Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 10,2009 00:00

Համեստ ավարտ

\"\"Իսպանիայի Լինարես քաղաքում ավարտվեց շախմատի ավանդական գերմրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից ութը:

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն այնտեղ հանդես եկավ փոփոխակի հաջողություններով եւ 14 տուրերում վաստակելով 6,5 միավոր՝ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց իր համար համեստ՝ 7-րդ հորիզոնականը:

Մրցաշարի վերջնամասում հաղթողի կոչման համար պայքարը թեժացավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի միջեւ: Այս երկու գրոսմայստերներն էլ, ի վերջո, իրենց անվան դիմաց գրանցեցին 8,0-ական միավոր: Սակայն լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց Գրիշչուկը: Առաջատարների եռյակը եզրափակեց Նորվեգիայի ներկայացուցիչ Մագնուս Կարլսենը՝ 7,5 միավոր: Մրցաշարային աղյուսակի ամփոփիչ տեսքն այսպիսին է.

1. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 8,0 միավոր

2. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 8,0

3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 7,5

4. Վիշի Անանդ (Հնդկաստան) 7,0

5. Վան Յուե (Չինաստան) 6,5

6. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 6,5

7. Լեւոն Արոնյան (Հայաստան) 6,5

8. Լեյնյեր Դոմինգես (Կուբա) 6,0:

Հաղթանակ եւ պարտություն

Ստամբուլում մեկնարկել է ՖԻԴԵ-ի հովանու ներքո առաջին անգամ անցկացվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը, որին մասնակցում է 12 շախմատիստուհի: Էլինա Դանիելյանը մեկնարկային տուրում սեւերով առավելության է հասել ֆրանսուհի Մարի Սեբագի նկատմամբ, սակայն երկրորդում պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Կոներուին եւ 1,0 միավորով 7-րդ տեղում է: Երրորդ տուրում Դանիելյանի մրցակիցը Շեն Յանն էր:

Երեքն առաջատարների մեջ են

Սանկտ Պետերբուրգում ընթանում է շախմատի կանանց Եվրոպայի 10-րդ անհատական առաջնությունը: Պայքարի մեջ ներգրավված 168 շախմատիստուհիների մեջ են մեր հանրապետության հինգ ներկայացուցիչներ: Նրանցից երեքը՝ Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը եւ Լիլիթ Գալոյանը, մեկնարկային տուրում հաղթել են իրենց մրցակիցներին, իսկ Սիրանուշ Անդրիասյանը եւ Աննա Հայրապետյանը ոչ-ոքի են խաղացել:

Երեկ մեր Լիլիթները հանդիպելու էին միմյանց հետ: Մյուս հայաստանցիների զույգերն էին. Նելլի Աղինյան-Կատերինա Սեդիկավա (Չեխիա), Աննա Հայրապետյան-Տատյանա Շադրինա (Ռուսաստան), Սիրանուշ Անդրիասյան-Անաստասիա Մարտինովա (Ռուսաստան):

Պայքարը դեռ առջեւում է

\"\"Հայաստանի յոթ շախմատիստներ Չեռնոգորիայի Բուդվա ծովափնյա քաղաքում պայքարում են Եվրոպայի 10-րդ անհատական առաջնության չեմպիոնին որոշելու համար: Այստեղ խաղացված երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում է հոլանդացի Լյուկ վան Վելին: Մեր տղաների առաջատար Վլադիմիր Հակոբյանը 2,0 միավորով առայժմ 45-րդն է: Նրան հավասար միավոր են վաստակել մեր եւս հինգ գրոսմայստերներ, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարային աղյուսակում ավելի ցածր տեղեր են գրավում: Նրանք դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ՝ 71. Զավեն Անդրիասյան, 96. Արման Փաշիկյան, 107. Տիգրան Քոթանջյան, 111. Արտաշես Մինասյան, 132. Տիգրան Պետրոսյան: Արթուր Չիբուխչյանը 1,0 միավորով 200-րդն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել