Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՋԱԿՑԻ ԱՆԿԱԽ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Մարտ 10,2009 00:00

Փաստում են կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը

\"\"
Ա. Ազատյանն ու Ն. Մկրտչյանը Արմեն Ջիգարխանյանի հետ՝
նկարահանման տաղավարում:

Փետրվարի 20-ից մարտի 1-ը Բելգրադի միջազգային կինոփառատոնի՝ «Europe out of Europe» գլխավոր ծրագրում կայացավ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի համատեղ՝ «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի եվրոպական պրեմիերան: «Առավոտը» տեղեկացրել էր 2008 թ. հոկտեմբերին Պուսանի (Հարավային Կորեա) հիշյալ ֆիլմի համաշխարհային պրեմիերայի եւ 2009 թ. հունվարին Գյոթեբուրգի (Շվեդիա) միջազգային կինոփառատոնին մասնակցության մասին:

Հանդիպեցինք ֆիլմի հեղինակների՝ «Այսօր-պլյուս» ֆիլմարտադրության հիմնադիրներ եւ կինոռեժիսորներ Ն. Մկրտչյանի ու Ա. Ազատյանի հետ: Նրանք տեղեկացրին, որ «Անառակ որդու վերադարձի» պրեմիերաները առաջիկայում սպասվում են նաեւ Համբուրգի, Սիդնեյի, Էդինբուրգի, Կոտբուսի, Լիսաբոնի, Կալկաթայի, Բուխարեստի, Հայֆայի միջազգային կինոփառատոներում:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞վ բացատրել ձեր ֆիլմերի, մասնավորապես՝ «Անառակ որդու վերադարձը» նկարից հայաստանցիներիս անտեղյակությունը եւ դրանց հաղթարշավը միջազգային ասպարեզում, Ն. Մկրտչյանը նախ հայտնեց, որ կինոփառատոներում գնահատվում է երկու հանգամանք՝ ազգային ինքնատիպությունը, որը բարձրացված է համամարդկային մակարդակի, եւ հեղինակային մոտեցումը, որտեղ կա որոշակի ընդգծված հայացք: Այս պարագայում է միայն ֆիլմը համարվում հաջողված ու մեծանում հետաքրքրության շրջանակը: «Մեր հանդիսատեսին խանգարում է պրոֆեսիոնալ կինոմիջավայրի բացակայությունը, որը կուղղորդեր նրան»,- նկատեց տիկին Մկրտչյանը: Ա. Ազատյանն էլ հավելեց, որ իրենք չեն զբաղվում ինքնագովազդով, ավելին՝ ինքնախաբեությամբ. «Եթե դրսում գնահատում են մեր աշխատանքը, դա նույնն է, թե գնահատում են մեր երկիրը»:

«Այսօր-պլյուս» անկախ ֆիլմարտադրության հիմնադիրների խոսքերով, ժամանակները փոխվել են, եւ անկախ պետության դերն է օժանդակել հենց անկախ կինոարտադրությանը, որպեսզի ստեղծվի առողջ մրցակցություն, ինչպես ողջ աշխարհում է: «Մեր պետությունը, տվյալ դեպքում՝ մշակույթի նախարարությանը պատկանող «Կինոկենտրոնը» պետք է առաջնորդի հայկական կինոյի զարգացման ընթացքին եւ դա անի ոչ թե նախկին տոտալիտար մեթոդներով, ինչպես հիմա, այլ ազատականացնի ոլորտը, որն էլ կբերի ցանկալի արդյունքի: Չէ՞ որ կինոն իր մեջ խտացնում է ազգի ողջ մշակույթը եւ ունի գաղափարական հզոր ուժ՝ ներկայացնելու երկիրը: Աշխարհի հզոր պետությունները ջանք ու միջոց չեն խնայում աջակցելու իրենց կինոոլորտի առաջընթացին»,- ասաց Ա. Ազատյանը: Ն. Մկրտչյանն էլ, շարունակելով գործընկերոջ միտքը, խոսեց ֆրանսիական մոդելի մասին, որն աշխարհում համարվում է լավագույն կինոհամակարգը. «Ֆրանսիայում կինոցուցադրումների 94%-ը կազմում է հենց ֆրանսիական կինոն, իսկ, օրինակ, արտերկրյա, հատկապես հոլիվուդյան արտադրանքը ցուցադրելու համար նշանակված են բարձր հարկեր: Դրանով Ֆրանսիայի «CNC»-ը (տեղի ազգային կինոկենտրոնն է) խթանում է ազգային կինոյի զարգացմանը: Ընդ որում, «CNC»-ը Ֆրանսիայի մշակութային նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնադրամ է, որն աջակցում է անկախ ֆիլմարտադրողներին: Ոչ Ֆրանսիայում եւ ոչ էլ աշխարհում գոյություն չունի ֆիլմերի պետական արտադրություն: Մի կարեւոր հանգամանք եւս. յուրաքանչյուր տարի փոխվում է կինոնախագծեր ընտրող կինոխորհրդի կազմը, էլ չխոսենք կինոթատրոնների համակարգի մասին, որը մեզանում պարզապես փոշիացվեց (մինչեւ 1988թ. Հայաստանում գործում էր շուրջ 90, Երեւանում՝ 22 կինոթատրոն, այսօր դրանցից մնացել է ընդամենը 2-ը)»: Ա. Ազատյանն էլ հավելեց. «Առանց կինոթատրոնների հնարավոր չէ իրականացնել կինոյի «առողջացման» համալիր ծրագիր: Ի վերջո, մեր պետությունը պետք է ստեղծի պայմաններ սեփական արտադրությունը իրականացնելու, առաջին հերթին՝ սեփական երկրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել