Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԿԱՊԱՆՈՒՄ

Մարտ 10,2009 00:00

\"\"Հայ-ադրբեջանական հակամարտության ակունքներում

«Մենք փախել ենք Կապանից». 1988-ի փետրվարի 26-ին Սումգայիթի հրապարակում հավաքվածներին ասել է երկարուկ երեսով, բարակ բեղերով ադրբեջանցին, ով եղել է նաեւ հանրահավաքի ղեկավարը: Նա պատմել է, թե Կապանից է փախել, այնտեղ հայերը իբր սպանել են իր եւ կնոջ հարազատներին: Հաջորդ օրը պատմություններին ավելացել են նորերը. հայերն իբր ներխուժել են հանրակացարան, բռնաբարել ադրբեջանցի աղջիկներին: Իրեն կապանցի ներկայացրած ադրբեջանցին կոչ է արել. «Հայե՛ր, դուրս ադրբեջանական հողից, մա՛հ հայերին»:

Ադրբեջանական աղբյուրներում կան պնդումներ, համաձայն որոնց՝ հայերի ու ադրբեջանցիների միջհամայնքային բախումները սկսվել են 1988թ. փետրվարյան ցույցերից առաջ: Ըստ այդ պնդումների՝ ադրբեջանցի փախստականների առաջին խմբերը՝ շուրջ 4000 մարդ, Ադրբեջան են հասել հունվարի 25-ին, փետրվարի 18-ին, ապա 23-ին եւ նրանց մեծ մասը հաստատվել է Սումգայիթի շրջակայքում: Պատմաբան Արիֆ Յունուսովը (մորական կողմից՝ հայ) հետեւողականորեն պնդում է, թե Հայաստանից ադրբեջանցիների արտաքսումը սկսվել է Սումգայիթի ջարդերից ոչ թե ութ ամիս անց, այլ ավելի վաղ՝ 1987թ. նոյեմբերին:

Աշոտ Մանուչարյանը ժամանակին փորձել է պարզել՝ մինչեւ Սումգայիթի ջարդը Կապանից եւ Մեղրիից ադրբեջանցիները հեռացե՞լ են. «Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ բռնություն չի եղել ընդհուպ մինչեւ 1988թ. նոյեմբերը: Երբ Կիրովաբադում նոյեմբերի 22-ին տեղի ունեցան հայկական ջարդեր, փախստականների հոսքը գալիս էր Վանաձորով, Սպիտակով, եւ այդ հայ փախստականների զայրույթը թափվել էր տեղի ադրբեջանցիների վրա»:

Հանգուցյալ Համբարձում Գալստյանը իր հոդվածներից մեկում գրում է. «1988թ. փետրվարի 15-ի եւ 25-ի միջեւ՝ տասն օրվա ընթացքում, հիմնականում Մեղրիի եւ Կապանի շրջաններից մի քանի հարյուր ադրբեջանցիներ կազմակերպված կերպով մեկնեցին Ադրբեջան: Նրանց ճնշող մեծամասնությունը հանրապետության ղեկավարության կողմից տեղավորվեց Սումգայիթ քաղաքում, եւ հենց սրանք էլ դարձան Սումգայիթում կատարված հակահայկական վայրագությունների հիմնական հրահրողներն ու կատարողները»:

Գալստյանը շարունակում է. «Ո՞րն էր պատճառը, որ երբ Կապանից եւ Մեղրիից եկած կեղծ գաղթականները պատմում էին Հայաստանում իրենց նկատմամբ թույլ տրված վայրագությունների, սպանությունների ու բռնությունների, մորթված նորածինների ու Բալաջարի կայարանում անդամահատված դիակներով լեցուն վագոնների մասին, Սումգայիթում չգտնվեցին պատասխանատու անձինք, որոնք մարդկանց կարող էին փաստերով ապացուցել, որ «գաղթականների» պատմածներն իրականությանը չեն համապատասխանում»: Գալստյանը պնդում է, որ ադրբեջանցիների զանգվածային գաղթ Հայաստանից սկսվել է 1988թ. աշնանը, որը ժամանակագրական առումով հաջորդել է Ադրբեջանի հայաբնակ շրջաններում ընթացող հայկական ջարդերին ու արդեն պետական մակարդակով անցկացվող տեղահանությանը:

Բրիտանացի Թոմաս դե Վաալը գրում է, որ 1987թ. նոյեմբերին Կապանից Բաքվի երկաթուղային կայարան են հասել երկու բեռնատար վագոններ եւ շատ քիչ բան է հայտնի այս միջադեպի մասին, մամուլում ոչինչ չի գրվել, բայց կան կատարվածի ականատեսներ: Սվետա Փաշաեւան՝ բաքվեցի մի հայ այրի, Վաալին պատմել է, թե ինչ վիճակում է տեսել փախստականներին. «Մարդիկ եկան եւ ասացին, որ Կապանից եկել է երկու վագոն՝ բոկոտն, մերկ երեխաներով, եւ մենք գնացինք տեսնելու: Նրանք կապանցի ադրբեջանցիներ էին: Ես կայարանում էի: Երկու բեռնատար վագոն էր: Դռները բաց էին՝ մեխված երկու երկար տախտակներով, որ մարդիկ ցած չընկնեին: Ասացին՝ ով ինչ կարող է թող բերի նրանց օգնելու համար: Ես, ոչ միայն ես, շատ մարդիկ, հավաքեցինք երեխաների հին հագուստ, այլ բաներ: Իմ աչքով եմ տեսել, կեղտի մեջ կորած գյուղացիներ էին՝ երկար մազերով եւ մորուքներով, տարեցներ, երեխաներ»:

Ինչո՞ւ էին կապանցի «երկար մազերով եւ մորուքներով տարեցները, երեխաները» արտաքսվել Կապանից, որտե՞ղ էին նրանց որդիներն ու հայրերը: Պատճառ պե՞տք է լիներ, որ նրանք դուրս քշվեին իրենց տներից: Եթե՝ այո, ապա ո՞րն էր: Մինչեւ օրս ոչ Վաալը, ոչ Յունուսովը կամ մեկ այլ ադրբեջանցի չի մեջբերել որեւէ կոնկրետ ադրբեջանցու, ով մինչեւ Սումգայիթի ջարդերը քշված լիներ Հայաստանից:

Ժորա Մկրտչյանը մինչեւ 1992թ. եղել է Կապանի երկաթուղային կայարանի պետը, սակայն նախքան Սումգայիթը՝ չի հիշում գեթ մեկ ադրբեջանցու, որ տեղահանված լիներ. «Ջարդից հետո միայն, երբ խառնաշփոթությունն ընկավ, ադրբեջանցիները սկսեցին տեղափոխվել: Նրանք գնում էին Կապան-Բաքու գնացքով: Շատերն էլ մեքենաներով էին գնում»:

Գրիգոր Հարությունյանը 1987-1990թթ. եղել է Մեղրիի շրջխորհրդի գործկոմի նախագահը: Նա պնդում է, որ միայն Սումգայիթի դեպքերից հետո են ընտանիքներով շրջանից սկսել հեռանալ ադրբեջանցիները: Հարությունյանը բացառում է, որ 1987թ. Մեղրիի շրջանից ադրբեջանցիները կարող էին ընտանիքներով հեռանալ Ադրբեջան, եւ ինքն այդ մասին տեղյակ չլիներ. «Սումգայիթից հետո Մեղրիից եւ Քաջարանից որոշ ադրբեջանցիներ երկյուղից գնացել են հարեւան Նախիջեւան եւ Զանգելանի շրջան, բայց կրկին վերադարձել: Որոշ ժամանակ անց նրանք սկսեցին բնակարանները փոխանակել: Արդեն գործընթացը սկսվել էր. ո՛չ ադրբեջանցիներն էին ուզում մնալ Հայաստանում, ո՛չ հայերը՝ Ադրբեջանում: Մեղրիի շրջանում ոչ մի ադրբեջանցու քիթ չի արյունոտվել, իսկ Նյուվադին եղել է վերջին ադրբեջանական գյուղը Հայաստանի տարածքում, որտեղից հեռացել են ադրբեջանցիները»:

Կապանում եւս ադրբեջանցիների հեռանալու ընթացքում ոչ մի ադրբեջանցի չի սպանվել: Սակայն՝ որ մինչեւ Սումգայիթի ջարդը հեռացել են տասնյակ ադրբեջանցիներ, իրողություն է: Կապանում առաջին խոշոր հանրահավաքը տեղի է ունեցել 1988թ. փետրվարի 22-ին՝ քաղաքային մարզադաշտում: Պատմում է Արամայիս Բաբայանը. «Մարզադաշտում տեղի ունեցած հանրահավաքից հետո ադրբեջանցիների մոտ երկյուղ զգացվում էր: Հաջորդ առավոտյան, այսինքն՝ փետրվարի 23-ին, մեզ զանգեցին Բաքվից եւ հարցրին, թե ձեր քաղաքացիներն ի՞նչ գործ ունեն Ադրբեջանի տարածքում: Խոսակցությունից պարզվեց, որ այդ նույն գիշերը 276 ադրբեջանցիներ Կապան-Բաքու գնացքով մեկնել են քաղաքից: Նրանց, հավանաբար Մոսկվայի ցուցումով, կանգնեցրել են կես ճանապարհին՝ Աղջաբադի տարածքում եւ պահանջել, որ վերադառնան իրենց տները»:

Ա. Բաբայանը, շրջկոմի առաջին քարտուղար Ռոլանդ Ղոնյանը, այլ ղեկավարներ մեկնում են Զանգելանի սահման, իրենց հետ տարած երեք ավտոբուսներով հետ բերում երկու օր առաջ Կապանից հեռացած ադրբեջանցիների մի մասին: Կատարվածի արձագանքը շատ արագ հասնում է Կենտրոնական կոմիտե: Մոսկվայից Կապան ժամանած ներկայացուցիչներն ադրբեջանցիների համար ընդունելություն են կազմակերպում, լսում են նրանց:

Արամայիս Բաբայանը մեզ տրամադրեց Բաքու-Կապան-Բաքու մարդատար գնացքի (թիվ 672-671) ադրբեջանցի ուղեւորների ցուցակը, որոնք փետրվարի 22-ին դուրս են եկել Կապանից: Այս ցուցակում, որ ադրբեջանական կողմն է կազմել եւ ներկայացրել Կապանի շրջանի ղեկավարությանը, ներառված է 276 մարդու անուն: Նրանց մի մասը՝ մոտ 100 մարդ, երեք ավտոբուսով վերադարձել էր Կապան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել