Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ քննությամբ չեն զբաղվում

Մարտ 10,2009 00:00

Բայց ժամկետները երկարացնում են

Ուզում եմ անդրադառնալ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողուհուն տված հարցազրույցում իմ ասածներին, որոնք առայսօր ոչ մի թերթում չեն լուսաբանվել: Իմ երեք պնդումների աղբյուրը եվրոպաբնակ «իմ բարեկամն» է, իսկ չորրորդը, որ ամենակարեւորն է՝ հենց իմ ասածն է:

Ես հայտնել եմ՝

ա/ Ս. Սարգսյանի դեմ հավանական մահափորձի,

բ/ տնտեսական մեքենայությունների եւ բանկային գաղտնի հաշիվների, օֆշորային գոտում գրանցված ընկերների,

գ/ Ս. Սարգսյանի պաշտոնից հրաժարվելու մասին:

ԱԱԾ քննչական բաժինը ցանկացել է իմանալ, թե ով է եվրոպացի բարեկամս: Ես առաջարկել եմ ինձ թույլատրել հեռախոսով կապվել իր հետ, որ իր դիրքորոշումը ճշտել կարողանամ, սակայն ինձ արգելել են որեւէ քայլ կատարել այդ ուղղությամբ:

Չորրորդ տվյալը վերաբերում էր մարտի 1-2-ի արյունալի դեպքերի ժամանակ Երեւանում գտնվող Արցախից բերված (զինված) ուժերին, որոնց մաս կազմող ազնիվ ու հայրենասեր սպաների շնորհիվ էլ անձամբ ես Ազատության հրապարակից դուրս եմ հանվել եւ տարվել իրենց իջեւանած կայազորի տարածք:

Սակայն ինձ նշված երեք հարցերի առթիվ թեկուզ ձեւական հարց չի տրվել, եւ նոյեմբերի 7-ին իմ ձերբակալման որոշումը կայացնողները եւս չէին հասկանում, թե ի՞նչ հիմքերով պիտի կարողանան կալանավորմանս «օրինական տեսք» տալ ու առաջին պահին հազիվ կես ժամ տեւած հարցաքննությունից առայսօր ինձ հետ ոչ մի նախաքննության աշխատանք չի կատարվել: Այս ընթացքում երկու անգամ դատարանը իմ երկամսյա ժամկետով կալանավորման որոշումն է կայացրել եւ ինչ ԱԱԾ քննիչը եւ ինչ էլ նախագահող տիկին դատավորը ոչ մի կերպ չեն կարողացել իմ մասով ընտրված «խափանման միջոց կալանքը» ըստ տրամաբանության պատճառաբանել, սակայն իրենց «պատվիրվածի» համաձայն, հեռախոսազանգով ստացված հրահանգին ենթարկվեցին: Եվ, ցավոք սրտի, ես «չերեւացող» մի ձեռքի ձեռագրով շարունակում եմ ազատազրկված մնալ, երբ ըստ օրենքի՝ գրավ, ստորագրություն չհեռանալու մասին, անձնական երաշխավորություն, կազմակերպության երաշխավորություն նախատեսած որեւէ դրույթի կիրառմամբ, խափանման միջոցի փոփոխմամբ կարող եմ եւ հենց վաղն էլ ազատ արձակվել:

Ահա եւ ոդիսականիս վերջը հասանք, իմ գտնված բանտախցում 4 հատ մահճակալ կա, որոնցից միայն իմն է զբաղված, մնացած երեքը ազատ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել