Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Շանթ Հարությունյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման վերաբերյալ ԱՆ ՔԿՀ-ից տեղեկացրին, որ կալանավորին բժշկական զննման ենթարկելու համար այցելել է քրեակատարողական ծառայության հոգեբույժ Մամբրե Նանայանը: Շանթ Հարությունյանը հրաժարվել է ընդունել հոգեբույժին եւ ենթարկվել բժշկական զննության:
Ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության, մարտի 7-ին, կրկին Շանթ Հարությունյանի առողջական վիճակի ուսումնասիրման նպատակով, «Վարդաշեն» է այցելել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի պետ Գաբրիել Ահարոնյանը, բայց «կալանավորը բժշկին մեղադրել է ռուսական հատուկ ծառայություններում իբր գործակալ լինելու մեջ»:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շանթ Հարությունյանին բժշկական զննության ենթարկելը ներկայումս հնարավոր չէ, նաեւ այն, որ կալանավորի ագրեսիվ վարքագիծը հնարավոր է պայմանավորված լինել հոգեկան խանգարմամբ՝ վերջինս մեկուսացվել է: Նրա նկատմամբ սահմանվել է շուրջօրյա հսկողություն: Ձեռնարկվում են միջոցներ՝ հետագա հոգեբուժական հետազոտություններ իրականացնելու նպատակով»,- ասված է ՔԿՀ հաղորդագրության մեջ: