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ այսպիսի կարծիք է հայտնում ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը:

– Խնդրում եմ ասեք, թե ո՞ւմ է Դաշնակցությունը հանձնարարելու դառնալ «լողի չեմպիոն», այսինքն՝ գլխավորել կուսակցության համամասնական ցուցակը Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններում:

– Դեռ պարզ չի, որովհետեւ ժամանակ ունենք քննարկելու եւ օրենքով սահմանված ժամկետներում մենք կտեղավորվենք, ինչպես գիտեք՝ մարտի 17-22-ը պետք է ներկայացնենք համամասնական ցանկերը: Բայց հաստատ իմացեք, որ մեր համամասնական ցանկում կլինեն իսկապես արժանի թեկնածուներ: Ամեն դեպքում մենք լուրջ ենք մոտենալու այս խնդրին, որովհետեւ սրանք իսկապես քաղաքական ընտրություններ են, շատ կարեւոր են մեր երկրի համար, վերջապես մայրաքաղաքում առաջին անգամ ընտրելու ենք ավագանիների խորհուրդ եւ քաղաքապետ եւ մենք ենք նաեւ հեղինակներից մեկը, որ այս ընտրություններն անպայման լինեն համամասնական ընտրակարգով: Վստահ եմ, որ եթե այս ընտրությունները հաջողվեն, իսկ ես կարծում եմ, որ շատ մեծ հաջողություններ կարձանագրվեն ժողովրդավարության առումով, ապա հաջորդ խորհրդարանական ընտրությունները նույնպես կլինեն հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգով:

– ՀՀԿ-ի իշխող դերն ու նշանակությունը քաղաքապետի ընտրություններում չի՞ վիրավորում կոալիցիայի մյուս անդամներին: Դուք միասին իշխանություն եք, բայց գնում եք առանձին եւ արդեն՝ պարտությանը դատապարտված:

– Աստված ձեր ձայնը չլսի այս դեպքում, ես այդ կարծիքին չեմ, ընդհանրապես ասեմ, որ կոալիցիոն համաձայնագրում չկա մի կետ, որը պարտավորեցնի կոալիցիոն կուսակցություններին համաձայնության գալ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւանի ընտրությունների վերաբերյալ, հետեւաբար, սա արդեն կոալիցիոն համաձայնագրից դուրս է: Դա է պատճառը, որ կոալիցիա կազմած յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնուրույն է մասնակցելու ընտրություններին:

– Հայտնի է, որ Երեւան քաղաքում իշխանությունները ավանդաբար պարտվում են ցանկացած ընտրության արդյունքում, ընդդիմությունը Երեւանում գրեթե միշտ հաղթում է, դուք ի՞նչ եք ակնկալում ընտրություններից. կոնկրետ Դաշնակցությունը քանի՞ տոկոս է սպասում:

– Ես երբեք ընտրություններից առաջ կանխատեսումներ չեմ անում, դա անշնորհակալ գործ է, մանավանդ որ՝ Երեւանում, ինչպես դուք ասացիք, երբեմն անկանխատեսելի են ընտրությունների արդյունքները: Իհարկե, այնպես չի, որ բոլոր ընտրություններում ընդդիմությունը իշխանության մաս կազմած կուսակցություններից ավելի շատ ձայն է հավաքել։ Կարծում եմ՝ նաեւ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ, ի վերջո, երկրի իշխանական լծակներն այսօր գտնվում են կոալիցիոն ուժերի ձեռքին, եւ, օրինակ, ինձ ծանոթ է այնպիսի տրամաբանություն, որը իշխող է Երեւանի ընտրողների մեջ, որ չպետք է քաղաքի իշխանությունները եւ հանրապետական իշխանությունները հակադրվեն. դրանից կտուժի ժողովուրդը:

– Արդյոք Դաշնակցությունը քաղաքապետի ընտրությունների ժամանակ կառաջնորդվի՞ նույն սկզբունքով, ինչպես նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսինքն՝ լինելով իշխանության մաս, հանդես կգա՞ք ամենաընդդիմադիր կեցվածքով:

– Այս դեպքում քարոզարշավը մի քիչ պետք է տարբերվի, որովհետեւ հանրապետական մասշտաբի ընտրությունները՝ նախագահական կամ խորհրդարանական, դրանք իսկապես զուտ քաղաքական երանգավորում ունեն, եւ այդ դեպքում կարելի է խոսել թե արտաքին, թե ներքին տնտեսական-սոցիալական եւ այլ խնդիրներից, իսկ այս պարագայում մենք պատրաստել ենք Երեւանի նախընտրական պլատֆորմը, որտեղ, բնականաբար, միայն եւ միայն Երեւան քաղաքի խնդիրներն են արտացոլված: Ուրեմն հիմա քննադատել ո՞ւմ, եթե նախկինում Երեւանի քաղաքապետ չի ընտրվել կամ ավագանիների խորհուրդ չի եղել: Կարծում եմ՝ մարտավարությունը բոլոր կուսակցությունների համար պիտի լինի այն, որպեսզի խոսեն իրենց ծրագրերի, իրենց մոտեցումների մասին եւ ոչ թե մեկի դեմ խոսեն, որովհետեւ այդ «մեկը» չի եղել:

– Պատրաստվո՞ւմ եք ընտրակաշառք բաժանել, ասենք՝ ասֆալտի տեսքով:

– Ոչ, ինչպես միշտ՝ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել