Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմությունը՝ պաստառում

Մարտ 10,2009 00:00

Պաստառները նախատեսված են ոչ միայն աշակերտների, այլեւ բոլոր քաղաքացիների համար

«Վճռորոշ ճակատամարտեր», «Հայաստանի մայրաքաղաքներ», «Դիվանագիտական ձեռքբերումներ», «Միջնադարյան համալսարաններ», «Նահապետ-թագավորներ». սրանք այն պաստառների խորագրերն են, որոնք ստեղծել են անհատ հեղինակները, եւ ԿԳՆ-ի միջոցով ուղարկվել ՀՀ հանրակրթական դպրոցներ:

Հետագայում մասնագետները նպատակ ունեն ընդլայնել թեմատիկան: Այս նախաձեռնության հեղինակներից է նաեւ պատմաբան, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը: «Մեր իրականության մեջ նորություն է այն, որ տեսական նյութը զուգակցվում է դիդակտիկ՝ դիտողական պատկերների հետ: Փորձը ցույց է տալիս, որ ուսումնադիտողական նյութերի առկայությունն ավելի արդյունավետ է, քան հաստափոր գրքերինը»,-ասաց նա: Նախաձեռնության հեղինակները որոշել են աշակերտներին հաղորդակից դարձնել մեր պատմության հատկապես հաղթակն էջերին: Ըստ էության՝ պաստառներից կարող են օգտվել ոչ միայն աշակերտները, այլեւ՝ քաղաքացիները, զինվորները, Սփյուռքի մեր հայրենակիցները: Պարոն Ղանդիլյանը նկատեց. «Պաստառներում ներկայացված նյութերն ընդգրկում են տարբեր ժամանակահատվածներ, բայց բովանդակային ուղղվածությամբ ներկայացնում են մեկ միավոր: Օրինակ՝ այդտեղ կարելի է հաղորդակից դառնալ 4-րդ դարից՝ Ձիրավի ճակատամարտից մինչեւ մեր օրեր՝ Շուշի, 5-րդ դարի Նվարսակի պայմանագրից մինչեւ Բիշքեկյան արձանագրություն, իսկ միջնադարյան համալսարաններից պաստառներում փորձել ենք ներկայացնել այնպիսիք, որոնք համեմատաբար քիչ են հայտնի լսարանին, օրինակ՝ Դրազարկը, Գոշավանքը եւ այլն: Պատրաստվել է նաեւ պաստառներից օգտվելու համար մեթոդական ուղեցույց: Բայց մյուս կողմից՝ պաստառներն օգտակար են ոչ միայն տվյալ ժամանակաշրջանին վերաբերող դեպքերը ներկայացնելու, այլեւ՝ դասագրքից սովորած գիտելիքն ամրապնդելու, իսկ վատ սովորածը` լրացնելու համար: Ցանկալի է, որ պաստառները, դասասենյակներից բացի, տեղադրված լինեն նաեւ դպրոցների միջանցքներում, այսինքն՝ աչքի առաջ»: Վ. Ղանդիլյանի կարծիքով՝ այս նախաձեռնությունը նաեւ հակահարված է մեր պատմության այս կամ այն կարեւորագույն իրադարձությունները կասկածի տակ դնող՝ ամերիկյան շրջանակներից եկող աժիոտաժին. «Կասկածի տակ է դրվում քրիստոնեության ընդունման 301 թվականը, խոսվում է հայերի՝ իբր եկվորության մասին, վարկաբեկում են մեր մեծերին: Չի կարելի անզգույշ վերաբերվել ծագումնաբանությանը, պատմական կարեւորագույն իրադարձություններին, ազգի մեծերին եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել