Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՔԱՆՆԵՐ

Մարտ 10,2009 00:00

«Առավոտի» վերջին համարում կարդացի մի քանի տասնյակ այսպես կոչված մասնավոր բուհերի փակման մասին, որտեղ այդ բուհերը պետական պաշտոնյայի կողմից որակվում են որպես «դուքաններ»: Այդ տեղեկատվության մեջ ես չզգացի խմբագրության վերաբերմունքը արծարծվող խնդրին: Բնական է, պետք է մի լավ մարսել նյութը եւ հետո սեփական կարծիքն արտահայտել: Մի հարց պետական պաշտոնյային պետք էր տալ տեղնուտեղը՝ «Ի՞նչ բառով կբնութագրի այն բուհերը, որոնց հազարավոր սաները մեր հասարակության ամենալկտի խավն են կազմում, որտեղ ուսանողը զուգարանում կաշառք է տալիս իր դասախոսին, որոնց ռեկտորներն ու պրոռեկտորները ուսանողների քաղաքական կողմնորոշիչներն են, որոնցում որեւէ լուրջ գիտություն չի արվում, եղածն ընդամենը շղարշ է, որոնցում վճարովի ուսուցման անվան տակ հսկայական փողեր են լվացվում, որոնցում, ըստ բուհի կարեւորության, պետության առաջին դեմքերն են խորհրդի նախագահներ, որոնցում դասախոսն այնքան աշխատավարձ է ստանում, որ չի բավարարում նույնիսկ ամենաառաջնահերթ ծախսերին…»: Պետական բուհերում առկա այս աննորմալ երեւույթների մասին մամուլում գրվել ու խոսվել է երեւի մի հազար անգամ: Կարո՞ղ է մեկը սոցիալական չարիք ծնող մի երեւույթ նշել մասնավոր բուհերից: Միակ բանը, ինչից կառչել են, տվյալ բուհերի՝ բարձրագույն կրթություն տալու համար բավարար պայմաններ չունենալն է: Եղբայր, օգնեք, թող ունենան, ինչո՞ւ եք փակում: Կամ ինչո՞ւ եք փակում ուսումնական տարվա կեսին, ինչո՞ւ եք ավելորդ վեճ ստեղծում ուսանողի եւ բուհի միջեւ: Պատասխանը պարզ է՝ առջեւում ընդունելության նոր քննություններն են: Նրանք, ովքեր անհրաժեշտ գիտելիքներ կամ գումար չեն ունենա ընդունվելու պետական բարձրագույն դուքաններ, կգնան մասնավոր սեկտոր: Այստեղ իրենց շոշափուկներն ունեն ռանգով մի փոքր ավելի ցածր պետական տղերքը, ովքեր սկսել են նեղվել դուրս մնացած դիմորդներին ներս անելու մրցակցությունից: Նրանց բուհերի պայմաններն ավելի լավն են, քան փակվածներինը՝ խոսք չկա, բայց այնտեղ դեռեւս պետական բուհերին հատուկ մթնոլորտը չի ձեւավորվել: Երբ դա էլ ձեւավորեն, արդեն լիուլի կհամապատասխանեն բարձրագույն կրթության՝ մեզանում ընդունված «խստագույն» պահանջներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել