Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 10,2009 00:00

Խոսեցին նաեւ ցեղասպանության մասին

\"\"Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ Հայոց ցեղասպանության թեման: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ հայտնել է Ա. Բաբաջանը: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է. «Միացյալ Նահանգների ղեկավարությունը հստակ ըմբռնում է, որ սա մեզ համար ցավոտ հարց է: Դրա հետ մեկտեղ, ես կոչ կանեի Բարաք Օբամային՝ զերծ մնալ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուց: Միացյալ Նահանգների նախագահի այդ քայլը կարող է խոչընդոտել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերին»: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, նշել է, որ իրադարձությունների նման զարգացումը բացառելն անհնար է: «Վտանգը, որ Օբաման կճանաչի այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն, դեռեւս առկա է: Պետք չէ մոռանալ, որ նախընտրական շրջանում նա դա արել է հինգ անգամ»,- հայտարարել է Բաբաջանը:

Խոսելով պաշտոնական Երեւանի եւ Անկարայի շփումների մասին, Բաբաջանը նշել է. «Սա շարունակական գործընթաց է, որը սկիզբ է առել դեռ 2007 թվականի սեպտեմբերին: Ճիշտ է, մեկ տարի շարունակ հայկական կողմի խնդրանքով այն ընթանում էր գաղտնիության պայմաններում»: NTV-ին տված հարցազրույցում Ալի Բաբաջանը հույս է հայտնել, որ հայ-թուրքական տարաձայնությունները չեն խոչընդոտի Անկարայի եւ Վաշինգտոնի գործակցությանը: «Նունիսկ այս ցավոտ հարցի շուրջ մենք ամերիկացիների հետ շփվում ենք առանց որեւէ դժվարության»,- հայտարարել է Ա. Բաբաջանը՝ ընդհանուր առմամբ բավական բարձր գնահատելով Հիլարի Քլինթոնի այցի արդյունքները:

Տարաձայնությունները մնում են

Կիրակի օրը Ժնեւում տեղի ունեցան բանակցություններ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ: Ինչպես նշում է «Կոմերսանտ» թերթը, բանակցությունների հիմնական նպատակն էր նախապատրաստել 2 նախագահների հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 2-ին:

Բանակցությունների օրակարգը բաժանվել էր 2 մասի. հարցեր, որոնց վերաբերյալ չկան սկզբունքային տարաձայնություններ՝ պայքար ահաբեկչության եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ, եւ խնդրահարույց թեմաներ, որպիսիք են ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգը Եվրոպայում եւ Իրանում: Հանդիպումից առաջ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ վերոհիշյալ հարցերում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պահպանվում են լուրջ տարաձայնություններ, դրանց Քլինթոնն ավելացրեց նաեւ Վաշինգտոնի մտահոգությունն առ այն, որ Ռուսաստանը օգտագործում է էներգետիկ խնդիրները՝ որպես այլ երկրներին սպառնալու գործիք, նաեւ դատապարտեց ՌԴ-ի գործողությունները Վրաստանում: Միեւնույն ժամանակ Քլինթոնը լավատեսորեն հայտարարեց, որ 2 երկրները, այնուամենայնիվ, կարող են դառնալ գործընկերներ: Կրքերը փոքր-ինչ հանդարտեցնելու համար, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ իրականացնել հակահրթիռային պաշտպանությունը: Ռուսաստանյան ԱԳՆ-ում դրան պատասխանում են, որ ընդհանուր առմամբ դեմ չեն այդ գաղափարին, սակայն այդ դեպքում ամերիկյան հակահրթիռային օբյեկտներում պետք է լինեն իրենց դիտորդները:

Դատարկ կաթսաների ցույցը

\"\"Մարտի 8-ին ռուսաստանյան Կիրով քաղաքում տեղի ունեցավ դատարկ կաթսաների երթը: Մոտ 100 հոգի կաթսաներով, շերեփներով եւ գդալներով անցան քաղաքի կենտրոնով եւ մոտեցան քաղաքապետարանի շենքին: «Ազատություն» ռադիոկայանին ցույցի մասնակիցներն ասացին հետեւյալը. «Մենք եկել ենք այստեղ մեր բողոքն արտահայտելու իշխանության սոցիալական քաղաքականության դեմ: Կառավարությունն օգնում է միայն բուրժույներին, իսկ ժողովրդի կաշին քերթում են: Բարձրանում են բոլոր գները՝ մթերքների եւ առանձնապես՝ դեղերի»,- ասաց մի տնային տնտեսուհի: Իսկ ցույցի մասնակից թոշակառուներից մեկը նշեց. «Ես եկել եմ, որովհետեւ վատ եմ ապրում: Միակ արտոնությունը, որն ունեինք՝ քաղաքային տրանսպորտով երթեւեկելն էր, այն էլ խլեցին: Դատարկ կաթսաները զգուշացում են իշխանությանը, որ ժողովուրդն այլեւս կորցնելու բան չունի»:

Երթին մասնակցում էր մի մարդ՝ զինված մեծ թմբուկով: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է նա բերել երաժշտական գործիքը, ցուցարարը նշեց, որ ուզում է գրավել իշխանությունների ուշադրությունը, որովհետեւ նրանք կույր են, համր են եւ խուլ՝ ժողովրդի հետ շփվելիս: Հանրահավաքում ելույթ ունեցավ ՌԴ Կոմկուսի ներկայացուցիչը: «Հեղափոխությունը մենք չենք սկսում: Հեղափոխությունը սկսում է այն կյանքը, որը մեզ առաջարկում են»,- ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել