Անկեղծանում է ԳԽ պատգամավոր, 90-ականների հայտնի քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը
Ալբերտ Բաղդասարյանի ընտանիքը:
Ֆրեյդ եւ ձնծաղիկ հավաքելու ու երբեք՝ ստրիպ ակումբ
Ալբերտ Բաղդասարյանի ամենամեծ հոբին ընթերցանությունն է: Ասում է՝ օրվա 60%-ը դրանով է զբաղված, 10%-ն էլ՝ լուրեր լսելով: «Հիմնականում «Ազատություն» եմ լսում, «Կենտրոնի» լուրերը ու նաեւ «Հայլուր», որպեսզի ճիշտն ու սուտը համադրեմ, տեսնեմ՝ աշխարհում ինչ է կատարվում ընդհանրապես: Այս պահին «Կարամազով եղբայրներն» եմ կարդում եւ դրան զուգահեռ՝ «Վարպետն ու Մարգարիտան»: Ընթերցում եմ գիտահանրամատչելի գրականություն եւ մամուլ, գտնում եմ, որ որոշ թերթեր կան, որոնց համար ափսոս է փող վճարելը,- ասում է մեր զրուցակիցը,- նաեւ Ֆրեյդ եմ կարդում, շատ խելոք բաներ է գրել, ափսոս, մարդուն ուսումնասիրել է միայն մեկ՝ սեռական հարթության մեջ»: Պարոն Բաղդասարյանը նշում է, որ երբեք, անգամ արտասահմանում եղած ժամանակ ստրիպ ակումբ չի այցելել, ու դրա համար հիմնավոր բացատրություն ունի. «Օրիգինալը միշտ գերադասում եմ վիրտուալից»: Սիրում է ընտանիքով «Պիցա դի Ռոմա» գնալ, իսկ գարնանը՝ Բյուրական՝ ձնծաղիկ հավաքելու: Խմիչքներից նախընտրում է լավ կոնյակն ու օղին, գարեջրի հետ այնքան էլ սեր չունի:
Բոլորին ծաղիկներ, կնոջը՝ օծանելիք
Ա. Բաղդասարյանի բախտն այնպես է բերել, որ իր շրջապատում նյութապաշտ կին չկա. բոլորը բավարարվում են ծաղիկներով: Անգամ զոքանչը, որը մեր զրուցակցի բնորոշմամբ՝ աշխարհիկ, բարեկիրթ, գիտնական կին է, շոյվում է ծաղիկներ ստանալիս: Ավագ դուստրը՝ Տաթեւիկը, որ երաժիշտ է, եւս ծաղիկների սիրահար է: Իսկ կնոջը՝ ԵՊՀ դասախոս Ռուզաննա Կարապետյանին պարտադիր օծանելիք է նվիրում, թե ինչպիսի՝ Ա. Բաղդասարյանը չուզեց «փակագծերը» բացել. «Բույրը չեմ ասի, որովհետեւ թույլտվություն չունեմ: Համ էլ վերջերս ձեր թերթում կարդացի, որ մեկն իր կնոջը մեկ միլիոն դոլարանոց ժամացույց է նվիրել, եթե ես այդ ֆոնի վրա օծանելիքը նշեմ, կարող է կինս ասի՝ տես ուրիշները (ժպտում է- Գ. Հ.)…»:
Ա. Բաղդասարյանի կրտսեր դուստրը՝ Լուսինեն, ճարտարագիտական վարժարանում է, եւ որոշել է ոչ թե երաժիշտ դառնալ, չնայած փայլուն է դրսեւորվել այդ ուղղությամբ, այլ՝ նկարիչ- դիզայներ:
Ընկերություն է անում դուստերի հետ, կնոջն օգնում տնային գործերում
«Առավոտի» հարցին՝ խի՞ստ հայր է, մեր զրուցակիցը պատասխանում է. «Երեխաներիս կարծիքով՝ այո, որովհետեւ երբ հետները խորհրդակցում ես հավասարի նման ու եթե հանկարծ տարվա մեջ մի անգամ բարկանում ես, դա իրենց համար երկնքից ամպրոպ է, կարկուտ, կայծակ, ու դու ամենաչար հայրիկն ես դառնում: Ընդհանրապես, չեմ ընդունում, երբ մարդ իր կամքը պարտադրում է ուրիշին: Դա նշանակում է, որ ինքն այնքան թույլ է, որ իրեն մնում է ապավինել վերջին միջոցին՝ մահակին: Մահակը կարող է լինել բռունցք, զայրույթ, տնտեսական պատժամիջոցներ եւ այլն: Ինձ համար ավելի ընդունելի է խոսքի ուժը: Չնայած մեկ-մեկ աղջիկներս կատակում են, թե բավական է քարոզներ կարդաս, էլի քո ազգային ժողո՞վը հիշեցիր…»:
Ա. Բաղդասարյանը ոչ մի վատ բան չի տեսնում տնային գործերում կնոջն օգնելու մեջ. «Ոչ մի խնդիր չկա: Օգնում եմ ցանկացած հարցում: Դրա մեջ, սակայն, չի մտնում, օրինակ, լվացք անելը: Մի ուրիշ բան եւս՝ մեր տանը չկա ապրանք, որ փչանա ու մենք վարպետ հրավիրենք, ամեն ինչ ինքս եմ նորոգում: Ես մասնակցել եմ պատերազմին, եղել ամենավատ դիրքերում, մենակ, 2 հոգով, 100 հոգով, շատ է պատահել, որ շորերս ինքս լվանամ, կարգի բերեմ… Ինձ համար ամեն ինչն ըստ անհրաժեշտության է, մնացածը՝ մարդկային պայմանականություններ եմ համարում: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, եթե կինը, օրինակ, գլխացավ ունի, ու ամուսինը նրա համար թեյ է պատրաստում կամ երեխաներին է կերակրում: Այ, լավ չէ, եթե միայն դրանով է զբաղված, բայց, կրկնում եմ՝ ըստ անհրաժեշտության պիտի մասնակցես ամեն ինչի. եթե պատերազմ է՝ պատերազմի, փողոցում կռիվ է՝ կռվի»: Քիչ անց ժպտալով հավելում է. «Չնայած հիմա փողոցի կռվի չարժի մասնակցել, բոլորը «ախրանայով» են ման գալիս, քեզ հետ էլ կռվելու իրենք չեն գա, հաստատ ինչ-որ անկապ լակոտի կուղարկեն, որը քեզ անպայման կծեծի, դեռ մի հատ էլ գործ կբարդեն վրադ՝ «ախրանային» ծեծելու կամ վիրավորելու համար: Այնպես որ, փողոցային մարտերին չեմ մասնակցում, հասկանում եմ, որ իմաստ չունի, առաջվա պատվախնդրությունը եւ ճշտությունը չկա, այսօր կա ուժեղ եւ ոչ ուժեղ, իշխանություն եւ ոչ իշխանություն, ու եթե թիկունքդ ապահովված է ոստիկանությամբ, կարող ես գործել ցանկացած անօրինականություն»:
Կանանց՝ կանացիություն, տղամարդկանց՝ «առաջին» գիծ
Ա. Բաղդասարյանն ասում է, որ այն, ինչ վերաբերում է կանանց, շատ անձնական է, հետեւաբար այդ մասին չի խոսի: Իսկ այն հարցին՝ արժե՞ վստահել կանանց, պատասխանում է. «Եթե գաղտնիքը մեկ հոգուց ավելի մարդ գիտի, ուրեմն գաղտնիք չէ, հետեւաբար, կնոջ թե տղամարդու վստահելն անիմաստ է: Ընդհանրապես՝ բնույթով վստահող եմ, մեր ընտանիքում էլ ամեն ինչ կառուցված է սիրո ու վստահության հիմքի վրա, բայց հարցադրումների մեջ քննող եմ եւ ինձ մատուցած ոչ մի ճշմարտություն չեմ ընդունում որպես բացարձակ ճշմարտություն՝ ում բերանից էլ հնչի: Ինչ վերաբերում է կանանց, ոչ պատրաստվում եմ ուրիշներին քարոզ կարդալ կնոջ լավի ու վատի տեսանկյունից, ոչ էլ լսել որեւէ մեկի գնահատականը…
Մի լավ ասույթ կա. «Կնոջը՝ խելքը չի խանգարի», ես դա ընդունում եմ, բայց մյուս կողմից էլ տանել չեմ կարողանում այնպիսի կանանց, որոնք իրենց բնական՝ կանացիությունից դուրս վիճակում են, լուրջ-լուրջ որոշումներ են կայացնում, քաղաքականությունից խոսում… Իհարկե, եղել են նման կանայք, ինչպես Մարգրեթ Թետչերը Անգլիայի համար, բայց եթե համեմատում ենք այդ կանանց մերոնց հետ… ի սեր Աստծո, տղամարդկանցով չեն կարողանում պետություն ստեղծել, ուր մնաց կանայք հայտնվեն «առաջին» գծում: Նմաններին լուրջ չեմ ընդունում, նրանք օրինաչափությունից դուրս են՝ ինչպես համասեռամոլները»:
Լավ երաժշտություն ու ոչ մի դեպքում «քյարթու» ռաբիս
Ա. Բաղդասարյանն ասում է, որ լսում է ամեն ոճի ու ժանրի երաժշտություն՝ ըստ տրամադրության: Տարիքի հետ նախապատվությունը տալիս է դասականին: «Մեծ հաճույքով լսում ենք ռեփից սկսած ամեն ինչ: Փոքր աղջիկս ռոքի սիրահար է, ավագ դստերս ռեպերտուարը չնայած դասական է, բայց նա էլ է ամեն ոճի երաժշտություն ունկնդրում: Ամեն ինչ ասելով՝ նկատի ունեմ միայն որակյալը: Օրինակ, Էմինեմի կատարումներից որոշ բաներ կան, որոնց գործիքավորումը հզոր դասական լուծումներ ունի… Մեր տանն ընդունված չէ միայն երաժշտական մեկ ուղղություն՝ «քյարթու» ռաբիսը…»: