Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ սուտ էինք հրամցնում»

Մարտ 10,2009 00:00

Խոստովանում է ժամանակին ֆոնոգրամայով երգած Զարուհի Բաբայանը

\"\"
Զարուհի Բաբայանը դեմ է ֆոնոգրամաներին:

«Ֆոնոգրամայի վերացման հրամանի արդյունքում իմ նախնական հաշվարկով մոտ 10 երգիչ ցտեսություն կասի երգարվեստին»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի փետրվարի 18-ի հրամանով այսուհետեւ արգելվում են ֆոնոգրամայով ելույթները, իսկ եթե դրանք, այնուամենայնիվ, կլինեն, ապա ազդագրերի վրա տեսանելի տեղում պետք է համապատասխան նշում լինի այդ մասին: Կոմպոզիտորը խոստովանեց. «Տարիներ շարունակ հանդիսատեսին խաբում էինք, սուտն էինք հրամցնում»: Նրա խոսքով, վաղուց պետք է նման որոշում ընդունվեր. «Պետք չէր սպասել մինչեւ մեր մշակույթը վերջնական անկում ապրի: Բայց, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք…»:

Երգչուհի Զարուհի Բաբայանն էլ նշեց. «Ուրախ եմ, որ կա այդ հրամանը, բայց կա մի ցավալի փաստ եւս՝ միշտ ամեն ինչ ջարդվում է միայն երգիչ-երգչուհիների գլխին… Երբեւիցե չի խոսվում այն մասին, թե ովքեր են տվյալ համերգի կազմակերպիչները»:

Ինչպես մեկնաբանում է Ա. Մարտիրոսյանը. «Ցավոք, տարիներ շարունակ հանդիսատեսին հրամցնում էինք ակնհայտ սուտ, այսինքն՝ լույսով, ձայնով, շարժուձեւով, պարով եւ այլն, ստեղծում էինք իլյուզիա, որ այդ ամենը հենց այդ պահին կատարվում է բեմի վրա: Հանդիսատեսի երեւի 5-7%-ն էր հասկանում, որ դա այդպես է եւ ձայն չէր հանում, կարծելով, թե անհրաժեշտ է… Տարիների ընթացքում այդ պրակտիկան տեսեք, թե ինչի բերեց. ցանկացած միջակություն, որը կարող էր ուղղակի «կարաոկե» բարերում հանդես գալ, որոշեց մեծ բեմ դուրս գալ: Եվ դուրս եկավ, որովհետեւ ձայնագրությունը ֆալշ չի երգում, շնչակտուր չի լինում բեմի վրա, եւ այսպես շատերը սկսեցին շահել մրցանակներ: Անուններ, իհարկե, չեմ տա, հանդիսատեսը շատ լավ գիտի ում մասին է խոսքը… Ցավոք, առանց ջանքեր գործադրելու, միջակ արտիստները դարձել են բավականին հայտնի, անուն ձեռք բերել, կոչումներ ստացել»:

Քանի որ, Զ. Բաբայանի ձեւակերպմամբ, ֆոնոգրամայով երգելը խաբեություն է, «Առավոտը» նրանից հետաքրքրվեց, թե քանի՞ անգամ է դիմել այդ խաբեությանը: «20 տարվա ստեղծագործական կյանքիս պրակտիկայում բազմաթիվ անգամ եմ ստիպված եղել խաբել հանդիսատեսին»,- անկեղծորեն պատասխանեց երգչուհին:

Ա. Մարտիրոսյանն էլ հավելեց. «Քանի որ այդ ինդուստրիայի՝ խոհանոցի մեջ եմ, հաճախ ես էլ էի այդ թակարդի, խաբկանքի մեջ ընկնում ու այս կամ այն արտիստի հետ հենց հայտնվում էի բնական պայմաններում, այսինքն՝ գործիքի մոտ, ինձ համար սարսափելիորեն պարզում էի, որ այդ անձնավորությունն ուղղակի երգիչ կոչվելու իրավունք չունի, որովհետեւ երգել չգիտի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել