Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 10,2009 00:00

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԻ ՎՐԱ

Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան Էրոսի Կիծմարիշվիլին պահանջեց քրեական գործ հարուցել Վրաստանի ՆԳՆ գեներալ Իրակլի Կոդուայի դեմ: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նախկին դիվանագետը պնդում է, որ անցած հանգստյան օրերին Գուդաուրի հանգստավայրում հրապարակավ ծեծվել է գեներալի եւ նրա ընտանիքի անդամների կողմից: Կիծմարիշվիլին օգնություն է խնդրել Վրաստանի օմբուդսմենից, քանի որ հանրապետության ՆԳՆ-ում որեւէ ձեւով չեն արձագանքել նրա բողոքին: Տուժածը նաեւ տեղյակ է պահել արտասահմանյան դիվանագետներին: Կիծմարիշվիլին դեսպան էր նշանակվել անցած տարվա գարնանը, սակայն օգոստոսյան պատերազմից հետո հետ է կանչվել, իսկ այնուհետեւ հեռացվել դիվանագիտական աշխատանքից: 2008-ի աշնանը նախկին դիվանագետը հայտարարեց, որ անցնում է ընդդիմության շարքերը եւ մեղադրեց երկրի իշխանություններին՝ Հարավային Օսեթիայի կոնֆլիկտը կանխելու անկարողության մեջ: Կոդուան իր հերթին հայտնի է դարձել 2007-ի վերջին, երբ հայտարարել էր, որ նախագահի թեկնածու Բադրի Պատարկացիշվիլու նախընտրական շտաբի պետը փորձում էր իրեն անդամագրել պետական հեղաշրջում կատարող խմբի մեջ:

ԻՍՐԱՅԵԼԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԲՌՆԱԲԱՐՈ՞Ղ

Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին մեղադրանքներ են առաջադրվելու մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ բռնաբարության վերաբերյալ: Ըստ BBC-ի՝ դա հայտարարել է երկրի արդարադատության նախարարությունը: Ըստ մեղադրանքի, Կացավը սեռական հետապնդումներ էր իրականացնում եւ նույնիսկ կատարել է բռնաբարություն այն ժամանակ, երբ զբաղեցնում էր տուրիզմի նախարարի, իսկ այնուհետեւ՝ նախագահի պաշտոնը: Երկրի իրավապահները եկան այն եզրակացության, որ Կացավի նախկին աշխատակցուհիների բողոքներն արժանահավատ են եւ կարող են մեղադրանքի հիմք հանդիսանալ: Արդարադատության նախարարության հայտարարության մեջ չի ասված, թե երբ են նախկին նախագահին ներկայացվելու պաշտոնական մեղադրանքները: 2007 թվականին այդ նույն ամբաստանությունների ճնշման տակ Կացավը հրաժարական է տվել, հայտարարելով, սակայն, որ զրպարտանքի զոհ է դարձել: Անցած տարի Իսրայելի նախկին նախագահը հրաժարվեց գործարքի գնալ պետության հետ, ըստ որի՝ դատախազությունը համաձայնում էր հրաժարվել բռնաբարության մեղադրանքից՝ այն դեպքում, եթե Կացավն ընդունում էր իր ավելի թեթեւ մեղքերը: 2007-ից ի վեր Իսրայելի նախագահի պաշտոնն է զբաղեցնում 83-ամյա Շիմոն Պերեսը:

«ՓՈՂԸ ՄԻ ՕՐՈՒՄ ՉԻ ԱՐԺԵԶՐԿՎՈՒՄ»

Լիտվայի իշխանամետ կուսակցություններից մեկի ղեկավար, Վիլնյուսի նախկին քաղաքապետ Արթուրաս Զուոկասը երեկ կոչ արեց քաղաքական գործիչներին՝ ձեռնպահ մնալ ազգային տարադրամի վերաբերյալ երկիմաստ եւ անպատասխանատու հայտարարություններից: Ըստ «Ռեգնումի»՝ քաղաքական գործիչը համոզմունք է հայտնել, որ նման մեկնաբանությունները վարկաբեկում են իշխանություններին եւ սասանում են բնակչության վստահությունը: Ըստ Զուոկասի. «Ազգային տարադրամը չի կարող արժեզրկվել մեկ գիշերում, ինչպես նաեւ փոխարինվել մեկ այլ տարադրամով»: Բանն այն է, որ Լիտվայում լուրեր էին տարածվում, թե կիրակի գիշեր լույս երկուշաբթի կառավարությունը գաղտնի ձեւով փոխարինելու է ազգային դրամը՝ լիտը, եվրոյի: Զուոկասի խոսքերով, չի կարելի բնակչության մեջ խուճապային տրամադրություներ սերմանել: Թե ով է զբաղվում նման տրամադրություններ սերմանելով, այժմ փորձում են պարզել Լիտվայի հատուկ ծառայությունները, սակայն փաստ է, որ անցած հանգստյան օրերին բնակչությունը պարզապես գրոհել է բանկերը եւ արդյունքում փոխանակման կետերում եվրոներն իսպառ վերացել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել