Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԶԼՄ-ՆԵՐԸ ՉԵ՞Ն ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎՈՒՄ

Մարտ 10,2009 00:00

\"\"Հայաստանում պետական մարմինների կողմից լրատվամիջոցների հավատարմագրման գործընթացը կարգավորվում է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգով:

Օրենքում հստակ ամրագրվում են հավատարմագրումը մերժելու սպառիչ հիմքերը, սակայն որոշ գերատեսչություններ հրաժարվում են հավատարմագրել հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցներին: Թեեւ, «Ա1+»-ի գլխավոր պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանի բնորոշմամբ, «Ա1+»-ը ոչ թե ընդդիմադիր, այլ հավասարակշռված, ազատ լրատվամիջոց է, այնուամենայնիվ, հավատարմագրման հետ կապված որոշակի խնդիրներ առաջանում են: «Նախագահի աշխատակազմում հավատարմագրվելը մեզ համար մի մեծ պատմություն է: Սկսած 2005-ից՝ մեզ չեն հավատարմագրում: Հազվադեպ են դեպքերը, երբ իրենք են զանգում, տեղեկացնում: Նման դեպքերում ոգեւորված գնում ենք, պարզվում է՝ հարց տալու հնարավորությունը շատ քիչ է կամ ընդհանրապես չկա»,- ասում է Ս. Օհանջանյանը:

«Մեզ համար որպես փակ կառույց եղել եւ մնում է նախագահի աշխատավայրը: Մեզ երբեք չեն հավատարմագրել, միջոցառումներին չեն հրավիրել: Մամուլի ասուլիսին մասնակցելու հայտ ենք ներկայացրել՝ մերժել են»,- ասում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը:

Ի տարբերություն ընդդիմադիր լրատվամիջոցների՝ մյուսներն այս հարցում որեւէ խնդիր չեն ունենում: «Յուրաքանչյուր տարի հիմնարկները տեղեկացնում են, որ անցկացնում են հավատարմագրում: Փաստաթղթերն ու լուսանկարը ներկայացնում ենք, ստանում հավատարմագրման քարտ: 10 տարվա ընթացքում երբեւէ խնդիրներ չեն առաջացել. պահպանել ենք բոլոր չափանիշները»,- ասում է «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

ՀՀ կառավարության կողմից ընդունված «Պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի» 9-րդ կետը սահմանում է, որ հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող, երկու լուսանկարիչ կամ ձայնագրման երկու օպերատոր: Երբեմն լրատվամիջոցները դժգոհում են՝ ասելով, որ երկու լրագրողը բավարար չէ իրենց աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար, եւ որ սա որոշակի ձեւով սահմանափակում է իրենց աշխատանքը: «Վատ է, որ, օրինակ, ԱԺ-ում կարող ես ունենալ ընդամենը երկու լրագրող, եւ եթե մեկը երկրից դուրս է գտնվում, մյուսն էլ այլ միջոցառման է, ուրիշին ուղարկել չես կարող՝ զրկվելով տվյալ միջոցառումը լուսաբանելու հնարավորությունից»,- ասում է «Ա1+»-ի գլխավոր պրոդյուսերը: «Կարծում եմ, ԱԺ-ում ավելի տեղին կլինի «շրջիկ» հավատարմագրումը: Լրատվամիջոցն ինքը կորոշի, թե միջոցառումն ով պետք է լուսաբանի: Քանի որ ես չունեմ հավատարմագիր ԱԺ-ում, պետաիրավական հարցերին առնչվող քննարկումներին չեմ կարող ներկա լինել: Լավագույն դեպքում կարող եմ չհղկված օրենքները ստանալ, տալ իմ մոտեցումը: Ժամանակին ԱԺ-ում կար «շրջիկ» հավատարմագիր տալու երեւույթը, եթե քեզ թեման հետաքրքիր էր, ստանում էիր հավատարմագիր՝ հնարավորություն ունենալով եռօրյան լուսաբանելու»,- ասում է «Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ կետն ամրագրում է, որ որեւէ մարմնում հավատարմագրված բոլոր լրագրողների համար աշխատանքի պայմանները պետք է լինեն նրանց աշխատանքին նպաստող եւ ոչ խտրական՝ ողջամտության սահմաններում: «Մեր հանձնաժողովի կարգի համաձայն՝ նիստն սկսվելուց հետո ոչ ոք չի կարող ընդհատել հանձնաժողովի աշխատանքը, սակայն լրագրողների գործունեությունը ավելի հարմարավետ դարձնելու նպատակով ընդունել ենք որոշում, ըստ որի՝ նրանք կարող են նիստը սկսվելուց հետո ցանկացած պահի մտնել եւ աշխատել»,- ասում է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը:

«Հավատարմագրման գործընթացների հետ կապված որեւէ խնդիր չի առաջացել, սակայն հավատարմագրումը դեռ չի նշանակում, որ լրագրողի առաջ բաց են բոլոր դռները: Հայաստանում շատ դժվար է պետական կառույցների հետ աշխատելը, ինֆորմացիա ստանալը: Հավատարմագրումը դեր չի խաղում, անկախ նրանից՝ հավատարմագրվա՞ծ ես թե՝ ոչ, ինֆորմացիա ստանալու համար դու նույն ճանապարհն ես անցնում»,- ասում է «Հայկական ժամանակի» տնօրեն Աննա Վ. Հակոբյանը:

«2008թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդման արարողության ժամանակ մեզ չէին հրավիրել: Մինչդեռ դա համարվում էր ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ տեղի էր ունենալու երդման արարողություն: Թվում էր, հավատարմագրված լինելով խորհրդարանում, պետք է հանգիստ կարողանայինք ներկա լինել»,- ասում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տնօրենը: Այդ նիստին ներկա չեն եղել նաեւ «Հայկական ժամանակի», «Առավոտի», «Ա1+»-ի լրագրողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել