Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 10,2009 00:00

Թարմ կաթ՝ դպրոցականներին

\"\"Ստեփանակերտի թիվ 12 դպրոցի 161 աշակերտներ ամեն օր երկար դասամիջոցին համտեսում են ղարաբաղյան ծաղկի բուրմունքով զուլալ կաթ: Այս բարեգործական ակցիան նախաձեռնել է «Առաջնեկ» ՓԲԸ հիմնադիր Սերգեյ Ենգիբարյանը, շարունակում են նրա զավակները: Հենց ընկերությունն է ամեն առավոտ իր մեքենայով դպրոց հասցնում իր արտադրած թարմ կաթը:

«Առաջնեկի» լաբորատորիայի աշխատակից Ի. Պետրոսյանն ասում է, որ իրենք մեծ հաճույք են ապրում, տեսնելով, թե ինչ ախորժակով են փոքրիկները խմում կաթը, մանավանդ որ՝ դպրոցում բուֆետ չկա եւ երեխաները ուրիշ դպրոցների աշակերտների պես դպրոցում ընդմիջում անելու հնարավորություն չունեն: Ստեփանակերտի թիվ 12 դպրոցի գերազանցիկ աշակերտուհի փոքրիկ Կարինեն անգամ երգ է ձոնել կաթին. «Էնքան լավը, էնքան անուշ, խմես՝ դառնաս պուպուշ-մուպուշ»:

ԱՐՓԻ ՎԱՆՅԱՆ

Մարզպետներին «կչափեն»

Հանգստյան օրերին ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Դիլիջանում առանց փողկապի հանդիպման է հրավիրել բոլոր մարզպետներին: Խոսել են տարբեր հարցերից: Մասնավորաբար, Արմեն Գեւորգյանը հիշել է ՀՀ նախագահի նախընտրական հադիպումների ընթացքում տրված խոստումների իրականացման մասին եւ առաջարկել «մեկ անգամ եւս գույքագրել բոլոր այն խոստումները, որոնք ընդգրկված չեն որեւէ ծրագրում, եւ դրանք նախատեսել 2010 թվականի բյուջեով, միաժամանակ՝ հետեւել դրանց որակյալ եւ ժամանակին իրականացմանը»:

Նախագահը, օրինակ, առաջարկել էր մշակել մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչներ: Դրանք մշակված են: Չափորոշիչներ են ընտրված մարզի համայնքների բյուջեների կատարումը, մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքությունը, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքները, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալը եւ այլն: Մարզպետները առավելագույնը 100 միավոր կարող են հավաքել: Արմեն Գեւորգյանի հրամանով սահմանվել է, որ «մինչեւ 60 միավորը գնահատվում է անբավարար, 60-85-ը՝ բավարար, 85-ից բարձր՝ լավ»:

Կիսամութ պատմություն

«Մի խումբ անկախ լրագրողներ» ստորագրությամբ նամակ ենք ստացել, ուր հեղինակները պնդում են, թե իշխանությունները մտադիր են հետին ամսաթվով հեռարձակման արտոնագիր տալ Լոռու մարզում գործող Լոռի-FM ռադիոկայանին: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ընդունած օրենքով մինչեւ 2011 թվականի վերջը, քանի դեռ ոլորտը թվայնացվում է, հեռուստա-ռադիո հաճախականությունների մրցույթներ չեն լինելու՝ արտոնագրեր չեն տրամադրվելու:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից տեղեկացանք, որ Լոռու մարզում հեռարձակվում են մի շարք ռադիոկայաններ՝ Լոռումիգ, Ռադիոհայ, Հանրային ռադիո եւ այլն, բայց Լոռի-FM անունով ռադիոկայան չկա: Միակ ռադիոկայանը, որ ոչ միայն հեռարձակվում, այլ նաեւ գործում է Լոռու մարզում՝ Լոռումիգն է: Ըստ հանձնաժողովի, այս ռադիոկայանի հեռարձակման արտոնագիրը ուժի մեջ է մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 16-ը: Լոռումիգ ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ հետին թվով արտոնագիր ստանալու կամ ստացած արտոնագրի գործողության ժամկետը փոփոխելու որեւէ քայլ ոչ արել են, ոչ էլ պատրաստվում են անել: «Մենք օրինական արտոնագրով աշխատող ընկերություն ենք»,- հայտարարեց Սամվել Հարությունյանը:

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել