Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՆՈՐ ՑԻԿԼՈՒՄ

Մարտ 10,2009 00:00

\"\"Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մրցաշրջան 2009-ին նախապատրաստվել սկսել է հունվարին անցկացված ազգային առաջնությունից անմիջապես հետո:

Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հավաքագրել է 24 հոգու, որոնք մարտի 4-ից Երեւանում սկսել են նախապատրաստվել եկող ամսվա 3-5-ը Վիլնյուսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: «Առավոտը» օրերս զրուցեց գլխավոր մարզչի հետ:

– Հավաքականի կազմում փոփոխություններ կա՞ն:

– Եթե նկատի ունեք թեկնածուներին՝ այո: Ընդգրկել ենք որոշ երիտասարդների, որոնք արդեն սկսել են իրենց նկատել տալ: Մեր ընտրանիում ոմանք էլ իրենց քաշային կարգն են փոխում: Ստացվել է այնպիսի իրավիճակ, որ նոր օլիմպիական ցիկլում նոր փորձարկումների մեջ ենք հայտնվել: Եվ դա լավ է:

– Եվ դրանք ի՞նչ փորձարկումներ են:

– Գործընթացն արդեն սկսվել է: Դրանցից առաջինն ու ամենակարեւորը աշխարհի գավաթի առաջնությունն էր, որտեղ մենք ութ ուժեղագույնների մրցապայքարում ճանաչվեցինք երրորդը: Եթե հիշում եք, Ֆրանսիայում մենք լրիվ մարտական կազմով չէինք հանդես գալիս: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանն այդ մրցաշարին չէր մասնակցում: Մարզիչներս, նրա ցանկությունն էլ հաշվի առնելով, որոշել էինք, որ ավելի լավ կլինի, եթե Ռոմանը նախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը: Այդ նույն ընթացքում մեր առաջատարներից Դենիս Ֆորովը Ռուսաստանում մասնակցեց միջազգային ներկայացուցչական մրցաշարի եւ հաղթող ճանաչվեց: Հավաքականի երկրորդ եւ երրորդ համարները փետրվարի 26-ից մարտի 2-ը Իրանում հանդես եկան (բավականին հաջող) ավանդական միջազգային մրցաշարում: Այնպես որ, մարզիչներիս համար արդեն ընտրություն կատարելու հնարավորություն կա:

– Այս տարի երկու գլխավոր փորձություն ունենք. մոտ մեկ ամսից՝ Եվրոպայի, իսկ աշնանը՝ աշխարհի առաջնությունը: Ինչպե՞ս ենք դրանց նախապատրաստվում:

– Հիմա Երեւանում մեր զրույցի սկզբում նշածս 24 ըմբիշները ուսումնամարզական հավաքի մեջ են: Նրանք այստեղ կմարզվեն մինչեւ մարտի 14-ը: Դրանից հետո՝ մարտի 18-ից ապրիլի 1-ը, նպատակ կա մեկնել Բելառուս՝ նրանց ազգային հավաքականի հետ համատեղ մարզումների: Կստացվի, թե ոչ՝ կախված է նրանց հետ պայմանավորվելուց եւ դրական լուծման դեպքում՝ վիզաների ձեւակերպումը հասցնելուց: Եթե չհասցնենք, կշարունակենք նախապատրաստվել Հայաստանում:

– Յուրի Պատրիկեեւն այստե՞ղ է:

– Ոչ: Մեր ֆեդերացիան նրա համար առանձին ուսումնամարզական հավաք է կազմակերպել Ռուսաստանում:

– Տեղյա՞կ եք, արդյոք, Յուրին լրջորե՞ն է մարզվում:

– Նա լուրջ մարդ է եւ լուրջ մարզիկ: Եթե բելառուսների հետ համատեղ ուսումնամարզական հավաքն ստացվի, Յուրին անպայման կներկայանա այդ հավաքին: Իսկ եթե՝ ոչ, կգա Երեւան, եւ բոլորս միասին կմեկնենք Վիլնյուս:

– Եվրոպայի առաջնությունում ամբողջակա՞ն թիմով ենք հանդես գալու:

– Անպայման: Նախ, նրա համար, որ բոլոր քաշային կարգերում ներկայացուցիչ ունենք: Երկրորդ, ՖԻԼԱ-ի օրենքներով, եթե ազգային հավաքականը մայրցամաքային առաջնությանը որեւէ քաշային կարգում չի մասնակցում, աշխարհի առաջնությունում այդ քաշում մասնակից հայտավորվելու իրավունքից զրկվում է:

– Նպատակները, որքան տեսնում ենք, բավականին ծանրակշիռ են: Ցանկությունը մի բան է, դրան հասնելու հնարավորությունները՝ մեկ այլ բան:

– Եթե նկատի ունեք մեր ֆեդերացիան, միանշանակ ասեմ, որ մեր ծրագրերը բխում են Հայաստանի ֆեդերացիայի ընձեռած պայմաններից: Այսօր մենք, կարելի է ասել, ոչ մի չլուծված խնդիր չունենք. սկսած մարզումային պայմանների լիարժեք ապահովումից, մրցաշարերի մասնակցելու հնարավորություններից, վերջացրած մարզիկների եւ մարզիչների սոցիալական պայմաններն ապահովելով: Մեր ֆեդերացիայի նորընտիր նախագահ Սամվել Կարապետյանը չնայած մի քանի ամիս է, ինչ իր ձեռքն է վերցրել ըմբշամարտի ղեկը, հասցրել է ապացուցել, որ իր գործն ինչ-որ տեղ ավելի է, քան ժամանակին տված խոստումը: Դա ըմբիշներին անասելի ոգեւորել է, ու նրանք պատրաստ են ամեն ինչի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել