Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՇԱ՞Ն

Մարտ 10,2009 00:00

«Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը փետրվարի 13-ին դիմել է ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան: Նա պահանջում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ճանաչել անօրինական, բեկանել եւ գործն ուղարկել նոր կազմով քննության: Նշենք, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքով եւ կարող է գործը քննել ամբողջությամբ:

Բողոքում ներկայացված էր, որ հայերի պատմական տարածքները ե՛ւ նախկին, ե՛ւ այժմյան նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ նրանց վարչակազմերի մասնակցությամբ, «ներկայացվում են որպես թուրքական եւ ադրբեջանական տարածքներ՝ ՀՀ ներքին եւ արտաքին ատյաններում»: Առաջին ատյանի դատարանում Ռ. Սիմոնյանը ներկայացրել էր միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ, փաստագրական տվյալներ, որով հիմնավորվում է Ղարսի եւ Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագրի անօրինականությունը: Ռուսաստանը եւ Թուրքիան, չլինելով միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտներ, պայմանագրեր են կնքել, որը որեւէ ատյանի կողմից չի ճանաչվել անօրինական, որով Հայաստանի պատմական տարածքները բռնազավթել եւ բռնակցել են Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, իսկ մի մասին փակցրել են «Սովետական Հայաստան» պիտակը, այն բռնակցել Ռուսաստանին: Ի սկզբանե գործը ներկայացված էր ՀՀ ԱԱԾ-ին եւ ՀՀ գլխավոր դատախազին:

Վերաքննիչ դատարանը պարտավոր էր բողոքը ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում որոշում կայացնել գործը քննության առնելու մասին եւ ծանուցում ուղարկել՝ տեղեկացնելով տուժողի, բողոքաբերի դատարան ներկայանալու միջնորդություններ ներկայացնելու իրավունքների եւ պարտականությունների մասին: «Սակայն մինչ օրս (գործը պետք է քննվեր 15 օրվա ընթացքում) վերաքննիչ դատարանից որեւէ ծանուցում, որոշում՝ օրենքի սահմանված կարգով, չեմ ստացել: Այսինքն, դատարանը խոչընդոտում է դատաքննությանը, պարտակում է պետության եւ ազգի դեմ կատարված հանցագործությունները եւ հրաժարվում արդարադատությունից, որն անթույլատրելի է: Դրանով նա փաստում է բողոքում ներկայացված փաստերի իսկությունը, որը որեւիցե փաստով չի հերքվել ոչ ԱԱԾ-ի, ոչ գլխավոր դատախազության, ոչ դատարանի, ոչ էլ միջազգային ատյանների կողմից»,- նշում է Ռ. Սիմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել