Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ

Մարտ 10,2009 00:00

Ալավերդի համայնքի 2009 թվականի բյուջեից 31,7 միլիոն դրամ է հատկացվել աղբահանությանը: Թե ինչպես են ծախսվում այդ գումարները՝ ալավերդցիներին հայտնի չէ: Բայց հայտնի է եւ տեսանելի, որ քաղաքի թաղամասերի մաքրության վիճակը հիշեցնում է այն փնթի կնոջը, որը մշտապես մաքրում է տան կենտրոնը, երբեք չհիշելով անկյունների մասին: Ալավերդիում մշտապես եւ ցուցադրաբար մաքրվում են Սարահարթ, Սայաթ- Նովա թաղամասերի հրապարակները եւ մի քանի բանուկ փողոցներ: Իսկ Ալավերդու պատկերասրահին եւ «Հայէկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղի շենքին հարող պուրակը, քաղաքի կենտրոնով անցնող երկաթգծին հարող տարածքները, Սայաթ-Նովա թիվ 1 շենքին հարող տարածքները, Սայաթ-Նովա 13, Ալավերդու քաղաքապետարանին պատկանող վարչական շենքի շրջակայքն ու հարող պուրակը, Դեբեդ գետի ափերը եւ առանձին թաղամասերի այլ հատվածներ ամիսներով լեցուն են աղբակույտերով:

Քաղաքում գարշահոտություն է տարածում Սայաթ-Նովա թիվ 1 շենքի կողքին ու թաղամասի աղբարկղերի դիմաց, շուկայի հարեւանությամբ գտնվող կոյուղու բաց դիտահորը, իսկ կեղտաջրերը թափվում են գետը: Իհարկե, դրվատանքի խոսք չենք կարող ասել այն ալավերդցիների ու գետեզրին տեղավորված հիմնարկների հասցեին, որոնք իրենց կենցաղային աղբը նույնպես ամեն օր թափում են գետափերին ու գետի մեջ: Եթե Ալավերդու քաղաքապետարանը հանդուրժում է, որ իր ենթակայության տակ գտնվող «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ն քաղաքի աղբը աղբատար մեքենաների միջոցով, օրը մի քանի անգամ թափի Դեբեդը, ապա ումից պետք է քաշվեն հիմնարկ-ձեռնարկություններն ու շարքային քաղաքացիները: Համայնքի բյուջեի հատկացումների նպատակային ու թափանցիկ ծախսումը, պարզվում է, Ալավերդու քաղաքապետարանի համար դեռեւս պատվի ու խղճի խնդիր չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել